Մինչ Փաշինյանի բանանը և նախկին ԱԽՔ-ը շնորհակալություն կհայտնեն հակաիշխանական հանրույթներին՝ իրենց անվճար PR-ով զբաղվելու և ՀԱՊԿ-ից Հայաստանի փաստացի դուրս մնալու հանգամանքը ստվերում թողնելու համար, թույլ տվեք ձեզ հետ կիսվել մի քանի կարևոր մտքերով, որոնք քաղաքական իմաստով էական են։
Ընդդիմությունը շուրջ մեկ շաբաթ է՝ ձևավորել է սեփական քաղաքական օրակարգը՝ չորս կետերի շուրջ համախմբման հայտարարությամբ։ Սակայն ընդամենը մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցավ նարատիվային տեղաշարժ. այն չորս կետերը, որոնք կարելի էր վերածել քաղաքական գերակայությունների և ամբողջական օրակարգի, հանրային հաղորդակցության մեջ աստիճանաբար իրենց տեղը զիջեցին մեկ կարգախոսի՝ «Ո՛չ ալիևյան Սահմանադրությանը, այո՛ Հայաստանի անկախությանը»։
Չորս գերակայությունից՝ մեկ կարգախոս․ ինչո՞ւ սահմանափակել քաղաքական պայքարի լայն հնարավորությունները և պատրաստվել մերժելու իշխանության նախատեսած գործընթացի արդյունքը, երբ կարող ես կանխել հենց այդ գործընթացը։ Ընդդիմությունն այսօր ունի նոր Սահմանադրության ընդունման ճանապարհը փակելու սահմանադրական որոշիչ լծակ՝ իշխանությանը պակասող վեց ձայնը։ Բայց հանրային հաղորդակցության մեջ արդեն սկսում է գերակայել ոչ թե այդ ճանապարհը փակելու, այլ դրա վերջում հնարավոր հանրաքվեին «ոչ» ասելու նարատիվը։ Սա քաղաքական ռազմավարության սկզբունքային հակասություն է։
Ճիշտ կարգախոս է, անհրաժեշտ քաղաքական դիրքորոշում։ Բայց նույնիսկ ճիշտ կարգախոսը կարող է հանգեցնել ռազմավարական սխալի, եթե այն սկսում է փոխարինել ամբողջական քաղաքական օրակարգին։ Խնդիրը ոչ թե ընդդիմության նախաձեռնությունը քննադատելն է, այլ դրա ստեղծած քաղաքական հնարավորությունը չկորցնելը։
12 ուժերի հայտարարության իրական ձեռքբերումը ոչ թե հերթական միասնության հռչակումն էր, այլ՝ չորս գերակայությունների շուրջ ձեռք բերված համաձայնությունը.
- Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում։
- Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների։
- Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն։
- Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։
Սրանք առանձին կարգախոսներ չեն։ Դրանք Փաշինյանի քաղաքականությանը հակադիր պետական, հասարակական և արժեքային ամբողջական այլընտրանքի հիմքեր են։ Հենց այդ պատճառով պետք է «Չորս գերակայությունները» դարձնել հանրային նույնականացման, քաղաքական հավաքագրման և կազմակերպման միասնական հենք։ Մարդիկ կարող են չընդունել նույն կուսակցությանը, չվստահել նույն առաջնորդին, բայց՝ կիսել պետության ապագայի վերաբերյալ նույն սկզբունքային պատկերացումները։
«Հայացք Երևանից»

