Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Հունիսին կայանալիք ԱԺ ընտրությունների՝ տակավին չհայտարարված քարոզարշավի շրջանակում «Քաղպայմանագիր» կուսակցությունը՝ ի դեմս Ն.Փաշինյանի ու նրա թիմի, մարտի 14-ին շարունակում էր մարզային այցելությունները՝ այս անգամ Սյունիքում: Բոլոր բնակավայրերում՝ Սիսիանից մինչեւ Մեղրի, փաշինյանական խմբակը, պաշտոնական տեղեկացմամբ, շրջում էր բակերում, շփվում քաղաքացիների հետ, հետաքրքրվում նրանց խնդիրներով, Կառավարության ծրագրերի ու աջակցությունների արդյունքներով եւ այլն: Մասնավորապես՝ թոշակառուներից հետաքրքրվում էր կենսաթոշակների բարձրացման, առողջության ապահովագրության, իսկ ուսուցիչներից՝ ատեստավորման հետ կապված պայմանների մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, որն արտահայտում է Կառավարության պաշտոնական տեսակետը, վարչապետն իրեն մոտեցած մի թոշակառու պապիկի հորդորեց առեւտուրն անել անկանխիկ սկզբունքով, ինչի արդյունքում նրա 48 հազար դրամ կենսաթոշակը կդառնա մոտ 70 հազար: Փաշինյանը, ով, ըստ լրատվականի, բնակելի շենքեր էր մտնում, թակում դռներ՝ քաղաքացիների հետ անձամբ շփվելու, նրանց հոգսերին տեղեկանալու համար, գոհունակությամբ նկատեց, որ շատ քաղաքացիներ գործադիրի սոցիալական ծրագրերի շահառուներ են: Փաշինյանի հետ շրջում էին նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ պաշտոնատար այլ անձինք:
Անշուշտ՝ պաշտոնական խոսքի չափանմուշային միօրինակությունը կամ «կաղապարը» շատ հաճախ թույլ չեն տալիս արտացոլել իրականությունն ամբողջովին՝ ինչպես որ է, այլ իրականությունից քաղում են օրվա իշխանության քիմքին հաճո դրվագները՝ մանավանդ այնպիսի իշխանության, որն այլեւս չի վայելում հանրության վստահությունը: «Հայացքի»-ի արժանահավատ աղբյուրը փորձել է լուսաբանել իշխող քաղաքական ուժի մարզային այցելությունների նաեւ ստվերոտ կողմերը, որոնք, ինչպես ասում են, եւս ունեն կյանքի իրավունք: Ու մենք կջանանք ընթերցողի ուշադրությանը ներկայացնել պաշտոնական տեսանկարահանումից դուրս մնացած կադրերը՝ որքան հնարավոր է:
Սիսիանում Փաշինյանի խմբին դիմավորողներ չեղան, բացի երկու պաշտոնյայից՝ թեեւ մեկ շաբաթ առաջ էին տեղացիներին հայտնել, որ Նիկոլը գալու, այստեղով անցնելու է: Նույն «հյուրասիրությունն» էր նաեւ Ագարակում՝ ընդամենը չորս երեխա էին բերել, որ Փաշինյանը նրանց Հայաստանի քարտեզ-կրծքանշան նվիրի, մյուսների ծնողներն իրենց երեխաներին թույլ չէին տվել: Փոքրերից մեկի գլուխը շոյելով՝ Փաշինյանը նրան հարցրեց. «բա ինչպե՞ս իմացաք, որ մենք գալու ենք»: Ժողովուրդը խոսք ունի, չէ՞, Ճշմարտությունը երեխայից կիմանաս: Այս երեխան չտարավ-չբերավ, ասաց, որ իրենց ավտոյով են բերել այստեղ. «ասել են, որ դուք պիտի գաք»:
Ագարակում մի ընտանիք չէր թողել, որ «անկոչ հյուրերն» իր տուն մտնեն, նույնը նաեւ Մեղրիում պատահեց՝ տեսան Նիկոլն է շեմին կանգնած, դուռն արագ շրխկացրին դեմքին: Գորիսում Փաշինյանին 6 մարդ էր դիմավորել, այդ թվում՝ Գորիսի «դավանափոխ» քաղաքապետը, թեեւ մարդկանց հավաստիացրել էր, թե չի ուզում տեսնել վարչապետի երեսը: Տեղացիներից ոմանք փորձում էին արդարացնել նրան, թե Առուշի հանգամանքն ուրիշ է՝ «2021 թվականից տղուն քաշքշում են, վրեն քրեական գործ են բացել, հազար չարչարանք տվեցին, բա ի՞նչ աներ…»:
Հետաքրքիր միջադեպ եղավ Տաթեւի վանքի մոտ խանութներից մեկում: Փաշինյանը վաճառողուհուն հարցնում է՝ բա ՀԴՄ կտրոն չե՞ք տալիս: Կինն ուղիղ ճակատին շպրտում է. «Կտրոն տանք, որ դու ու կինդ մսխե՞ք»: Տաթեւի վանքի մոտով հեռանալիս էլ կանայք հետեւից «չանչ» են անում: Բնականաբար՝ այդ դրվագները եւս պաշտոնական ԶԼՄ-ները ցույց չտվեցին: Կապանում, որտեղ միշտ սիրով են հյուրեր ընդունում ու ճանապարհում, այդ օրը կառավարական խմբին դիմավորող մի քանի պաշտոնյայից զատ՝ մարդ չերեւաց: Հյուրերին ստիպված ուղեկցեցին քաղաքամեջ, որտեղ սովորաբար հավաքվում են զրուցասերները՝ հիմնականում թոշակառուներ:
Այդտեղ քարոզարշավ իրականացնելու առաքելությամբ մայրաքաղաքից եկածները շատերին մոտեցան, զրուցեցին, նկարահանումներ արեցին, բայց միայն մի տարեց մարդու ցույց տվեցին հեռուստաալիքներով, որը Կառավարությանն իր շնորհակալությունն է հայտնում անվճար դեղեր ստանալու համար:
Փաշինյանի ու նրա թիմի հանդեպ սյունեցիների սառը վերաբերմուքն ակնհայտ էր, եւ դա հասկանալի է: Բազմաչարչար Սյունիքը, թերեւս, ՀՀ տարածքի ամենազգայուն հատվածն է, որի նկատմամբ Կառավարության «հոգատարությունն» արտահայտվում է սոսկ նրանով, որ հաջողել է ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի ավելի քան 21.8%-ը: 2021-22թթ. նվիրատվությունների շնորհիվ պետությունը դարձավ խոշոր բաժնետեր, իսկ բաժնեմասերի կառավարումը վստահվեց ոչ այլ ոքի, քան ՀՀ պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ ԱՆԻՖ-ին, որի կոռուպցիոն խայտառակ չարաշահումների մասին Հայաստանում անտեղյակ մարդ հազիվ թե գտնվի: Բայց թեմայից չշեղվենք:
Գանք այն հարցին, թե ուրիշ ինչ պատճառներ ունի սյունեցին՝ չընդունելու գործող իշխանությանը: Սյունիքը խիստ դժգոհ է Փաշինյանից, ում անմիջական մեղքով թշնամուն է հանձնվել Գորիս-Կապան մայրուղու մոտ 25 կիլոմետրը, իսկ Կապանի եւ մի շարք այլ հատվածներում Ադրբեջանն իր դիրքերը շահեկանորեն մոտեցրել է հայկական բնակավայրերին, ռազմավարական բարձունքներին ու ճանապարհներին: Իշխանասարը, որի 30 տոկոսն էր պատերազմից առաջ պատկանում ազերի թուրքերին, իսկ 70 տոկոսը՝ Սիսիանին, այժմ ամբողջությամբ ադրբեջանական վերահսկողության տակ է: Այսօր Սյունիքը գրեթե բոլոր կողմերից շրջապատված է, ձորերի մեջ սեղմված՝ ասես թշնամու ափում լինի:
Սյունեցին Շուռնուխում եւ տասնյակ այլ բնակավայրերում հնարավորություն չունի այգի մշակելու, անասուն պահելու, որովհետեւ արոտավայրերի ու այգետարածքների մեծ մասը մնացել է ազերիների տիրապետության եւ նրանց կրակոցների հասանելիության արեալում: Ինչի՞ համար հարգել, մեծարել կամ ընդունել այնպիսի վայ-կառավարիչների, որոնք ի վիճակի չեն ապահովել սեփական երկրի սահմանների անձեռնմխելիությունն ու ժողովրդի անվտանգությունը: Այնպիսի վայ-ղեկավարների, որոնց համար երկրորդական նշանակություն ունեն պետության շահերն ու ազգային արժեքները: Փոխարենը կարող են պետական ողջ համակարգը ծառայեցնել անձնական իղձերին ու գերակայություններին:
Փաշինյանի մարզային այցերը՝ նրա անձնական անվտանգությամբ պայմանավորված, կարողանում են հստակ կազմակերպել՝ դույզն-ինչ չմտածելով բյուջետային միջոցների մսխումների մասին եւ թքած ունենալով շուրջ 8 մլրդ դոլար արտաքին պետական պարտքի վրա: Մեր աղբյուրի վկայությամբ՝ Սյունիք այցելության ընթացքում, որտեղ Փաշինյանն իջնում էր ավտոբուսից, արդեն իրենից 300 մետր շառավղով հավաքված են ԱԱԾ հատուկ ծառայողներն ու ոստիկանության աշխատողները՝ քաղաքացիական հագուստով: Շատ դեպքերում այդ նրանց է Փաշինյանը ձեռքով բարեւում՝ իբր չի ճանաչում: Տեղացիները նախապես զգուշացված են՝ վիրավորական խոսքեր, կոչեր բարձրաձայնելու դեպքում իսկույն կկալանավորվեն:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
ԱԺ պատգամավոր եւ խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: ՀՀ նախագահը Վարդանյանի թեկնածությունն առաջադրել է ՍԴ դատավորի պաշտոնում ընտրելու համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հրայր Թովմասյանն այլեւս ՍԴ դատավոր չէ. ուժի մեջ է մտել 2024-ին կայացված նրա դատավճիռը, որով Թովմասյանը մեղավոր էր ճանաչվել Արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Բայց նա չի ազատազրկվի, քանի որ անցել է վաղեմության ժամկետը: Վարդանյանը՝ դեռ նոր պաշտոնում չհաստատված, հրաժարականի դիմում է ներկայացրել եւ հրաժեշտ տվել գործընկերներին:
Մարտի 19-ին Հայաստանի ԱԳ նախարարի՝ Օման պաշտոնական այցի շրջանակներում Մասկատում տեղի է ունեցել Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը: Դեսպանության առջեւ բարձրացվել է ՀՀ եռագույնը: Միջոցառմանը մասնակցել է Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին: Արարատ Միրզոյանը Օմանի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ դեսպանությունը, երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ կայացել է կարճ զրույց, որին ներկա էին Օմանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Օմանում բնակվող հայազգի քաղաքացիներ։ Միրզոյանն իր խոսքում ընդգծել է, որ «Օմանում ՀՀ դեսպանության բացումը կարեւոր քայլ է՝ ուղղված մեր գործընկերության ներուժի լիարժեք իրացմանը եւ տնտեսական, կրթական ու մշակութային ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմանը»:
Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկում 488 տոննա հացահատիկ՝ հայտնում է ադրբեջանական APA-ն: Ըստ լրատվամիջոցի՝ հացահատիկով բեռնված յոթ վագոնը հինգշաբթի Բաքվից ուղեւորվել է Հայաստան։ Մեր երկիր ապրանքների տարանցման արգելքը անցած տարվա հոկտեմբերին չեղարկելուց արդեն արդեն մեկ ամիս անց Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական եւ ղազախական ծագման ցորեն: Դեկտեմբերին էլ Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին: Իսկ այս ամսվա սկզբին հաղորդվեց, որ Հայաստան է ուղարկվել 1984 տոննա դիզելային վառելիք՝ 31 վագոն:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին թույլատրվում է Ֆեյսբուքով տեսաուղերձ հրապարակել: Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ բավարարել են գործարարի պաշտպան Արամ Վարդեւանյանի դիմումը: Վերջինս միջնորդել էր Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձով հանդես գալու թույլտվություն ստանալ: ՔԿ-ն, մասնավորապես, նշում է, որ թույլատրվել է մեղադրյալ Կարապետյանին «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական գործունեության, ծրագրերի եւ մոտեցումների ներկայացման համատեքստում Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ: Վարչապետի առաջադրված թեկնածուն այժմ տնային կալանքի տակ է:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 18-ին մեկնաբանել է ՀՀ վարչապետի ելույթը Եվրոպական խորհրդարանում՝ քննադատելով նրա մի շարք հայտարարություններ ու ծաղրելով որոշ ձեւակերպումներ։ Ճեպազրույցի ընթացքում Զախարովան տարակուսանք է հայտնել Նիկոլ Փաշինյանի՝ «երրորդ երկրների» մասին խոսքերի եւ հայ հոգեւորականների շրջանում նախկին ԿԳԲ աշխատակիցների հիշատակման կապակցությամբ։ «Ինձ համար անհասկանալի է, թե ինչ «երրորդ երկրի» մասին է խոսքը, չեմ հասկանում, թե ում է ակնարկում Փաշինյանը, երբ խոսում է ԿԳԲ աշխատակիցների մասին։ Ո՞ւմ մասին է նա խոսում։ Պարոն Ալիեւի՞ մասին»,- Զախարովան հարցին պատասխանելիս փորձում էր լրագրողից ճշտել, թե ո՞ւմ նկատի ուներ Փաշինյանը։

