Չորեքշաբթի, Մարտի 25, 2026

Խմբագրական

Հայրենասիրության դեմքը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ժամանակ առ ժամանակ մամուլում տեղեկություններ են սպրդում առ այն, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարության շրջաբերականով խնդիր է դրվում դպրոցներից հեռացնել արցախյան պատերազմներում զոհված հերոսների Փառքի անկյունները։ Ամեն անգամ հանրության բարձրացրած աղմուկից հետո գործընթացը կանգ է առնում, բայց շատ չանցած՝ վերանորոգվում: Զուգահեռաբար՝ դպրոցների տնօրեններին, առաջատար մասնագետներին հրահանգվում է Արցախի թեման, ընդհանրապես, հանել դպրոցից եւ ջանալ այդ թեմայով երեխաների հետ որեւիցե զրույց կամ հիշատակում չանել, իսկ նրանց կողմից տրվող հարցերը քաղաքավարի շրջանցել:

Ի՞նչ ասել կուզի, ո՞րն է նպատակը: Ամենայն հավանականությամբ՝ այդ պահանջը, ի թիվս այլոց, գալիս է Իլհամ Ալիեւից, ով ամենաշատն է փափագում, որպեսզի հազարամյակների պատմություն ունեցող հայկական այդ գողտրիկ բնօրրանը առհավետ ջնջվի սերունդների հիշողությունից, մատնվի խորը մոռացության: Հանրակրթական դպրոցներում գործող Փառքի անկյունները հենց այդ տրամաբանության մեջ են մտահոգում ոխերիմ հարեւանին, խանգարում նրա քունը: Իլհամը գիտի, որ Արցախն Ադրբեջանին չի պատկանում եւ վաղ թե ուշ՝ վերադարձվելու է իր տիրոջը: Իսկ եթե չգիտի՝ թող կարդա հայր Ալիեւի հայտնի ինքնախոստովանությունը, թե՝ «Ղարաբաղը մերը չէ. դա հայկական տարածք է»:

Ասում են՝ գող, սիրտը՝ դող: Ալիեւ կրտսերը նույնիսկ դպրոցական այդ անմեղ անկյունից է վախենում, որտեղ պատկերված են իր հրահրած պատերազմի մեր սուրբ նահատակները՝ «Փա՛ռք հերոսներին» խորագրի ներքո, եւ կարճ տեղեկանյութ նրանց կյանքի ու սխրանքի մասին: Այդ սեղմ ու իմաստալից նյութերը պետք չեն լուսանկարներում պատկերված մեր քաջակորով հայորդիներին, բայց ապրողներին, աճող սերունդներին շատ են հարկավոր՝ հայրենասիրական ոգով կրթվելու, դաստիարակվելու համար: Հայրենասիրություն, որը վսեմագույն արժեք է, եւ ամո՛թ նրանց՝ հատկապես բարձրաստիճան այն պաշտոնյաներին, ովքեր անձնական ինչ-ինչ նեղ շահերից ելնելով՝ ստորադասում են Հայրենիքը եւ սերը նրա հանդեպ:

Այժմ ԿԳՄՍ որոշ պատասխանատուներ որքան էլ փորձում են չքմեղանալ, թե դպրոցական Փառքի անկյունների վերաբերյալ ՀՀ կրթական գերատեսչությունից հանձնարարություն չի ուղարկվել, «Հայացք»-ի վստահելի աղբյուրը հակառակն է պնդում՝ նշելով, որ մարզային շատ դպրոցներ շրջաբերականներ են ստացել արցախյան պատերազմում անմահացած ազատամարտիկների Փառքի անկյունները կազմաքանդելու մասին: Այդ «աշխատանքը» համակարգելու հանձնառությունը դրված էր հիմնականում մարզպետարանների վրա, որոնք այն կատարում են անմռունչ եւ հնարավորինս անաղմուկ, ինչպես հանձնարարված է Կառավարության կողմից:

Ցավոք, գործող իշխանությունների հարցում հայերիս բախտը չի բերել. նրանց համար հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է՝ անդեմ-անկերպարանք: 2024թ. սեպտեմբերին տեղի ունեցած Համաշխարհային հայկական 2-րդ գագաթաժողովում Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայրենասիրության խորհրդային մոդելի մասին, այն դիտարկել է իբրեւ մեր սոցիալ-հոգեբանություն ներմուծված օտարոտի երեւույթ: «Հայաստանի անկախության առաջին օրվանից մենք հռչակել ենք մեր անկախությունը հայրենասիրության այն մոդելի հիման վրա, որի համաձայն՝ մենք անկախ պետություն չպետք է ունենանք»,- ընդգծել է նա՝ ինչպես միշտ, ծուռ հայելու մեջ, աղճատված ներկայացնելով հայրենասիրության «դեմքը»:

Դժվար է հավատալ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անկեղծությանը, երբ ասում է, թե իր ամենամեծ խնդիրը, որ ունեցել է, եղել է իր հայրենասիրությունը: Խորհրդային կարգերի օրոք հազիվ 13-14 տարի ապրած պատանեկը ինչ կարող է իմանալ խորհրդային հայրենասիրության մասին, որով տոգորված էին հարյուր հազարավորներ Հայաստանում եւ Հայաստանից դուրս՝ իրենց մեծ ու փոքր հայրենիքներում: Հայրենասիրությունը 1941-ին Հայրենական պատերազմ հաղթեց, հետպատերազմյան տարիներին գիտամշակութային առումով, տնտեսապես վերականգնեց երկիրը, տուֆակերտ մեր մայրաքաղաքը դարձրեց ԽՍՀՄ-ի եւ աշխարհի չքնաղագեղ քաղաքներից մեկը: Սա է իրական հայրենասիրության դեմքը, որը, թերեւս, ՔՊ-ի խելքի բանը չէ:

 

«Հայացք Երեւանից»

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: