Երկուշաբթի, Ապրիլի 21, 2025

Շաբաթվա անցուդարձ

20-27 օգոստոսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Օգոստոսի 23-ին՝ ՀՀ անկախության օրը, Հանրապետության հրապարակում մեկնարկեց նորաստեղծ «Անկախություն» շարժման հանրահավաքը, որի մասին ավելի վաղ հայտնել էր շարժման կազմակերպիչը՝ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: Նա նշել էր, որ շարժումը նախաձեռնվել է հատուկ վարչապետի հրաժարականը պահանջելու նպատակով: Ղազարյանի խոսքով՝ Փաշինյանը մինչեւ սեպտեմբերի 21-ը պետք է հեռանա կա՛մ ինքնակամ, կա՛մ իրավական գործընթաց նախաձեռնելու, կա՛մ էլ ԱԺ մեկ երրորդի կողմից անվստահություն հայտնելու միջոցով։ Նախկին դեսպանը չի բացառում, որ ՔՊ-ական պատգամավորներն իրենք անվստահություն հայտնեն Փաշինյանին։ Ղազարյանի պարզաբանմամբ՝ նոր շարժումը «Դիմադրություն» շարժման հետ կապ չունի։ Նոր շարժումը, նրա հավաստմամբ, չի հակադրվում այն գործողություններին, որոնք կիրականացնեն Դիմադրության շարժման գործընկերները։

 

Մեկնաբանությունը

Ըստ երեւույթին, ընդդիմությունը թերագնահատել է Նիկոլ Փաշինյանի հնարամտությունը՝ կարծելով, թե նրան կարելի է հեշտությամբ «պոկել» իր աթոռից: Մի քանի փորձեր եղել են, բայց՝ ապարդյուն: Նույնիսկ պատերազմում կրած ամոթալի պարտությունից հետո Փաշինյանի աթոռը մնում է անառիկ: Նախ ձախողվեց Հայրենիքի փրկության շարժման գլուխ անցած բազմափորձ Վազգեն Մանուկյանը, ապա կես ճամփին «լռվեց» Դիմադրության շարժումը, հիմա էլ ուժերն է չափում նորահայտ «Անկախություն»-ը, որի հաղթանակի հավանականությունը շատ փոքր է՝ գրեթե զրոյական:

Իրավիճակը «Պապն ու շաղգամը» առակի սյուժեն է հիշեցնում, բայց մեկ տարբերությամբ. առակում պապին ու տատին, թոռանն ու շանը, փիսոյին ու մուկիկին հաջողվում է ուժերի համատեղմամբ շաղգամը հանել հողից, իսկ Նիկոլի պարագայում չի հաջողվում նրան «պոկել» աթոռից, քանի որ այդ շարժումները գործում են առանձին-առանձին: Մի աղոտ հույս կա, որ Խնկո Ապոր առակից միգուցե դաս կքաղեն մեր «ծանրաշարժ» շարժումները: Դրա հնարավորության շուրջ խոսակցություններ արդեն պտտվում են: Ահավասիկ.

«Մենք, թերեւս, Հայրենիքի փրկության եւ Դիմադրության շարժմանը նոր բովանդակային ազդակ հաղորդող նախաձեռնություն ենք սկսում («Անկախություն» շարժման մասին է խոսքը-Գ.Լ.), բոլորս պետք է լծվենք այդ աշխատանքին»,- օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ԳԽ խորհրդանշական «նիստում» ասել է նախկին վարչապետ, խորհրդարանի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը: Նա ընդգծել է, որ այսօր կանգնած է Հայաստանի անկախությունը երկրորդ անգամ նվաճելու խնդիրը։ Նախկին վարչապետի խոսքով՝ բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն ներկա իշխանությունների գործողությունների եւ անգործության հետեւանքների չեզոքացմանը։

Պահի գլխավոր ուղերձը, ինչպես նշվեց հանրահավաքից առաջ անցկացված՝ Գերագույն խորհրդի խորհրդանշական «նիստում», այն է, որ պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը եւ ինքնիշխանությունը սպառնալիքի տակ են։ Նախկին ԳԽ պատգամավորները, որոնցից 30 հոգի մասնակցում էին օգոստոսի 23-ի միջոցառմանը, ինչպես նաեւ հանրահավաքում ելույթ ունեցողները, ցավով ու ցասումով մատնանշեցին հետպատերազմյան շրջանում շարունակվող պարտվողական տրամադրությունները, բոլոր ոլորտները ներթափանցած ճգնաժամային երեւույթները, համակարգային խոցերը, Հայաստանում եւ Արցախում ահագնացող գոյութենական մարտահրավերները:

Արծարծվեցին հարցեր, հրամայականներ, մտահոգություններ, որոնց մասին շատ է խոսվել, բայց, ինչպես ասում են, «սայլը տեղից չի շարժվել»: Լավ՝ մեկ հանրահավաք ավել, մեկ հանրահավաք պակաս, ի՞նչ է դա փոխելու մարդկանց կյանքում. այս հարցադրման լույսով են քաղաքացիները մոտենում հանրահավաքային պայքարի նշանակությանը եւ սրանով է մեծապես պայմանավորված հրապարակային ակցիաների մարդաշատությունը կամ հակառակը: Հիմա գանք Էդգար Ղազարյանի կազմակերպած օրակարգային մեկ կետանոց հանրահավաքին: Այո, մեկ կետ, որի լուծումը, սակայն, կարող է շրջադարձային լինել պետության ու ժողովրդի կյանքում:

Օգոստոսի 23-ի միջոցառման օրակարգի եւ հանրահավաքի կազմակերպման առնչությամբ խորհրդակցե՞լ է արդյոք Ղազարյանը Սերժ Սարգսյանի հետ. լրագրողների այս հարցին ի պատասխան՝ նախկին դեսպանն ասել է, որ հարցը քննարկել է քաղաքական շատ ուժերի, ՀԿ-ների, ԳԽ նախկին պատգամավորների, ինչպես նաեւ ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահների հետ: Փորձել է հանդիպել նաեւ առաջին նախագահին, չէր ստացվել: «Բայց այդ հանդիպումները չեն նշանակում, որ ես ինչ-որ մեկի ազդեցության տակ եմ»,- շտապել է հավելել ընդդիմադիր գործիչը՝ հասկանալով, որ հայկական հոգեկերտվածքի բերումով ինքը «Սերժի մարդ» է համարվում:

Ղազարյանը հուսով էր, որ Փաշինյանի հետ հանդիպումը, այնուամենայնիվ, կկայանա, քանի որ պաշտոնական մերժում իր նամակին չի ստացել, եւ հնարավորություն կունենա նրան փոխանցել հրաժարական տալու պահանջ: Ճիշտ այնպես, ինչպես ինքն էր 2018-ի ապրիլին իր մատնանշած ձեւաչափով «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում հանդիպում ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Սակայն Ղազարյանին հուսախաբություն էր սպասում. Փաշինյանը նախընտրել էր տոնական այդ օրն անցկացնել Սեւանում: «Փաշինյանը վախեցավ այդ հանդիպումից»,- կառավարության շենքի մուտքից «ձեռնունայն» ետ գալով՝ հայտարարեց նա:

Այն, որ Փաշինյանն անլրջացնելու է ընդդիմադիրի պահանջը, պարզ էր շատերի համար, այդ թվում՝ միգուցե նաեւ պահանջատիրոջ: Ուրեմն՝ որտեղի՞ց այն ինքնավստահությունը, որ վարչապետ աշխատող անձը հրաժարական կտա: 2021-ին նա հրաժարական չտվեց, երբ նման կոչով հանդես էին եկել Զինված ուժերի 40-ից ավելի բարձրաստիճան սպաներ, Հայ Առաքելական եկեղեցին, Գիտությունների ակադեմիան, ԵՊՀ գիտական խորհուրդը, 100-ից ավելի իրավաբաններ, բազմաթիվ քաղաքական կուսակցություններ ու ՀԿ-ներ։ Հիմա՞ ինչու պիտի հրաժարական տա մեկ հոգու կոչով:

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանի կարծիքով՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի նախաձեռնած շարժումը դեռ չսկսված՝ կարող ենք համարել ավարտված: «Եթե նա փորձում է առանձին շարժում ստեղծել եւ դրա հետ մեկտեղ կոնկրետ ժամկետ նշել, թե որ օրվանից Փաշինյանն այլեւս չի ղեկավարելու երկիրը, այդ շարժումը կտանի փակուղի… Կամ ինքն ի՞նչ ռեսուրս ունի, մարդիկ ինչո՞ւ պետք է իրեն հետեւեն»,- նկատում է Անտինյանը:

Անշուշտ, մեկ հոգու առաջնորդությամբ եւ պահանջով հնարավոր է հասնել հրաժարականի: Բայց միայն այն դեպքում՝ եթե այդ մեկ հոգուն հաջողվի փողոցներն ու հրապարակները լցնել հարյուր հազարավոր ցուցարարներով կամ գոնե կրիտիկական զանգված ապահովել, որի թվաքանակը, ըստ որոշ քաղտեխնոլոգների, Հայաստանում 70-80 հազարն է: Ամեն դեպքում Էդգարը թեւաթափ չի եղել, նրա զինանոցում՝ բացի ինքնակամ հրաժարականի քայլից, որն այս անգամ չստացվեց, կա եւս երկու տարբերակ, որոնցով կարելի է սահմանադրորեն լուծել վայ-վարչապետի հրաժարականի խնդիրը:

Հաջորդ հանդիպումը Ղազարյանը նախատեսում է Ազգային ժողովի այգում՝ Հայաստանի «նոր վարչապետի» ընտրության ժամանակ. «Այդ օրը մենք ամբողջությամբ կշրջափակենք Ազգային ժողովի շենքը եւ ժողովրդի ճնշման տակ այս թշնամուն կզրկենք իշխանությունից։ Մենք նրան դուրս կշպրտենք: Հայաստանը չի կարող ղեկավարել մի արարած, որը խաբել է իր ժողովրդին, խաղաղությունը վերածել է պատերազմի, պատերազմում հաղթանակը վերածել պարտության, իսկ պարտությունը՝ աղետի»,- հանրահավաքի ավարտին ասելիքն ամփոփել է Էդգար Ղազարյանը:

 

Վերջին օրերի ամենաշատ քննարկվող թեման օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունն էր, որի շուրջ արձագանքները չէին դադարում նաեւ անցնող շաբաթվա ընթացքում: Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում օգոստոսի 24-ի դրությամբ փլատակների տակից հայտնաբերվել էր 16 քաղաքացու մարմին, անհետ կորած էր համարվում 1 քաղաքացի, որի մարմինը չգտնվեց։ Աշխատանքները շարունակվել են մոտ 10 օր: Վերջին մի քանի օրերին դեպքի վայրում էին ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ծառայողներն ու «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպության կամավորները։

 

Մեկնաբանությունը

Առաջին անգամը չէ, որ պաշտոնապես հայտարարվող՝ հակահրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով «Սուրմալուն» կրակի ճարակ է դառնում՝ զգալի վնասներ պատճառելով այնտեղ առեւտրական գործունեություն ծավալած մարդկանց: Սա անցած մոտ մեկուկես տարում այս շուկայում բռնկված հրդեհի արդեն երկրորդ դեպքն էր եւ ամենամեծն ու արյունալին Երեւանի կենտրոնում երբեւէ արձանագրված պայթյուններից:

Նախորդ՝ 2021-ի ապրիլյան խոշոր հրդեհից հետո անցել է ավելի քան 15 ամիս, սակայն իրավապահներին դեռ չի հաջողվել հստակեցնել մեղադրյալների շրջանակը։ Այդպես է նաեւ այս անգամ. դեպքից 10 օր անց մեղադրյալներ ու ձերբակալվածներ չկան: Հետաքրքիր է, որ ինչպես անցած տարվա պատահարից, այնպես էլ օգոստոսի 14-ին տեղի ունեցածից հետո կենտրոնի սեփականատերը` Ռազմիկ Զախարյանը, շարունակում է մնալ ազատության մեջ: Գործում առանցքային դեմք հանդիսացող այս աձը, չգիտես ինչու, չի «արժանանում» իրավապահների ուշադրությանը: Մամուլին եւս չի հաջողվում նրա հետ կապ հաստատել:

Որոշ ԶԼՄ-ներում լուրեր սպրդեցին, թե ողբերգական միջադեպից մի քանի օր առաջ Զախարյանի «բադին-կոզբադինները» նախապես արդեն հավաքագրել էին տաղավար զբաղեցնող առեւտրականների օգոստոս ամսվա վարձավճարները: Դրանից հետո սեփականատիրոջը ոչ ոք չի տեսել: Հրապարակումներ եղան նաեւ առ այն, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան եւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի աշխատակիցները նախազգուշացվել էին այդ կիրակի օրը չհաճախել առեւտրի կենտրոններ եւ այլ մարդաշատ վայրեր:

Եթե այս տեղեկությունները ճիշտ են, իսկ դրա ստուգումն իրավապահների համար առանձնապես դժվարություն չի ներկայացնում, ուրեմն հանցակազմերի ցանկում էապես մեծանում է ահաբեկչության կամ դիտավորության վարկածի հավանականությունը: Մինչդեռ ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նիստում Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանն ավելի հակված էր անզգուշության հետեւանքով տեղի ունեցած հանցագործության վարկածին։ Նախաքննությունը դեռ չավարտված՝ ահաբեկչական գործողության տրամաբանությունը շտապեց բացառել նաեւ գործադիրի ղեկավարը՝ հիմք ընդունելով տեսագրությունները, որտեղ, ըստ նրա, «ծուխ ու փախնող մարդիկ կային նախքան պայթյունը»:

Բայց ի՞նչ կա այստեղ արտասովոր. բռնկվել է հրդեհ, որից ծուխ է բարձրացել, եւ առաջին տեսնողները սկսել են անկանոն այս ու այն կողմ փախչել՝ առաջացնելով խուճապ: Իսկ երբ կրակի «լեզուները» հասել են պայթուցիկներին՝ որոտացել են պայթյունները: Ահա հնարավոր ամենապարզ դիպաշարերից մեկը: «Գործից» հասկացողները պնդում են, որ հնչած պայթյունները կապ չունեն հրավառության նյութերի կամ ճայթուկների հետ, ինչպես փորձում են հրամցնել հանրությանը: Խոսքը, ըստ նրանց, պահեստավորված 4 տոննա բարձր ուժգնության պայթուցիկների (տրոտիլ եւ այլն) մասին է, որոնց առկայությունը պատկան մարմինների կողմից ցայժմ չի հերքվել:

Ոմանք պայթյունի հետեւում տեսնում են Սուքիասյանների «ականջները»՝ պնդելով, որ նրանք վաղուց «աչք» ունեին այդ տարածքի վրա: Սա հանրային խոսույթում ամենաշատը լուսաբանված, եթե չասենք չարչրկված, վարկածներից է: Ճիշտ է, ԱԺ օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հերքել է իրենց ընտանիքին ուղղված լուրջ մեղադրանքները, բայց ավելի համոզիչ կլիներ, եթե այն հերքեին քննչական մարմինները:

Հայաստանյան իրականության այսօրվա պատկերը «Սուրմալու»-ի հենքին շատ դիպուկ նկարագրված է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ. «Անվտանգության զրո աստիճան, տոտալ ամենաթողություն, անլրջություն, անարխիա: Հետեւանքը՝ մարդկային զոհեր, ավերածություններ, հայրենիքի կորուստ: Ոչ մի հայ ոչ մի տեղ ապահով ու անվտանգ չէ, նույնիսկ Երեւանի կենտրոնում»: Մի փոքր չափազանցված է, թե՝ ոչ, չենք կարող ասել, բայց մի բան հաստատ է՝ փրկարարական իր առաքելությունն իրականացնելիս ԱԻՆ-ը դրսեւորել է անկազմակերպ, ոչ արհեստավարժ վարքագիծ, ինչի մասին վկայում են ոլորտի լավագույն գիտակները:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Օգոստոսի 23-ին Հայաստանում նշվեց Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձը: 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունվեց Անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը: Այդ փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, երկիրն ունեցավ պետության բոլոր խորհրդանիշները՝ դրոշ, օրհներգ, զինանշան: Ամրագրվեց, որ Հայաստանն ունենալու է սեփական Զինված ուժեր:

Հայկական կողմի նախաձեռնությամբ օգոստոսի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ Կրեմլի պաշտոնական կայքէջի հաղորդագրության՝ կողմերը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը։ Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրականացման կարեւորությունը։ Միաժամանակ նշվել է տարածաշրջանում կայունության ապահովման գործում ռուսական խաղաղապահների դերը։ Կողմերը մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 25-26-ը աշխատանքային այցով Ղրղըզստանում էր, որտեղ ժամանել էր՝ մասնակցելու Չոլպոն-Ատա քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ) հերթական նիստի աշխատանքներին։ Այցի առաջին եւ երկրորդ օրերին հաջորդաբար տեղի են ունեցել ԵՄԽ-ի նախ՝ նեղ կազմով, այնուհետեւ՝ ընդլայնված կազմով նիստերը: ԵԱՏՄ երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին, թվային օրակարգի եւ այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Օգոստոսի 23-ին կայացել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ Արցախի խորհրդարանական հինգ ուժերի ղեկավարների հանդիպումը, որի շարժառիթը ՀՀ-ում ՌԴ դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի՝ վերջերս արած հայտարարությունն էր, ինչպես նաեւ օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտումն ու անվտանգային հարցերը։ Հանդիպման ընթացքում վերոնշյալ հարցերի շուրջ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատուների կողմից տրվել են մի շարք պարզաբանումներ: Մասնավորապես՝ հղում կատարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, նշվել է, որ նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի կարգավիճակը, ինչպես՝ Լաչինինը, եւ պահպանվելու են բոլոր անվտանգային բաղադրիչները՝ սկսած 5 կմ-ոց անվտանգային գոտուց մինչեւ ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերի տեղակայում։

Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն օգոստոսի 22-ին ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ասրյանն ու Կոպիրկինը քննարկել են ռազմական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել է դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը: Այլ մանրամասներ հանդիպումից չեն հաղորդվում:

Մասիսի քաղաքապետարան օրերս զինված անձ էր ներխուժել: Այս մասին Ոստիկանության՝ օգոստոսի 20-ին տարածած հաղորդման մեջ նշվում է, որ զինված անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: «Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս եւ հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել»,- ասված է հաղորդագրությունում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: