Friday, 25 April 2025

A Analysis

Համընդհանուր փրկությունն այլ տեղ է

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հայաստանում դժվար է խոսել այն թեմաների մասին, որոնցում հայտնվում են որոշ հայտնի գործիչների անուններ, հատկապես՝ քաղաքական։ Շատերի ընկալմամբ քննարկվող թեման երկրորդ պլան է մղվում. առաջին պլան է գալիս խոսակցությունն այն մասին, թե ով է խաղարկում այս գործչի անունը, եւ հաջորդ՝ ի՞նչ խաղ են ուզում խաղալ այս կամ այլ արտաքին ուժերը Հայաստանի գլխին: Իսկ թե որտեղ են փաստորեն պետության համար իրական վտանգ ներկայացնող գործընթացները՝ հաճախ չի նկատվում։

Հիմա էլ քչերն են նկատում, որ Ադրբեջանում ընթացող՝ հայ բանտարկված գործիչների դատավարությունը դառնում է ոչ միայն հայոց պետականության մեկ այլ բախտորոշ խնդիր, այլեւ ակամա վերածվում է հայ ժողովրդի՝ անկախ պետականության համար պայքարի հաջորդ փուլի։ Բայց պարզվում է, որ առայժմ «մարտի դաշտում» միակ մարտիկը դատապարտյալ Ռուբեն Վարդանյանն է։ Միայն այս մեկ անձի կերպարում է դրսեւորվում մի ամբողջ ժողովրդի նկատմամբ ապօրինությանը դիմակայելու կամքը։ Բոլորը չէ, որ հասկանում են այս հանգամանքի ռազմավարական նշանակությունը։

Բայց, ի վերջո, ցանկացած մտածող մարդ կարող էր ինքնուրույն պարզել, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը՝ ի լուր աշխարհի բարձրաձայնելով, որ իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կողմից պաշտպանվող ահաբեկիչների Նյուրնբերգյան դատավարություն»։ Հայաստանն անվանելով «Արեւմտյան Ադրբեջանի» տարածքի վրա հիմնված ահաբեկչական կազմակերպություն եւ հայտարարելով, որ հայերն իրավունք չունեն ստեղծելու իրենց պետությունը, հարեւան երկրի վարչակարգը բնավ նպատակ չունի պատժելու իր ճիրաններն ընկած գործիչների խմբին։ Ակնհայտ է, որ նա նոր «իրավական հիմքեր» է նախապատրաստում ՀՀ-ի լուծարման համար։

Առայժմ մեկ մարդու ձայն է լսվում՝ մնացածները մտածում են այս գործընթացին միջամտելու նպատակահարմարության մասին։ Կարծիքներ են հնչում, որ աշխարհասփյուռ հայությունը պետք է շահագրգռված լինի պաշտպանել հայտնի հայ գործարարին ու բարերարին, ով ճակատագրի կամոք հայտնվել է ադրբեջանցի դահիճների ձեռքում։ Իսկ ամենամիամիտ կարծիքները, կարծես թե, այն են, որ դա ամենաքիչը պետք է մտահոգի Հայաստանի Հանրապետությանը, քանի որ Բաքվի դատավարության թեմային միջամտելը շատ վտանգավոր է նրա համար։ Չլինի հանկարծ Ադրբեջանին պատերազմի առիթ տանք:

Հայաստանի քաղաքացուն հեշտ չէ բացատրել երկրի անվտանգությանը սպառնացող վտանգի նման մեկնաբանության անհեթեթությունը։ Եվ ես կցանկանայի հարցնել՝ այդ դեպքում ո՞ւմ է վերաբերվում այս ամենը, եթե ոչ Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ նրանք, ովքեր առաջարկում են թաքնվել սեփական ստվերի հետեւում եւ փակել աչքերը, ինչպե՞ս են փորձում փրկել այս մի կտոր երկիրը։

«Միջազգային ջանասիրության» փրկարար ուժի հանդեպ հավատն անսասան է։ Ճիշտ է՝ վերջերս «Իրական Հայաստանի» հայ երկրպագուները, որոնք մինչեւ վերջերս մեծ հույսեր էին կապում դարեր շարունակ գոյություն ունեցող՝ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքների փրկարար ուժի հետ, որոշ չափով կորցրել են իրենց վստահությունը՝ ուշադիր նայելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սովորություններին։

Շատերն արդեն զգում են աշխարհը համակած տուրբուլենտության տրամաբանությունը եւ աշխարհի քարտեզից անհետանալու վտանգը, որը պատել է բոլոր երկրները: Բայց «քրիստոսասեր տիրակալներին» ծառայելու համար սեփական իրավունքների համար պայքարի ուժը մերժելու հայկական դարավոր քաղաքական սովորությունը հուշում է մեկ անգամ եւս հաշտվելու ճակատագրի հետ։ Ի վերջո, ամեն ինչ կարելի է վերագրել թշնամիների մեքենայություններին։

Այդպես էին մտածում նաեւ նրանք, ովքեր քսաներորդ դարասկզբին ցանկանում էին մահից փրկվել՝ հայ երիտասարդներին ուղարկելով մահացող Օսմանյան կայսրության բանակ։ Անզորության պահին նրանք հույս ունեին փրկվել՝ «մարդկանց հանձնելով դահիճների ճիրանները»։ Դա չօգնեց: Եվ չէր կարող օգնել, համընդհանուր փրկությունն այլ տեղ է: Պարզապես պետք է կարողանալ այն գտնել:

 

Մանվել Սարգսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.