Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Ազատ ամբիոն

Աշխարհի ամենագողտրիկ դրախտավայրը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Արցախը Հայաստանին կապող «միջանցքով» անցուդարձը կարճ տեւեց, հուսամ՝ ոմանց համար դաս կդառնա, որ  խուսափեն այս կամ այն պատրվակի տակ Արցախից հեռանալուց։

Ովքեր Հայաստանում եւ այլուր հանգստանալ են ուզում՝ մոռանան անցած անհոգ օրերը, կարճ ասած՝ աշխարհի ամենալավ հանգստյան վայրը Արցախն է, որ մարդու մտքում լինի օրը գեղեցկացնել, այս դրախտավայրում բնության գողտրիկ անկյուն կգտնի։

Չեմ հիշում, որ ինքս ամռանը ինչ-որ տեղ մեկնած լինեմ, թե ինչ է՝ հանգստանում եմ, առայսօր ողջ եւ առողջ եմ, աչքս էլ ուրիշ դրախտավայրերի վրա չէ… Ուրախ եմ, որ ես մենակ չեմ, նույն կարգավիճակում ունենք հազարավորներ։

Ովքեր հնարավորություն ունեն Հայաստանում եւ այլուր բնակություն հաստատելու, բայց այլեւայլ պատրվակներով լքել կամ ուզում են լքել Արցախը, հիշեն, որ այս երկիրը նույնպես ներսից մաքրվելու կարիք ունի, բայց ափսոս, որ մեզ տեսանելի են դառնում, թե ումից է մաքրվում մեր հայրենիքը։

Մի քանի խոսք՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար այս վերջին օրերին Արցախից դուրս եկածներին։ Եթե ոմանք լուրջ պատճառ չեն ունեցել մեկնելու, բայց «օդափոխության» համար ադրբեջանական անցակետով գնալու նսեմացումն «ըմբոշխնել» են ու նորից պիտի գան, հնարավոր է՝ մի քանի ամիս չկարողանան վերադառնալ, իսկ այդ մասին նախքան գնալը պիտի մտածեին…

 Ըստ պաշտոնական տվյալների՝ այսօր Հաակարի կամրջի մոտ ադրբեջանական առաջխաղացումը, նրանց կողմից հայկական տարածքում ադրբեջանական դրոշի տեղադրումը կասեցվել է մերոնց կողմից։ Փակ է «միջանցքը», դեպի Արցախ հումանիտար  փոխադրումներ չկան, կանգնած է մարդկային «անցուդարձը»։

Ահա այսպես կարճ տեւեց թշնամու «մարդասիրությունը» արցախցիների հանդեպ, անգամ այսօր 29 բուժառուի ետ են վերադարձրել, ովքեր պիտի տեղափոխվեին Հայաստան «Կարմիր խաչի» միջնորդությամբ։

Այս վերջին օրերին ադրբեջանական խայծը կուլ տված արցախցիները ականջներին օղ անեն, որ իրենք ընդառաջել են թշնամու հետ «ինտեգրման» խորամանկ փորձերին` հարվածի տակ դնելով տասնյակ հազարավոր արցախցիների կյանքեր։

Ի գիտություն իշխանությունների՝ ես չէ, որ պիտի նրանց ինչ-որ խոսք ասեմ, երբ իրենք  ամեն ինչ հասկանում են։ Մնում է ամեն իրադարձությունից հետո դասեր քաղել ու չհայտնվել թշնամու հյուսած սարդոստայնում:

 

Նատաշա Պողոսյան
Արցախ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: