Արա Թադեւոսյան, Լուսինե Ղարիբյան, «ՎԱՆՈՆ ՈՒ ՎԱԶԳԵՆԸ. երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը», հուշագրություն, 220 էջ, «Մեդիամաքս մեդիա քոմփանի», 2024թ.:
Ընթերցողի սեղանին է «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանի եւ լրագրող Լուսինե Ղարիբյանի «Վանոն ու Վազգենը. երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գիրքը։ Հետադարձ հայացք ժամանակի միջով, որ ձգվում է երեսուն տարի ետ ու քայլ առ քայլ վերադառնում մեր օրերը։ Ի մի են բերվում մեր երկրի ոչ հեռու անցյալի պետական, հասարակական-քաղաքական խմորումները, դեպքերն ու հույզերը:
Երրորդ հանրապետության հիմնադիր հայրերից երկուսի մասին պատմող այս հուշագրությունը միաժամանակ ընթերցողի առջեւ բացում է Հայաստանի նորագույն պատմության կարեւորագույն էջերը։ «Շատ փաստեր եւ վկայություններ ներկայացված են առաջին անգամ՝ թույլ տալով ավելի լավ հասկանալ Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի հարաբերությունները տարբեր ժամանակաշրջաններում։ Հեղինակները զերծ են մնում եզրակացություններից՝ վստահ լինելով, որ ներկայացվող նյութը ընթերցողներին հնարավորություն կտա սեփական գնահատականներն անել»,- ասվում է գրքի սեղմագրում։
«Հզորների» մասին իր հուշերի պատմությունն ունի նաեւ Արա Թադեւոսյանը, ինչը գուցե նույնպես որոշակի դեր է խաղացել այս նախաձեռնությունը ստանձնելիս։ «Եթե չլինեին 2020 թվականի պատերազմն ու մեր պարտությունը, թերեւս չէր ծնվի այս գիրքը գրելու գաղափարը։ Այդ պարտությունը փլուզեց այն աշխարհը, որում ես ապրում էի գրեթե 30 տարի»,- գրքի նախաբանում գրում է Արա Թադեւոսյանը:
Գիրքը նաեւ բազմաթիվ դրվագներ է ներկայացնում ՀՀ-ի նորագույն պատմությունից, որոնք կարեւոր են այսօրվա իրողությունները հասկանալու համար: