Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Փետրվարի 28-ից այս կողմ աշխարհի ուշադրությունը գամված է Իրանի դեմ Միացյալ նահանգների եւ Իսրայելի համատեղ ռազմական աննախադեպ հարձակման վրա, որի մեջ ներքաշված են նաեւ Մերձավոր Արեւելքի այն երկրները, որոնք ամերիկյան ռազմական հանգրվաններ ունեն հիշյալ տարածաշրջանում: Իրադարձությունները զարգանում են բուռն եւ կայծակնային արագությամբ: Գնալով մեծ արկածախնդրության, Թրամփը, ըստ երեւույթին, համոզված է եղել, որ 1-2 շաբթում կարող է «սանձել» Իրանին, ինչպես դա արեց Վենեսուելայում: Բայց նրա հաշվարկները սխալ դուրս եկան՝ Իրանը Վենեսուելա չէ:
Հավանաբար մտածում էր՝ մի քանի թիրախային ռմբակոծություններով շարքից կհանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, բարձրաստիճան պաշտոնյաներին, եւ երկրում խառնաշփոթ կսկսվի, ինչի արդյունքում Իրանը ստիպված կլինի բանակցություններ խնդրել եւ անխոս ընդունել իրենց առաջադրած բոլոր պայմանները՝ մասնավորապես ուրանի հարստացման մասով: Ի դեպ, օրեր առաջ բանակցությունների ընթացքում Իրանը փաստացի համաձայնել էր ԱՄՆ-ի հիմնական պահանջներին, այդ թվում՝ հարստացված ուրանի կուտակման լիակատար դադարեցմանը։ Սակայն հակառակ խաղաղության պատրաստակամությանը՝ Իսրայելն ու ԱՄՆ-ն ընդամենը ժամեր անց հարվածել են Իրանին: Դա հարված էր թիկունքից։
Ի՞նչ է տեղի ունենում իրականում: Անշուշտ՝ Իրանը մեծ կորուստներ է կրում, ինչին, ըստ էության, պատրաստ էր: Սակայն Իրանի պատասխան հարվածներն ավելի դիպուկ ու կոշտ են: Նա ԱՄՆ-ին, Իսրայելին, ԱՄՆ բոլոր դաշնակիցներին պատերազմ է հայտարարել եւ չի պատրաստվում զիջումների գնալ, առավել եւս՝ նահանջել: Փաստերն ավելի քան խոսուն են. Իրանի հարվածներից խիստ վնասներ են կրում մի շարք երկրներ՝ Իսրայելը, ԱՄԷ-ն, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Պակիստանը, Թուրքիան, Բահրեյնը, Սիրիան, Օմանը: Իրանը հարվածում է բոլոր այն կենտրոններին, որտեղ կա ամերիկյան հետք, եւ դա անում է անդադար եւ առանց երկմտելու։
Թրամփը եւ նրա սիոնիստ ընկերը` Նեթանյահուն, որի գտնվելու վայրը մի քանի օր անհայտ էր, դժվար կացության մեջ են հայտնվել. նրանք հույս ունեին, որ Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալ Խամենեիին ոչնչացնելուց հետո Իրանում դժգոհությունների մեծ ալիք կբարձրանա ընդդեմ իրանական գործող վարչակարգի։ Չէ՞ որ Խամենեին Իրանի ընդդիմադիր շրջանակներում լուրջ թշնամիներ ուներ, սակայն 86 տարեկանում հանուն հայրենիքի նրա զոհվելը փոխեց խաղաքարտերը։ Իրանում ոչ միայն չեղան բողոքի ցույցեր, այլեւ Խամենեիի մահը մեծ համախմբվածություն եւ վճռականություն տվեց ժողովրդին։ Չի բացառվում, որ գիտակցաբար գնալով զոհողության՝ Խամենեին հենց այդ նպատակն էր հետամտում:
Այդ օրն Իրանում բարձրաձվեց Կարմիր դրոշը, որը խորհրդանշում է վրեժ, Իրանի նոր հոգեւոր առաջնորդը, որ Խամենեիի 55-ամյա որդին է լինելու, «Ջիհադ» հայտարարեց ԱՄՆ-ի, Իսրայելի եւ բոլոր այն պետությունների դեմ, ովքեր նրանց դաշնակիցն են: Խամենեիին որակեցին որպես պատերազմում զոհված Մարտիրոս եւ Մարգարե, ով 86 տարեկանում չթաքնվեց բունկերում, զոհվեց հանուն Իրանի։ Ըստ իրանական կրոնի՝ կարեւոր է ոչ միայն այն, թե մարդ ինչպես է ապրել, այլեւ այն, թե ինչպես է զոհվել: Այդ առումով Խամենեիի մահը նրան դարձնում է Անմահ հոգեւոր առաջնորդ եւ Միասնականության խորհրդանիշ:
«Ջիհադ» հայտարարելու արդյունքում տասնյակ միլիոնավոր մուսուլմաններ ժամանում են Իրան եւ նրան օգնության ձեռք են մեկնում հենց այն տարածքներից , որտեղ կան ամերիկյան ռազմակայաններ։ Խաղի մեջ են մտնում լիբանանյան «Հեզբոլլահն» ու Եմենի հուսիթները, ինչը մեծ սպառնալիք է Իսրայելի ցամաքային տարածքի համար եւ անլուծելի խնդիր Մերձավոր Արեւելքում ամերիկյան նավատորմի համար։ Իրանն այս օրերին ավելի կոշտ հարվածներ է հասցնում ամերիկյան ռազմահանգրվաններին. Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ռազմակայանը եւ Կիպրոսում գտնվող Մեծ Բրիտանիայի ռազմակայանները դրա վառ ապացույցն են։
Իսրայելական քաղաքները չեն կարողանում դիմակայել Իրանի հարվածներին, Իրաքի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների նավթային պաշարները իրանական հարվածներից հետո 20 միլիարդ դոլարի վնաս են կրել, ինչը ուղիղ անդրադառնալու է նրանց եւ ԱՄՆ տնտեսության վրա։ Իրանը խոստանում է հարվածների ալիքն ամեն հաջորդ օրն ավելի ուժեղացնել։ Աշխարհաքաղաքական խոշոր խաղացողներից Չինաստանը, Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան իրենց անմիջական աջակցությունն են հայտնում Իրանին, իսկ Թրամփը, կարծես թե, ապարդյուն Ֆրանսիային եւ Գերմանիային փորձում է ներքաշել այս պատերազմի մեջ՝ ստանալով բացասական պատասխան։
Դեռ պատերազմի 3-րդ օրը՝ առավոտյան լուրեր էին տարածվել, որ Թրամփի հորդորով իտալացի միջնորդները բանակացությունների ձեռք են մեկնել Իրանին եւ նրա կողմից ստացել կոշտ մերժում։ Իսկ Գերմանիայում, որից աջակցություն ստանալու մեծ հույսեր էր փայփայում Վաշինգտոնը, բազմամարդ ցույց էր տեղի ունեցել՝ հաջակցություն Իրանի, Իսպանիան էլ մերժել էր, որ իր տարածքում գտնվող ռազմակայանն Ամերիկան օգտագործի Իրանի դեմ: Ավելին՝ Թրամփի հակաիրանական գործողությունները դժգոհություն են առաջ բերել բուն ամերիկյան հանրության շրջանում, քննադատության արժանացել Կոնգրեսի կողմից: Մի՞թե Երրորդ համաշխարհային պատերազմը հենց այս տեսքն ունի…
Մինչ աշխարհն իրարով է անցել՝ պատերազմը հասել է Հայաստանի ամենամոտ սահմանին եւ ուր-որ է՝ կծեծի մեր դռները, Նիկոլ Փաշինյանն ուսապարկերի իր խմբակով նախընտրական եռուզեռի մեջ է՝ թեեւ պաշտոնական նախընտրական շրջանի մեկնարկը տրվելու է մայիսին՝ երկու ամսից հետո: Ավտոբուսներով մեկնում են գյուղեր, քաղաքներ, հանդիպումներ ունենում մարդկանց հետ, զրույցի բռնվում՝ ջանալով ցույց տալ, որ պարզ մարդիկ են՝ իրենցից մեկը, եւ ակնկալում են գալիք ընտրություններին ստանալ ժողովրդի քվեն: Մտնում են բակեր, տներ, խանութներ, ոմանց ընդունում-հյուրասիրում են, ոմանց՝ ցույց տալիս դուռը եւ դուրս հրավիրում տարածքից, ինչպես դա եղավ Աշտարակում:
Իշխող քաղաքական ուժի նախընտրական շրջագայությունները տեսանկարահանվում են եւ անամոթաբար սփռվում աշխարհով մեկ: Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին եւ Ալեն Սիմոնյանին հանդիմանում է, թե հարեւան Իրանը պատերազմի կրակների մեջ է, իսկ դուք կարկանդակ եք ուտում: Բայց կարկանդակ ուտելը չարիքի փոքրագույնն է: Իշխանական վերնախավը ընտրություններին ընդառաջ սիրային նոր պատմություններ ու անձնական կյանքի դրամաներ է ցուցադրում՝ երբեք չամուսնացած Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն ավարտում է 28-ամյա «քաղաքացիական ամուսնությունը», իսկ Ալեն Սիմոնյանը, որ մեկ տարի առաջ է հեռացել օրինական կնոջից ու երկու մանկահասակ երեխաներից, իրենից 20 տարով փոքր նոր ընտրյալ ունի:
Նկարագրված դրվագները՝ եթե ոչ ամբողջովին, ապա մեծամասնությամբ, ծառայում են մեկ նպատակի՝ գալիք ընտրություններով պայմանավորված, հանրության ուշադրությունը շեղել կարեւոր խնդիրներից՝ ապօրինի կալանավորումներից, եկեղեցու դեմ իշխանության արշավներից, դատաիրավական ահաբեկչությունից, կոռուպցիայից, ինքնիրավչությունից, պաշտոնական դիրքի չարաշահումներից եւ այլն: Սույն հիմնահարցերին անդրադառնալու եւ դրանց լուծմանը հասնելու փոխարեն մարդիկ՝ այդ թվում ընդդիմությունը, սկսում են քննարկել Փաշինյանի, Աննա Հակոբյանի, Սիմոնյանի եւ մյուսների՝ հրապարակ նետած սնամեջ ասեկոսեները:
Տեսեք՝ ինչով է զբաղված Ադրբեջանը… հենց այս պահին իր Զինված ուժերը բերել է թիվ մեկ պատրաստվածության վիճակի, Իրանի հետ սահմանին մեծ զորախումբ է տեղակայել, Նախիջեւանի օդանավակայանը հրետակոծելու մեղավորի հարցն է բերել օրակարգ եւ սպառնում է, թե Ադրբեջանի պատասխանը չի ուշանա՝ ով էլ որ լինի այդ հրետակոծման հետեւում: Իսկ մեր իշխանություննե՞րը… ի՞նչ են անում՝ բացի կարկանդակ ուտելուց, ժամկետից երկու ամիս շուտ նախընտրական ուղեւորությունների մեկնելուց, Ալեն Սիմոնյանի նշանդրեքը Դվին ռեստորանում «ծաղկեցնելուց» եւ ԱԺ նիստերում հոգեցունց խեղկատակություններ ցուցադրելուց: Բացարձակապես՝ ոչինչ:
Պարզապես լրջմիտ չէ, երբ տարածաշրջանը կրակների մեջ է, իսկ մերձավոր հարեւանը «պեռաշկի» եւ «կուկուռուզ» ուտելով՝ ներկուսակցական շրջայցեր է կատարում, իսկ մյուս հարեւան երկրում՝ դհոլ զարկում…
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Գարնան առաջին օրը լրացավ «Մարտի 1»-ի արյունալի իրադարձությունների 18-րդ տարին։ ՀՀ բարձր ղեկավարությունը ծաղիկներ է խոնարհել Երեւանի Գ.Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008թ. «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին: Այդ օրը վաղ առավոտյան ոստիկանները հարձակվել էին Ազատության հրապարակում գիշերող ցուցարարների վրա, որոնք բողոքում էին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրը Ա.Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում եւ դրա մերձակայքում ցուցարարների եւ ուժայինների միջեւ սկիզբ առած բախումների հետեւանքով 10 մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: Սպանություններից 18 տարի անց «Մարտի 1»-ի գործը դեռ բացահայտված չէ։
Ամենայն հայոց կաթողիկոսը մարտի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ երկրի ղեկավարության եւ քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ՝ հայտնում է Երեւանում Իրանի դեսպանատունը։ «Խոր մտահոգությամբ ենք հետեւում մարդկային կյանքեր խլող եւ տարածաշրջանի անվտանգությունը խաթարող ռազմական գործողություններին, որոնց հետեւանքով զոհվեցին ԻԻՀ Գերագույն Առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ եւ անմեղ քաղաքացիներ»,- դեսպանատան փոխանցմամբ՝ ասված է հեռագրում: «Մեր վշտակցությունն ենք հղում Ձերդ գերազանցությանը եւ մեր աղոթական զորակցությունը բերում զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով Իրանի բարեկամ ժողովրդին խաղաղ եւ ապահով կյանք»,- փոխանցել է Մայր Աթոռի առաջնորդը:
Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը աշխատանքային այցով Վրաստանում էր, որտեղ նախատեսված էր այդ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ նրա հանդիպումը։ ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ երկու երկրների վարչապետների դեմ առ դեմ հանդիպումից հետո կայացել է Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստ, որը համանախագահում էին Կոբախիձեն եւ Փաշինյանը: Մարտի 3-ին Նիկոլ Փաշինյանին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել էր Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին:
Հայաստանն առաջին անգամ լրագրողներին բանտարկող պետությունների ցանկում է. հրապարակվել է Եվրախորհրդի եւ խորհրդի գործընկեր կազմակերպության՝ «Լրագրողների անվտանգության պլատֆորմի» տարեկան զեկույցը: 2025-ի վերջին պլատֆորմում Հայաստանն արձանագրվեց որպես լրագրող կամ մեդիա դերակատար ձերբակալող պետություն, երբ ազատությունից զրկվեցին փոդքաստերներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը՝ զեկույցում է նշված: Ըստ այս փաստաթղթի՝ Հայաստանից բացի, ազատազրկված լրագրողներ կան Եվրախորհրդի այլ երկրներում՝ Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, ՌԴ եւ Բելառուս: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարի գնահատմամբ՝ այս ցանկում հայտնվելը Հայաստանի վարկանիշի վրա բացասաբար է ազդում. «Պետք է դուրս գալ այդ պիտակից տակից»:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուրսը (ԻՀՊԿ) խոստացել է փակել Հորմուզի նեղուցը՝ պնդելով, որ լիովին վերահսկում է ջրային ուղին, որտեղ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր՝ պատրաստ է նավատորմ տեղակայել տանկերներին ուղեկցելու համար։ Կորպուսի ռազմածովային ուժերի պաշտոնյա Մոհամմադ Աքպարզադեի խոսքով՝ նեղուցով անցնող ցանկացած նավ կարող է վնասվել հրթիռներից կամ անօդաչու թռչող սարքերից։ «Ներկայումս Հորմուզի նեղուցը գտնվում է Իսլամական Հանրապետության նավատորմի լիակատար վերահսկողության տակ»,- ասել է Աքպարզադեն հայտարարությունում, որը տարածել է իրանական Fars լրատվական գործակալությունը: Հորմուզի նեղուցը նավթի եւ գազի փոխադրման կարեւորագույն ծովային ուղիներից է աշխարհում:

