Նրանք, ովքեր ուշի-ուշով հետեւում են Փաշինյանի գործողություններին, նրա խոսույթին եւ վարքագծի տարօրինակ ելեւէջներին, անշուշտ, նկատած կլինեն տարբեր առիթներով այդ անձի հոգեկան տվայտանքներն ու անզուսպ պոռթկումները: Բնականից լինելով ճվճվան, անհավասարակշիռ տիպար՝ մեկ էլ կտեսնես դուրը չեկած ինչ-որ բանից, օրինակ՝ լրագրողի հարցից բռնկվեց, սկսեց գոռգոռալ, տեսարաններ սարքել եւ այլն: Սակայն պետք չէ շտապել նման պահվածքը համարել բնածին արատ կամ այն վերագրել գարնանային սրացումներին: Այդ մարդը, պարզապես, վարկանիշի սով ունի եւ զգում է, որ հողը ոտքերի տակից գնում է: Դա էլ նրան դարձրել է անտանելիորեն ջղաձիգ, ինչը փորձում է մեղմել, այսպես կոչված, ներկուսակցական մարզային այցերով:
«Ներկուսակցական այց» ասվածը խնամքով թաքցված նախընտրական քարոզարշավներն են, որոնց մեկնարկը Փաշինյանը տվել է հունիսի 7-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններից առնվազն մեկուկես ամիս առաջ՝ Ընտրական օրենսգրքի առանցքային դրույթներից մեկի կոպիտ ոտնահարմամբ: Իշխանության թիվ մեկ կրողի կողմից օրենքի, սահմանադրական կարգի խախտումները սովորական երեւույթ են եւ ոչ ոքի այլեւս չեն զարմացնում, բայց սա այլ թեմա է, որին ավելի պատեհ առիթով կանդրադառնանք: Հիմա փորձենք հասկանալ, թե Փաշինյանը, այնուամենայնիվ, ինչո՞ւ այդքան շուտ սկսեց ԱԺ ընտրություններին ընդառաջ իր նախընտրական քարոզարշավը:
Ինչպես վերն ակնարկվեց, նա տիրապետում է իր վարկանիշի հետ կապված իրական թվերին, որոնք վերընտրվելու հույս չեն ներշնչում: Մինչդեռ վերընտրվելը նրա համար կենացմահու խնդիր է, որովհետեւ իշխանության կորուստն իր դեպքում՝ ի տարբերություն նախկին նախագահների, ենթադրում է ամեն ինչի կորուստ՝ արքայավայել կենսակերպի, կուտակած հարստության, իշխանական շքեղ վայելքների, ընդհուպ՝ անձնական կյանքի: Հակավարկանիշը գրեթե հավասարվել է 2018թ.-ին ունեցած վարկանիշի ցուցանիշին, ինչից ուղղակի խուճապի է մատնվում եւ ներսում կուտակված չարության մաղձը շաղ տալիս աջ ու ահյակ: Մտքով ատում է բոլորիս, արտաքնապես՝ «սրտիկում» բոլոր ալիքներով:
Խուճապի արդյունք էր, օրինակ, երբ Շիրակի մարզի համայնքներից մեկում վեճի էր բռնվել մարդկանց մի խմբի հետ, որոնք հակաճառում էին իրեն՝ պնդելով, որ գյուղի կենտրոնական ճամփաները նախկինների օրոք են ասֆալտապատվել: Նրանց ապերախտ էր որակում ՔՊ-ին անտեսելու համար: Հիշատակելի է Երեւանի մետրոյում արցախցի կնոջ հետ լեզվակռվի դրվագը. հայրենի բնօրրանից բռնի տեղահանված, անօգնական թողնված մարդկանց՝ այդ թվում զրուցակցին, անվանում է ԼՂՀ-ից «փախածներ» եւ ստանում կնոջ արժանապատիվ արձագանքը: Նախորդ կիրակի էլ Սբ. Աննա եկեղեցում պատարագի ավարտին հրահրված սադրանքն էր, որի մասին շատ է խոսվել: Ուղղակի արհամարհենք միջադեպի «հերոսին»՝ անմեղ դպրոցական ծեծող անկիրթ թիկնապահին, եւ նրա արարքին լռելյայն հավանություն տվող ոչ պակաս անկիրթ պաշտպանյալին:
Նիկոլ Փաշինյանից ու ՔՊ-ական իշխանությունից դժգոհությունն օրեցօր մեծանում է։ Եվ չնայած փաշինյանականները, կարծես թե, իրենց գոհ ու երջանիկ են զգում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների ներկայացրած արդյունքներից, որոնց համաձայն՝ առաջնորդի վարկանիշն ընդամենը 18 տոկոս է, բայց, միեւնույն է, այդ թիվն աներկբա փաստում է, որ հայ հանրությունը մերժում է Փաշինյանին։ Մերժում է այնպես, ինչպես ուղիղ ութ տարի առաջ ինքն ու իր կողմնակիցներն էին մերժում Սերժին, ումից ժողովուրդը դժգոհ էր: Նա հրապարակավ խոստովանեց, որ ինքը սխալվել է, պիտի հեռանա եւ հեռացավ:
Փաշինյանից ժողովրդի դժգոհությունը կրկնապատիկ, եռապատիկ ավելին է, քան Սերժի օրոք էր: Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ոչ միայն սխալվել է,- դա կլիներ չարիքի փոքրագույնը,- այլեւ իշխանավարման 8 տարում բազմաթիվ հանցավոր արարքներ է գործել ընդդեմ պետության ու ժողովրդի: Կատարած չարագործությունների համար նա եւ իր փոքր խմբակը պետք է պատասխան տան օրենքի ողջ խստությամբ: Այսօր մարդիկ Փաշինյանից այնքան են դժգոհ, որ անգամ վախը չի խանգարում՝ նրան դեմառդեմ քննադատելու, թույլ չտալու իրենց հիմնարկը մտնել, շշպռելու համայնքից, եկեղեցուց, խանութից՝ որքան էլ բծախնդրորեն կազմակերպվեն մարզային այցերը, մշակվեն դիպաշարերը եւ բաշխվեն դերերը:
«Հայացք Երեւանից»

