Չորեքշաբթի, Մարտի 25, 2026

Շաբաթվա անցուդարձ

14-21 փետրվարի 2026թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ

 

Փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) շրջանակներում «FRANCE 24»-ին տված հարցազրույցում Իլհամ Ալիեւը կտրականապես բացառել է շուրջ երկուսուկես տարի առաջ Արցախից գերեվարված եւ Բաքվում ցայսօր պահվող՝ ԼՂՀ նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին ներում շնորհելու հնարավորությունը: Ավելին՝ օրերս ադրբեջանական դատարանը նրանց ապօրինաբար դատապարտեց ցմահ ազատազրկման կամ երկարաժամկետ բանտարկությունների։ Այդ հարցն, ի դեպ, բարձրացվել էր նաեւ նախորդ շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ։

Ֆրանսիացի լրագրողի հարցին ի պատասխան՝ Ալիեւն Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունը համեմատել է Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո տեղի ունեցած Նյուրնբերգյան դատավարությունների հետ: «Նրանք մարդկության դեմ լուրջ հանցագործություններ են կատարել. նրանց հանցագործությունն ավելի վատ էր, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կատարածը»,- հայտարարել է Ապշերոնի բռնապետը՝ մի մարդ, ով երկու տասնամյակ զբաղված է քնած հայ սպային կացնահարող Ռամիլ Սաֆարով տականքի հերոսացմամբ, որին Բաքվում ճոխ բնակարան ու գնդապետի ուսադիրներ էր նվիրել:

Ալիեւը ռամիլսաֆարովների մի ամբողջ սերունդ է բուծել, որի ներկայացուցիչները 2022 թվականին Արցախում ծեր մարդկանց ականջներ էին կտրում, ամենավայրագ ձեւով կին զիծառայողի մարմին անդամահատում եւ այդ ամենը տեսանկարահանելով՝ տեղադրում համացանցում: Իսկ Բաքվի միապետը հայերին է անվանում «նացիստ»՝ ինչ է, թե ուզում են օրինական կարգով իրականացնել իրենց ինքնորոշման իրավունքը չորսհազարամյա պապենական հողերի վրա: Լիներ ՀՀ-ում պետական շահը սպասարկող իշխանություն, շատ պարզ կասեր Ալիեւին՝ եթե ապացույցներ ունես, դիմիր միջազգային դատարան, ոչ թե միջազգային հայցերի երկուստեք հետքաշման նախաձեռնություն առաջ քաշիր:

Մյունխենյան խաղաղության համաժողովին Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցում, իսկ Ալիեւը գնացել էր տիկնոջ ու դստեր հետ: Մյունխենում նա իրեն դրության տեր էր զգում, եւ մի քանի ուշագրավ հայտարություն արեց: Հավանաբար՝ Փաշինյանն այդ մասին գիտեր, ուստի խուսափել էր գործընկերոջն արձագանքելու՝ իր համար տհաճ հանձնառությունից: Ալիեւը նշեց, որ «խաղաղության համաձայնագիրը կստորագրվի այս տարի»։ Սակայն դրա համար պայման դրեց՝ այն կստորագրվի ՀՀ սահմանադրության փոփոխության հաջորդ իսկ օրը»՝ դարձյալ պնդելով, թե Հայաստանի Մայր օրենքն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ ունի:

Ալիեւի մյուս հայտարարությունը, որն այնքան էլ հաճո չէ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի քիմքին, 2023-ի սեպտեմբերին հակաահաբեկչական գործողության անվան տակ Արցախի վրա կատարած հարձակմանն էր վերաբերում. «Ադրբեջանի եւ ՀՀ-ի միջեւ վերջին արյունալի բախման ու Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի միջեւ ընկած ժամանակահատվածը երկու տարուց էլ պակաս էր»,- նշել է Ալիեւը։ Վաշինգտոնի «գագաթաժողովից» երկու տարի առաջ Արցախի իննամսյա պաշարումից հետո Բաքուն, Հայաստանի  դավադիր անգործության պայմաններում, հարձակվել էր Արցախի վրա, արցախահայերի էթնիկ զտում իրականացրել եւ բռնազավթել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Արցախի անվտանգության երաշխավորի հարցում իր հանձնառությունը չկատարած Փաշինյանն այստեղ եւս Ալիեւին հակաճառելու սիրտ չունի, եւ դա հասկանալի է. հո չէ՞ր ասելու, որ ինքը վաղուց ձեռքերը լվացել է Արցախից ու մի կողմ քաշվել: Նրա համար շատ ավելի հեշտ կլիներ խոսել տարածաշրջանում, մասնավորապես, հայ-ադրբեջանական հարաբերություններում, իբր, հաստատված խաղաղության մասին եւ նման հեքիաթներով փորձել ապակողմնորոշել ընտողներին, թե բերել է խոստացած խաղաղությունը: Բայց նրա ստերին արդեն շատ քչերն են հավատում՝ միայն անուղղելի մոլորյալները:

 

Իսկ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) եւ Վեհափառ Հայրապետի դեմ Փաշինյանի անդադրում արշավը հատել է բոլոր կարմիր գծերն ու հասել անդառնալիության կետին: Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովից երկու օր առաջ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ կարգալույծ արված Մասյացոտնի թեմի առաջնորդի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից արգելվել է, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը:

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը նախօրեին հայտարարել էր, թե թույլ չի տալու, որ կաթողիկոսությունը Հայաստանից դուրս գա: Դատախազությունը հրաժարվում է այս մասին տեղեկություններ հայտնել: Ակնհայտ է, որ սա իշխանության կողմից պատմական ամոթալի գործողություն է: Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հարուցումը, ըստ Զոհրաբյանի, կանխատեսելի էր. «Եկեղեցու դեմ արշավը սկսելիս՝ խոսել եմ այն մասին, որ բարձրաստիճան եկեղեցականների կալանավորումը քայլ առ քայլ ճանապարհ է դեպի Կաթողիկոսի դեմ քրեական գործի հարուցում եւ անհուսալի դեպքում՝ ձերբակալում: Սա ուղղակի խայտառակություն է»,- ասել է փաստաբանը:

Նա տարօրինակ է համարում, որ Փաշինյանի կողմից Կաթողիկոսին ուղղված բոլոր մահացու մեղքերի ու հանցանքների մեջ քրեական գործը հարուցվել է ինչ-որ դատական նիստի խոչընդոտելու դեպքով: Կարծում եմ՝ տարակուսելի ոչինչ չկա՝ նկատի ունենալով Փաշինյանի դատարկախոսությունը: «Մահացու մեղքերը»՝ մանկապիղծ, գործակալ եւ այլն, որոնցում մեղադրում է Վեհափառ Հայրապետին, դատարկ, չհիմնավորված, օդից վերցված խոսքեր են, հետեւաբար ասածներն ապացուցել չի կարող: Իսկ դատական գործին խոչընդոտելը՝ թեկուզ թույլ, բայց իրական փաստ է եւ շատ հեշտ ապացուցելի:

Ամեն դեպքում տեղի ունեցածով Փաշինյանը հերթական ուժգին հարվածը հասցրեց մեր երկրի հեղինակությանը տարածագոտում եւ միջազգային ասպարեզում: Ադրբեջանական մամուլում ցնծություն էր այդ օրերին: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հարուցված քրեական գործը լայն արձագանք է ստացել թշնամի պետության ԶԼՄ-ներում: Թերթերն ընդգծում են, որ հայկական իշխանությունների գործողությունները՝ ուղղված Ամենայն հայոց կաթողիկոսին, ցույց են տալիս Հայաստանի ներքաղաքական համակարգի խոցելիությունը եւ եկեղեցական մակարդակում ծավալվող հակասությունները:

Կաթողիկոսի դեմ քրգործի հարուցումը, մեծ հաշվով, անսպասելի չէր։ Նա, ով առանց խղճի խայթի կարող է թշնամուն հանձնել Արցախը, նրա ծաղկուն գյուղերն ու քաղաքները, նրա հազարամյա եկեղեցիներն ու վանքերը, 150 հազ. մարդու թողնել անտուն-անօթեւան, չարակամ հարեւանին զիջել Հայաստանի տարածքից ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ ու ճանապարհներ, բացահայտորեն երկիրը տանել թուրքացման ուղով, այդ ի՞նչ բարոյական արգելքներ պետք է ունենար, որ Կաթողիկոսի դեմ քրեական գործ բացելու քայլի չդիմեր։

Ամփոփենք՝ Ֆեյսբուքից ներկայացնելով այս թեմայի շուրջ մի քանի ուշագրավ մտքեր՝ Փաշինյանից եւ Փաշինյանի մասին: Ահավասիկ՝ «Նիկոլ Փաշինյանի միտքը էջմիածնի գանձերին տիրանալն է», «Ես թույլ չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին. Նիկոլ Փաշինյան», «Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում անցկացնելը բնավ չի նշանակում կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս տանել», «Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը մտածում է միայն Էջմիածնի գանձերին տիրանալու մասին, սակայն դրան միտված իր գործողությունները կոչում է եկեղեցու բարենորոգում»:

Գանձե՛ր, գանձե՛ր… Փաշինյանը մի գլուխ գանձերի մասին է խոսում: Չլինի՞ ուզում է  եկեղեցու բոլոր գանձերը փռել Աննա Հակոբյանի ոտքերի առաջ. չէ՞ որ իշխանական զույգը համատեղ կյանքի 29-րդ տարում՝ խորհրդարանական ընտրություններից ընդամենը 4 ամիս առաջ, որոշել է գրանցել քաղաքացիական ամուսնությունը, եւ այժմ նրանք պաշտոնապես ամուսիններ են:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ավստրիայի հնագույն Սանկտ Փյոլթըն քաղաքում հրավիրված Եպիսկոպոսաց հավաքը փետրվարի 20-ին ավարտեց իր աշխատանքները: Հավաքին մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու 25 եպիսկոպոսներ: ՀԱԵ-ի Ամենայն Հայոց Կաթողիկոսության Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ՝ խորը մտահոգություն հայտնելով եկեղեցի-պետություն հարաբերությունների իրավիճակի առնչությամբ եւ կոչ անելով ՀՀ իշխանություններին՝ «դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքներն ու հարգել Եկեղեցու՝ դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը: Եպիսկոպոսական ժողովը վերածվեց եպիսկոպոսական հավաքի, որովհետեւ եկեղեցու կանոնական դավանաբանական որոշումներ ընդունող այս մարմինը գլխավորում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ով անցած շաբաթ օրը մեղադրյալ էր դարձել՝ երկրից բացակայելու արգելքով:

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 18-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Միացյալ Նահանգներ, որտեղ մասնակցեց «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստին։ Անցյալ ամիս Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ընդունել էին նախաձեռնությանը միանալու առաջարկությունը եւ Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում ներկա են գտնվել կանոնադրության ստորագրության պաշտոնական արարողությանը։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ այս նախաձեռնությունը Գազայի վերականգնումն է վերահսկելու, այժմ, սակայն, Թրամփն ավելի մեծ խնդիրներ է դրել խորհրդի առջեւ՝ հայտարարելով, թե այն պետք է լուծի գլոբալ հակամարտությունները:

Հայաստանում հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ընտրողների թիվը 2 միլիոն 489 հազար 31 է: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին գրավոր տեղեկացրել է Ներքին գործերի նախարարության Միգացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը: Ընտրական օրենսգրքի պահանջին համապատասխան տրամադրված տեղեկանքում ներկայացված է ընտրողների թիվը ըստ մարզերի եւ Երեւանի վարչական շրջանների: Ըստ այդմ՝ մայրաքաղաքում ընտրողների ընդհանուր թիվը 843 հազար 278 է, մարզերից ընտրողների ամենամեծ թիվը Կոտայքի մարզում է՝ 238 հազար 979, ամենափոքրը՝ Վայոց Ձորում՝ 43 հազար 751 ընտրող:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը փետրվարի 17-ին դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Երբեւէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր ճանաչեց մի շարք հանցանքների մեջ՝ Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորում, մարդկանց տեղահանում եւ այլն։ Վարդանյանը փաստաբանին արգելել էր ներկայացնել պաշտպանական փաստարկներ՝ տեղի ունեցողը որակելով ոչ թե դատ, այլ՝ ֆարս: Շուրջ մեկ տարի տեւած դատավարությանը այդպես էլ որեւէ անկախ փաստաբան, իրավապաշտպան ու լրատվամիջոց չմասնակցեց: Ավելի վաղ 15 տարվանից մինչեւ ցմահ ազատազրկման էին դատապարտվել Արցախի մյուս ղեկավարներն ու գործով անցնող մեղադրյալները:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն Գյումրում է՝ իր կեցավայրում, որտեղ հավաքվել էին հոգեւորականներ, հավատացյալներ՝ դիմավորելու նրան: Արքեպիսկոպոսը ժամանեց ոստիկանների ուղեկցությամբ: Ներկա քաղաքացիները, թեմի ներկայացուցիչները շարականներ երգելով նրան ողջունեցին: Ներկա էր նաեւ քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը՝ քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների հետ: Շիրակի թեմի առաջնորդը փետրվարի 17-ին է դուրս գրվել «Իզմիրլյան» ԲԿ–ից: Վերաքննիչ դատարանը բավարարել էր պաշտպանների միջնորդությունն ու փոխարինել կալանքը տնային կալանքով:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: