Ուրբաթ, Ապրիլի 17, 2026

Շաբաթվա անցուդարձ

28 մարտի - 4 ապրիլի 2026թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ

 

Այն, ինչ անցած կիրակի օրը՝ Ծաղկազարդի պատարագի ավարտին տեղի ունեցավ Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում, եւս մեկ ավելորդ անգամ ցույց տվեց, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ինչպես ասում են, տեղով մեկ փորձանք է, որտեղ հայտնվում է՝ լինի եկեղեցի, մետրո, առեւտրի հիմնարկ, թե ուղղակի մարզային բնակավայր, անպայման անցանկալի մի դեպք պատահում է: Սբ. Աննա եկեղեցում կատարվածը կարելի է բնորոշել որպես՝ ինչ-ինչ նպատակով դիտավորությամբ իրականացված խառնակչություն կամ սադրանք: Բայց սա միայն՝ առաջին հայացքից:

Միջադեպի Ճշգրիտ գնահատանքը, բնականաբար, կտա հետաքննությունը, որքանով որ գործող իշխանության պայմաններում իրավական անաչառության պաշարը կընձեռի դրա հնարավորությունը: Հիշեցնենք՝ մարտի 29-ին, դեռեւս պաշտոնական մեկնարկը չտրված նախընտրական քարոզարշավի ծիրում, Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ Կենտրոն վարչական շրջանում առավոտյան շրջայցից հետո Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում էր պատարագի: Ծեսի ավարտին մոտ, երբ Փաշինյանն իր խմբով դուրս էր գալիս եկեղեցուց, մի քանի քաղաքացիների մասնակցությամբ միջադեպ գրանցվեց՝ իբր նրանցից մեկը փորձել է թիկունքից հարվածել Նիկոլ Փաշինյանին:

«Կասկածյալը» երեւանյան դպրոցներից մեկի 12-րդ դասարանի գերազանց սովորող Դավիթ Մինասյանն էր, ով երկվորյակ եղբոր՝ Միքայելի հետ, վաղ պատանեկությունից պարտադիր մասնակցում է կիրակնօրյա բոլոր պատարագներին: Եղբայրները, բացի նրանից, որ դպրոցի դեմքն ու հպարտությունն են, ծնողների եւ ուսուցիչների միաձայն վստահեցմամբ, շատ հայրենասեր ու քրիստոնյա տղաներ են, Աստվածաշնչի լավագույն գիտակներ եւ հրաշալի, դաստիարակված մարդիկ: Երկուսն էլ «Կարմիր դիպլոմով» են ավարտում միջնակարգը եւ պատրաստվում են ձեռք բերել բուհական կրթություն: Ճանաչողները Դավթին ու Միքայելին փայլուն ապագա են կանխատեսում:

…Եկեղեցու բակում հօծ բազմություն էր հավաքվել, ոստիկանների եւ ԱԱԾ-ականների թիվը հավատացյալների քանակությանը չէր զիջում: Այն բանից հետո, երբ Դավիթը ձեռքով անկանոն շարժում արեց օդում (տպավորություն էր, թե շորի ծալվածքն ուղղելու փորձ էր. այն հրմշտոցի մեջ վեր էր հավաքվել) Փաշինյանի թիկնապահներից եզան մեկը վայրկենապես վրա հասավ ու բռունցքով հարվածեց 18-ամյա դպրոցականի ծնոտին եւ տապալեց նրան գետնին: Քաշքշուկ սկսվեց, եւ ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ՝ եկեղեցու բակից բերման ենթարկեց 3 հոգու՝ Դավիթ ու Միքայել երկվորյակ եղբայրներին եւ հասարակական-քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանին:

Հորինովի այդ միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ-ի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) եւ 452 հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) եւ 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) եւ Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) եւ 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը):

Հետաքրքիր է՝ եկեղեցում այդ ինչ «քաղաքական գործունեություն» էին իրականացնում Նիկոլ Փաշինյանն ու նրա արբանյակները, որին միջամտել են Դ.Մ.-ն, Մ.Մ.-ն եւ Գ.Գ.-ն: Ասում են՝ տղաների հետ տեղի ունեցածը հանիրավի քաղաքականացնում են՝ հատուկ ուղարկված են, ընդդիմության պատվեր են կատարում եւ այլն: Իսկ ամենավայրագ ձեւով տղաներին ցուցադրական բերման ենթարկելը եւ իշխանական ԶԼՄ-ներով խայտառակ կադրերը տարածելը վկայում են Նիկոլ Փաշինյանի փոքրոգության եւ նրա վախերի մասին, ինչը բազմիցս հաստատված, վերահաստատված փաստ է:

Ինչ վերաբերում է միջադեպի քաղաքականացման անթույլատրելիությանը՝ դրա շուրջ ընկալումները տրամագծորեն տարբեր են: Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիպուկ նկատում է. «Երկվորյակների հետ կատարվածը չպետք է քաղաքականացնել, այլ պետք է գերքաղաքականացնել, ուլտրաքաղաքականացնել… Եղբայրները եկեղեցում խաղաղ աղոթք էին անում, երբ «քաղաքականությունն» իր դեմքով, շքախմբով, քաղաքական նախընտրական սիմվոլիզմով, ուժայիններով ու քաղաքական նոմենկլատուրայով մտավ իրենց եկեղեցի՝ առաջնային ու դոմինանտ դիրքը խորանի առջեւ գրավելու եւ մյուս հավատավորների նկատմամբ իր դոմինանտությունը ցույց տալու համար»:

 

Անցյալ տարեվերջին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, պետծառայողներին ու պետական հիմնարկների գրեթե բոլոր աշխատողներին շռայլորեն բաշխված աղմկոտ պարգեւավճարներից 3 ամիս անց, երբ սոցիալական անարդարության հանգամանքով պայմանավորված՝ հանրային դժգոհությունների ալիքը հազիվ էր հանդարտվել, հայտնի դարձավ, որ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց դարձյալ խոշոր պարգեւատրումներ է տալիս: 2-ից մինչեւ 5 միլիոն դրամի պարգեւավճարներն արդեն հասանելի են նախարարություններում եւ մարզպետարաններում աշխատող անձնակազմերի համար:

Փաշինյանի հիմնավորմամբ՝ պատասխանատու պաշտոնյաները պետք է նյութական խնդիր չունենան, լավ վաստակեն, որպեսզի իրենց գլխավորած ոլորտներում կադրերի հոսունություն չլինի, մարդիկ ամուր կապվեն ստանձնած հանձնառությունների եւ այն գործի կատարմանը, որին ծառայում են: Իրականում Փաշինյանը ընտրություններից առաջ ֆինանսապես շահագրգռում է միջին եւ բարձր օղակների ղեկավարներին՝ ակնկալելով, որ նրանք տեղերում արդյունավետ կաշխատեն՝ իրենց ենթականերին հունիսի 7-ին «ճիշտ» կողմնորոշելու եւ դեպի քվեատուփեր ուղղորդելու համար: Ուրեմն՝ գլխովին բաժանվող խոշոր գումարները չեն կարող պարգեւավճար համարվել: Դրանք օրինականացված ընտրակաշառք են կամ, եթե կուզեք՝ պետբյուջեից կատարվող համատարած թալան:

Խորհրդային ժամանակներում պարգեւավճարները՝ իբրեւ խրախուսման միջոց, տրվում էին արտադրական նորմաները գերազանցող, աշխատանքի բարձր արդյունավետություն եւ տեխնոլոգիական առաջընթաց ապահովող ինժեներատեխնիկական աշխատողներին, նորարարներին կամ բարձր կարգ ունեցող մասնագետներին, որոնց թիվը սովորաբար սահմանափակ էր լինում: Դե, պարգեւավճարը բարեգործություն չէ, որպեսզի անխտիր բաժանես, դրան արժանանում էին ոչ մեծ թվով անհատներ, իսկ ետ մնացողները ջանում էին հավասարվել արժանավորներին, ինչը ոչ բոլորին էր հաջողվում: Ամեն դեպքում վատ չէր լինի նախորդ համակարգից ընդօրինակել, վերցնել լավը, դրականը եւ հարմարացնել նորագույն պայմաններին:

Երկրորդ կիսամյակի պարգեւավճարների ընդհանուր ֆոնդը նախորդից մեծ է՝ 4.6 մլրդ դրամ: Տարվա կտրվածքով նախարարների աշխատավարձը՝ ներառյալ նրանց հիմնական աշխատավարձը, կկազմի շուրջ 28 մլն՝ ամսական 2 մլն 300 հազար դրամ կամ 6.000 դոլար: Այսինքն՝ Փաշինյանի կաբինետի անդամներն իրենց եկամուտներով ընդամենը մի փոքր կզիջեն աշխարհի ամենաբարեկեցիկ պայմաններն ունեցող երկրներից մեկի՝ Շվեդիայի իրենց գործընկերներին: Բայց Շվեդիայում կենսաթոշակառուները ոչ թե պաշտոնյաներից մի քանի տասնյակ անգամ պակաս գումար են ստանում, ինչպես ՀՀ-ում, այլ ապրում են շատ ավելի բարեկեցիկ կյանքով՝ ստանալով ամսական 2.200 դոլար:

Զարգացած երկրներում պարգեւավճարը արտակարգ ձեռքբերումների արդյունք է, բարեխիղճ աշխատանքի գնահատական, իսկ մեզ մոտ պարգեւավճարները վերածվել են հարստացման եւ ինքնահարստացման աղբյուրի. որքան հորդահոս՝ այնքան դուրալի: Ո՞վ է տեսել սղաճային բյուջե ունեցող երկրում, ահռելի պարտքեր կուտակող երկրում սեփական անձին նշանակել բոնուսներ, որոնք գերազանցում են արեւմտյան թոփ-մենեջերների եկամուտները: Սա, այո՛, պետական մակարդակով իրականացվող թալան է՝ քողարկված բյուրոկրատական ընթացակարգերով եւ տարբեր արդարացումներով:

Նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ կառուցել են այս երկիրը, ստանում են ընդամենը թոշակի հավելում, որով հնարավոր չէ գնել նույնիսկ մեկ տուփ դեղորայք: Սա՞ էր Փաշինյանի խոստացած ապագան:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ապրիլի 1-ին ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ: Հանդիպման նախաձեռնությունը Նիկոլ Փաշինյանինն է: Թե կոնկրետ ինչ օրակարգով է նա Պուտինից հանդիպում խնդրել, հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ չի նշվում: Փոխարենը Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են. «ՀՀ վարչապետի հետ նախատեսվում է քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն փոխգործակցությունը, ինչպես նաեւ տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաները՝ մասնավորաբար Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը»: Նույն օրը կայացան ռուս-հայկական բանակցությունները, որից հետո ՌԴ նախագահը եւ ՀՀ վարչապետը շփումը շարունակեցին դեմ առ դեմ ձեւաչափով:

Հայ Առաքելական եկեղեցին մարտի 29-ին նշեց Ծաղկազարդի տոնը՝ Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը։ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ հռչակվել է նաեւ որպես մանուկների օրհնության օր: Վեհափառը պատարագի էր մասնակցում Էջմիածնի մայր տաճարում: Արդեն հաջորդ կիրակի՝ ապրիլի 5-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն ապրիլի 2-ին ԱԺ-ում լսումներ էր հրավիրել «Պետություն-եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ» հայտարարության նախագծի շուրջ: Նախագիծը կառավարություն-եկեղեցի լարվածության, իշխանությունից գործադրվող ճնշումների եւ սահմանադրական-իրավական կարգավորումների վերաբերյալ մտահոգությունների մասին է։ Լսումներին իշխանականներ չէին մասնակցում: ԱԺ դահլիճում փաստաբաններ ու հասարակական-քաղաքական գործիչներ էին: Ավագ հինգշաբթիի ծիսական արարողությունների պատճառով հոգեւորականներից ներկայացուցիչ չկար, բայց Մայր Աթոռից նամակով ողջունել են խորհրդարանում հրավիրված լսումները:

Ապրիլի 2-ին լրացավ Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարին։ 2016 թվականի ապրիլյան այս օրը Արցախում մեկնարկեցին 90-ականների պատերազմից հետո ամենալայնածավալ ռազմական գործողությունները: Քառօրյա պատերազմի հետեւանքով հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ ունեցավ։ Ադրբեջանական կողմից մարտական գործողությունների հետեւանքով զոհերի հստակ թվաքանակ չի հրապարակվել։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները եւ Արցախի նախկին պաշտոնյաները «Եռաբլուր» էին այցելել ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցին: Պետական պաշտոնյաներն ապրիլի 2-ին զինվորական պանթեոն չգնացին: Ռազմական փորձագետներն արդեն հետահայաց Քառօրյա պատերազմը որակել են 44-օրյա պատերազմի նախավարժանք, ուժերի չափում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: