Ուկրաինայում շարունակվող պատերազմը ոչ միայն եվրոպական անվտանգության վերջին տասնամյակների ամենածանր ճգնաժամերից է, այլև՝ կարևոր դաս փոքր և միջին պետությունների համար, որոնք գտնվում են հակամարտող աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության գոտիներում։ Հայաստանը պատմականորեն միշտ եղել է կայսրությունների հատման եզրագծում, նաև՝ քաղաքակրթական ճեղքվածքներում, ինչն իր ազդեցությունն է թողել հայերի էթնիկ և կրոնական դիմապատկերի, քաղաքակրթական դիմագծի վրա։ Աշխարհագրական դիրքը փոխելն անհնարին է, և դրանով պայմանավորված՝քաղաքական ընտրությունն էլ պարտադրված է։ Երբ փորձ է արվում այդ իրականությունն անտեսել, ծանրագույն հետևանքներ են առաջանում։
2019 թվականին Ուկրաինան իր Սահմանադրության մեջ ամրագրեց Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցելու ռազմավարական նպատակը։ Դա տեղի ունեցավ Ռուսաստանի հետ ընթացող հակամարտության պայմաններում։
Արդյունքում Ուկրաինայի եվրատլանտյան ձգտումները Ռուսաստանի համար դարձան քաղաքական և ռազմական հակազդեցության առանցքային հետևանքներից մեկը։ Այս հակասությունը Հայաստանի համար առավել արդիական է դարձել 2026 թվականի նոյեմբերին, երբ հանրային քննարկումների առարկա դարձավ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում ԵՄ անդամակցության նպատակի հնարավոր ամրագրումը։
Այդ զարգացումներն առաջադրում են սկզբունքային հարց. որքանո՞վ կարող է Ուկրաինայի փորձը ծառայել որպես նախազգուշացում Հայաստանի համար, և ինչպե՞ս կարելի է խուսափել այն իրավիճակից, երբ երկրի արտաքին քաղաքական նպատակները հակասության մեջ են մտնում նրա իրական, աշխարհագրությամբ պայմանավորված անվտանգային մարտահրավերների հետ։
Ուկրաինայի արկածախնդրությունը
Ուկրաինայի արտաքին քաղաքական կողմնորոշման պատմությունը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական ընտրությունը միայն պետական ղեկավարության քաղաքական ցանկության հարց չէ։ Այն կապված է երկրի աշխարհագրական դիրքի, տնտեսական կախվածությունների, հարևանների շահերի և միջազգային անվտանգության համակարգի հետ։
Խորհրդային Միության փլուզումից հետո Ուկրաինան երկար ժամանակ փորձում էր համատեղել Ռուսաստանի հետ հարաբերությունները և Արևմուտքի հետ ինտեգրումը։ 2010 թվականին երկիրը օրենսդրորեն որդեգրեց ռազմական դաշինքներից դուրս մնալու քաղաքականություն։ Սակայն այդ կարգավիճակը չկանխեց 2014 թվականի իրադարձությունները, որոնք «Մայդանի»՝ Արևմուտքի կողմից պաշտպանված բռնի իշխանափոխության հետևանքն էին։ Ղրիմի բռնակցումից և Դոնբասում հակամարտության սկսվելուց հետո Ուկրաինան հրաժարվեց նախկին ոչ բլոկային քաղաքականությունից՝ արագացնելով ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը։
2019 թվականի փետրվարի 7-ին Ուկրաինայի Ռադան ընդունեց սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ մտան փետրվարի 21-ին։ Սահմանադրության նախաբանում և 85-րդ, 102-րդ ու 116-րդ հոդվածներում ամրագրվեց ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցության ռազմավարական ուղղությունը։ Երկրի նախագահը հռչակվեց այդ ուղղության իրականացման երաշխավորը, իսկ կառավարությունը պարտավորվեց ապահովել համապատասխան քաղաքականության իրականացումը։
Սակայն սահմանադրական ամրագրումը ինքնին չէր ապահովում անդամակցություն նշված կառույցներին։ Ուկրաինան ստանձնեց երկարաժամկետ քաղաքական պարտավորություն՝ առանց միաժամանակ ստանալու ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության երաշխիքները։
Սա ուկրաինական փորձի կարևորագույն հակասություններից մեկն է։ Արտաքին քաղաքական կողմնորոշման հայտարարությունը կարող է փոխել պետության նկատմամբ այլ ուժային կենտրոնների վերաբերմունքը, մինչդեռ դրա իրականացումը կարող է պահանջել տարիներ կամ տասնամյակներ։ Այդ ընթացքում պետությունը կարող է հայտնվել անցումային անվտանգության միջավայրում, որտեղ հին հարաբերությունները վատթարանում են, իսկ նոր գործընկերների պաշտպանության պարտավորությունները դեռևս չեն գործում։
Ռուսաստանը բազմիցս ներկայացրել է ՆԱՏՕ-ի ընդլայնումը՝ որպես իր անվտանգության սպառնալիք։ Միաժամանակ, Ուկրաինան և արևմտյան պետությունները շեշտում են, որ ինքնիշխան պետությունն իրավունք ունի ինքնուրույն ընտրելու իր արտաքին քաղաքականությունն ու անվտանգության գործընկերներին։ 2019 թվականին Փարիզում հանդիպեցին Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներն ու Գերմանիայի կանցլերը և եկան նախնական համաձայնության ուկրաինական կոնֆլիկտը լուծելու ուղղությամբ, սակայն Զելենսկին հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը։ Պատմում են, որ հանդիպման միջանցքներում նա ասել է, որ եթե նման փաստաթուղթ ստորագրի, Կիև վերադառնալուց հետո իրեն կսպանեն։
2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը Ուկրաինա ցույց տվեց, թե որքան ծանր հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանային անվտանգության համակարգի փլուզումը։
Այնուամենայնիվ, ուկրաինական դեպքն առաջադրում է Հայաստանի համար կարևոր հարց. արդյո՞ք նպատակահարմար է երկրի արտաքին քաղաքական հեռավոր նպատակները դարձնել սահմանադրական պարտավորություն, եթե դրանց իրականացման պայմանները և անվտանգության հետևանքները լիովին որոշված չեն։
Անվտանգային համակարգերը
Ուկրաինական պատերազմի կարգավորման բանակցություններում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում երկրի ապագա անվտանգային կարգավիճակը։ Ռուսաստանը շարունակում է պահանջել Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցությունից և ռազմական որոշ սահմանափակումներ։ 2025 թվականի վերջում քննարկված խաղաղության առաջարկներից մեկում նույնիսկ նախատեսվում էր սահմանադրական փոփոխություն, որով Ուկրաինան պարտավորվելու էր չանդամակցել ՆԱՏՕ-ին։
Որոշ հեղինակավոր միջազգային փորձագետներ առաջարկում են խնդրի լուծումը որոնել Ուկրաինայի մշտական չեզոքության, անվտանգության միջազգային երաշխիքների և ԵՄ-ին տնտեսական ինտեգրման համադրության միջոցով։ Օրինակ՝ տնտեսագետ Ջեֆրի Սաքսը 2026 թվականի հոկտեմբերին հրապարակած խաղաղության առաջարկում ներկայացրել է այնպիսի մոդել, որով Ուկրաինան կարող է պահպանել եվրոպական ինտեգրման հեռանկարը՝ միաժամանակ հրաժարվելով ռազմական դաշինքի անդամակցությունից։ Այս մոտեցման տրամաբանությունն այն է, որ պետությունը պարտադիր չէ ընտրություն կատարի տնտեսական զարգացման և ռազմական դաշինքին անդամակցելու միջև։ Անդամակցությունը ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին տարբեր իրավական և ռազմավարական գործընթացներ են։
Սակայն չեզոքությունը նույնպես անվտանգության ինքնաբերական երաշխիք չէ։ Ուկրաինան 2014 թվականին ուներ ոչ բլոկային կարգավիճակ, բայց դա չկանխեց Ղրիմի բռնակցումը։ Հետևաբար, չեզոքության կենսունակությունը կախված է ոչ միայն սահմանադրական դրույթներից, այլև պաշտպանական կարողություններից, միջազգային երաշխիքներից և հարևան պետությունների կողմից այդ կարգավիճակի հարգումից։
Ուկրաինական փորձի կիրառելի դասերից մեկն այն է, որ պետության անվտանգային կարգավիճակը պետք է գնահատվի ոչ միայն հայտարարված նպատակներով, այլ նաև այն իրական մեխանիզմներով, որոնք կարող են պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Հայաստանի եվրոպական հեռանկարը
Հայաստանի շուրջ ընթացող քննարկումները որոշակի նմանություններ ունեն ուկրաինական նախադեպի հետ, թեև երկու պետությունների աշխարհաքաղաքական և անվտանգային պայմանները էապես տարբեր են։
2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Այն ինքնին ԵՄ անդամակցության պաշտոնական հայտ չէ և չի նշանակում, որ Բրյուսելը Հայաստանին անդամակցության երաշխիք է տվել։
2026 թվականի նոյեմբերի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնել 2027 կամ 2028 թվականին։ Միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանը դեռևս չի սկսել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթացը։
2026 թվականի նոյեմբերի 11-ին հրապարակված հոդվածում նախկին ԱԽ քարտուղարն անդրադարձավ «Հանրապետություն» կուսակցության առաջարկով ԵՄ անդամակցության դրույթը Սահմանադրության նախագծում ներառելու քննարկումներին։ Գրիգորյանի հիմնական փաստարկն այն է, որ Հայաստանը կարող է հետապնդել մի նպատակ, որի իրականացումը կախված է ոչ միայն Երևանից, այլև ԵՄ անդամ բոլոր պետությունների համաձայնությունից։ Նրա գնահատմամբ՝ նման գործընթացը կարող է ավելացնել Ռուսաստանի ճնշումը, սահմանափակել Հայաստանի դիվանագիտական ազատությունը և խաթարել տարածաշրջանային հարաբերությունների հավասարակշռությունը։
Նոյեմբերի 13-ին «ՍիվիլՆեթին» տված հարցազրույցում նա վերահաստատեց այդ դիրքորոշումը՝ նշելով, որ դեռ պաշտոնավարման ընթացքում փորձել է համոզել գործընկերներին չշարժվել այդ ճանապարհով։ Հատկապես մտահոգիչ է համարել ԵՄ անդամակցության նպատակն արդեն Սահմանադրության մեջ ներառելու հնարավորությունը։
Այս նախազգուշացումը ուշադրության է արժանի նաև այն պատճառով, որ Գրիգորյանը երկար տարիներ զբաղեցրել է Հայաստանի անվտանգային քաղաքականության առանցքային պաշտոններից մեկը և անմիջականորեն առնչվել տարածաշրջանային հարաբերությունների ու արտաքին քաղաքական որոշումների մշակմանը։
Կարո՞ղ է Հայաստանի սահմանադրական ընտրությունը խաթարել տարածաշրջանային հավասարակշռությունը
Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը էապես տարբերվում է Ուկրաինայի դիրքից։ Հայաստանը չունի ընդհանուր սահման ԵՄ անդամ որևէ պետության հետ։ Նրա չորս հարևաններն են Վրաստանը, Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը, որոնք իրենք բարդ հարաբերություններ ունեն ԵՄ-ի հետ։ Ռուսաստանը շարունակում է կարևոր դեր ունենալ Հայաստանի տնտեսական կապերում և անվտանգության ենթակառուցվածքներում։ Միաժամանակ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, իսկ ԵՄ-ի հետ ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր։ Այս համակարգում երկրի եվրոպական ուղղության խորացումը կարող է ստեղծել տնտեսական հնարավորություններ և առաջացնել քաղաքական ու տնտեսական հակասություններ։
Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հատկապես բարդացնում է գործընթացը։ ԵԱՏՄ-ի ընդհանուր արտաքին մաքսատուրքը և ԵՄ մաքսային միության պարտավորությունները համատեղելի չեն լիիրավ անդամակցության պայմաններում։ Այդ հանգամանքը պաշտոնապես ընդունել է նաև Հայաստանի փաստացի վարչապետը։
Եթե ԵՄ անդամակցությունը Սահմանադրության մեջ ամրագրվի որպես պետության ռազմավարական անշրջելի նպատակ, ապա դա կարող է ընկալվել ոչ միայն որպես տնտեսական ինտեգրման ցանկություն, այլ նաև՝ որպես տարածաշրջանում Հայաստանի երկարաժամկետ քաղաքական վերադիրքավորման ազդակ, ինչը կարող է լարվածություն առաջացնել տարածաշրջանում, հատկապես Իրանի ու Ռուսաստանի հետ։
Ռուսաստանը կարող է այդպիսի քայլը գնահատել որպես իր համար անվտանգային մարտահրավեր, իսկ Իրանը՝ վերլուծել այն իր սահմանների մոտ արևմտյան ներկայության հնարավոր ընդլայնման համատեքստում։ Թուրքիան և Ադրբեջանը ևս կարող են վերանայել իրենց քաղաքական հաշվարկները։
Մյուս կողմից, նման դրույթի սահմանադրական ամրագրումը կարող է նվազեցնել արտաքին քաղաքականության ճկունությունը։ Այս առումով ուկրաինական և հայկական իրավիճակների համեմատությունն ունի ոչ թե կանխատեսման, այլ ռիսկերի գնահատման նշանակություն։
Աշխարհաքաղաքական մրցակցության սրացումը, չկարգավորված անվտանգային խնդիրները և արտաքին քաղաքական արագ վերադիրքավորումները կարող են ավելացնել Հայաստանի խոցելիությունը։
Տարածաշրջանային համագործակցությունը՝ որպես այլընտրանք բևեռացմանը
Ուկրաինական պատերազմի կարևոր դասերից է նաև այն, որ արտաքին քաղաքական ընտրության հաջողությունը մեծապես կախված է հարևանների հետ հարաբերություններից և տարածաշրջանային անվտանգության պայմաններից։ Հայաստանի դեպքում տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները կապված են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, Վրաստանի միջոցով միջազգային հաղորդակցությունների զարգացման, Իրանի հետ տնտեսական համագործակցության և արտաքին շուկաների հասանելիության մեծացման հետ։
Տարածաշրջանային կապերի զարգացումը կարող է նվազեցնել մեկ ուղղությունից տնտեսական կախվածությունը, մեծացնել Հայաստանի տարանցիկ նշանակությունը և ընդլայնել նրա արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունները։ Նման տարբերակի առավելությունը կարող է լինել արտաքին քաղաքական նպատակների աստիճանական իրականացումը՝ պահպանելով որոշումների վերանայման հնարավորությունը։
Ուկրաինական պատերազմի փորձը ցույց է տալիս նաև, որ միայն ռազմական դաշինքներից դուրս մնալը չի վերացնում արտաքին ագրեսիայի վտանգը։ Հետևաբար, ցանկացած ոչ բլոկային կամ բազմավեկտոր քաղաքականություն պետք է ուղեկցվի սեփական պաշտպանունակության զարգացմամբ, միջազգային գործընկերների հետ ակտիվ համագործակցությամբ և հակամարտությունների կարգավորման մեխանիզմներով։ Հայաստանի համար առավել կարևոր քննարկման առարկա կարող է դառնալ ոչ թե աշխարհաքաղաքական կենտրոններից մեկին անվերապահորեն կապվելու գաղափարը, այլ սեփական անվտանգության, տնտեսության և պետական ինստիտուտների այնպիսի համակարգի ձևավորումը, որը թույլ կտա դիմակայել արտաքին ճնշումներին։
Եզրակացություն
Ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ սահմանադրական հռչակագրերը, արտաքին քաղաքական կողմնորոշման հստակությունը և միջազգային գործընկերների քաղաքական աջակցությունը դեռևս բավարար չեն պետական անվտանգությունն ապահովելու համար։ Եվրոպական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական, ինստիտուցիոնալ և քաղաքական զարգացման հնարավորություններ։ Սակայն այն չի կարելի ներկայացնել որպես անվտանգության բոլոր խնդիրների ավտոմատ լուծում։ Հատկապես կարևորագույն հանգամանք է այն, որ ԵՄ-ն, ըստ էության, պատերազմի մեջ է Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ Վրաստանի հետ հարաբերությունները վերջին տարիներին բավականին լարված են։ Նման պայմաններում արկածախնդրության գնալը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, և դրդում է մեզ դավադրությունների տեսություններով բացատրել նման քայլերը։
Հայաստանի դեպքում սահմանադրական քննարկումները հատկապես պատասխանատու խնդիր են, քանի որ վերաբերում են ոչ միայն ներկա իշխանությունների քաղաքական ծրագրին, այլև ապագա սերունդների արտաքին քաղաքական ընտրություններին։ Ուստի հանրային բանավեճի կենտրոնում պետք է լինեն երեք սկզբունքային հարցեր. ի՞նչ իրական երաշխիքներ և հնարավորություններ ունի Հայաստանը իր հնարավոր ընտրած ուղղությունն իրականացնելու համար, ինչպե՞ս կարող է այդ ընտրությունն ազդել հարևանների հետ հարաբերությունների վրա, և ինչպե՞ս կարելի է պահպանել պետության ինքնիշխանությունը միջազգային ուժային հարաբերությունների փոփոխության պայմաններում։
Ուկրաինական դասի հիմնական արժեքը Հայաստանի համար պատրաստի աշխարհաքաղաքական լուծում առաջարկելը չէ, այլ հիշեցնելը, որ ռազմավարական որոշման քաղաքական ցանկալիությունը, իրավական ամրագրումը և դրա անվտանգային իրագործելիությունը երեք տարբեր հարցեր են։
Դրանց միջև հավասարակշռության որոնումն է, որ պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության և սահմանադրական ապագայի վերաբերյալ բովանդակային քննարկման հիմքը։
Արա Սմբատյան

