Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025

Խմբագրական

Վիրտուալ Հայաստանն ընդդեմ իրական Հայաստանի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

2018-ի իշխանափոխությունը կատարվեց լայն զանգվածների անմիջական ու վճռական մասնակցությամբ։ Եթե մինչ այդ քաղաքական գործընթացներում եւ պետության կառավարման գործում հանրության ազդեցությունն աննշան էր, իսկ ընտրությունները ընդամենը իշխանության վերարտադրության ծիսական ակտ էին, ապա քաղաքականություն զագվածների շռնդալից մուտքը փոխեց զարգացումների ողջ տրամաբանությունը։

Նիկոլ Փաշինյանն իրեն հռչակեց «ժողովրդի վարչապետ», կառավարության դուռը հայտարարեց «ժողովրդի դուռ», իսկ իր քաղաքականության առանցքում դրեց «թալանվածը՝ մինչեւ վերջին կոպեկ, վերադարձնել ժողովրդին» կարգախոսը։ Զանգվածներն իրենց զգացին իշխանության տեր, եւ բոլորը հետայսու պետք է սկսեին հաշվի առնել նրանց կարծիքը։

Սա նոր իրավիճակ էր։ Կարծես թե ժողովրդավարությունը Հայաստանում հաղթել է, եւ բնապահպանների՝ «մենք են տերը մեր երկրի» հայտնի մարտակոչն այլեւս իրականություն է: Սակայն ամեն ինչ այդքան էլ հարթ չէ։ Արդյունքում բազմաշերտ, տարբեր մտավոր ներուժ եւ կրթական ցենզ ունեցող զանգվածը հայտնվեց թիրախում։ Քաղաքական պայքարը ծավալվեց այդ զանգվածի մտքի ու սրտի համար։ Ազդեցության հիմնական գործիքներ դարձան սոցցանցերն ու կայքերը՝ պայքարը փողոցից տեղափոխվեց վիրտուալ իրականություն։

Պատահական չէ, որ «պոպուլիզմ», «մանիպուլյացիա», «դեմագոգիա» բառերը դարձան ամենապահանջվածն ու ամենաարդիականը, հիմնադրվեցին «ֆեյքերի» ագարակներ, որոնց հիմնական նպատակը ախոյաններին լռեցնելն է։ Հայհոյախոսությունները եւ մանիպուլյացիաները դարձան «Նոր Հայաստանը» խեղդող իրականություն, իսկ թիրախում այս անգամ հայտնվեց ժողովուրդը։ Կառուցողական, կրեատիվ եւ սառը տրամաբանության վրա հիմնված քննարկումների կազմակերպումը դարձավ անհնար։

Ժողովուրդը, որ իշխանության աղբյուր էր, դարձավ տարբեր քաղաքական ուժերի եւ խմբավորումների շահարկումների կիզակետ, իսկ քաղաքական կյանքը սահուն տեղափոխվեց վիրտուալ աշխարհ։ Քարոզչությունն ու հակաքարոզչությունը մնացին մամուլի եւ սոցիալական ցանցերի հիմնական զբաղմունքը, որտեղ դիրքավորված կողմերն «աշխատում» են իրականությունից օտարվող վիրտուալ հասարակության հետ եւ նրա համար։

Սա է մոտավորապես «Նոր Հայաստանի» քաղաքական կյանքի պատկերը, որը գնալով ավելի է խորթանում իրական Հայաստանից։ Փոխադարձ սուտը, ձեռնածությունները, ամբոխավարությունը, երկուստեք ատելությունն ու մեղադրանքներն այլեւս մեր հանապազոր կյանքի անբաժան ուղեկիցներն են։

Միգուցե իսկապե՞ս սթափեցնող մի ցնցում է պետք, որպեսզի հանրությունն ու քաղաքական ուժերը վերադառնան իրական Հայաստան՝ չնայած սա վատագույն տարբերակն է։ Շատ ավելի ցանկալի տարբերակ է՝ այս վայրի ընթացքից ինքնուրույն ետ կանգնել ու վերադառնալ իրականություն: Առանց պարտադրանքի եւ, ինչպես ասում են, անկորուստ։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: