Ո՞վ է տեսել այսպիսի բան՝ երկրի առաջին դեմք հանդիսացող պատասխանատու անձը, ուրիշների ներկայությամբ, գետնով տա իր ղեկավարած պետության եւ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը: Դա ճիշտ նույնն է, եթե որոշի այդ բանն անել սեփական ընտանիքի նկատմամբ՝ գործընկերներին պատմելով, որ կինը անառակի մեկն է, ավագ որդին՝ թմրամոլ, դուստրը՝ թեթեւսոլիկ, մյուսը՝ ծանծաղամիտ եւ այլն: Իր տան «կեղտոտ սպիտակեղենը» դուրս հանող մարդուն, առավել եւս՝ բարձրաստիճան պաշտոնյային, տարբեր անուններ կարող են կպցնել, բայց ընդհանրական բնորոշումը տալիս է ժողովուրդը՝ իր անմշակ բարբառով. «էս մարդու գլխի հետ ինչ-որ բան էն չէ»:
Լսում ես մարտի 11-ին եվրոպական խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթը եւ ոչ մի կերպ չես ընկալում այն որպես ինքնիշխան պետության ղեկավարի ծանրակշիռ խոսք: Այնպիսի ղեկավարի, ով իրապես մտածում է սեփական երկրի շահերի, այլ ոչ թե իր անձնական բարեկեցության ու իշխանական աթոռի մասին: Նրա ստրասբուրգյան ելույթը, որը կոչված էր արծարծելու անվտանգության մարտահրավերների ու տարածաշրջանային իրողությունների հրատապ խնդիրներ, սահմանափակվեց ներհայաստանյան օրակարգով: Փաստորեն միջազգային հեղինակավոր հարթակը Փաշինյանն օգտագործեց քաղաքական ընդդիմախոսներին, ՀԱԵ հոգեւորականներին պիտակավորելու, իսկ Ադրբեջանին ու նրա նախագահին դրվատելու համար:
Փաշինյանն, ըստ էության, եվրալսարանին փորձում էր համոզել, որ ՀՀ-ում գոյություն ունի քաղաքական ընդդիմություն, որը պետք է չեզոքացվի։ Նա Հայաստանի ներքաղաքական պայքարը ներկայացրեց որպես աշխարհաքաղաքական պայքար, որտեղ իշխանության ընդդիմախոսները հայտարարվեցին «պատերազմի կողմնակիցներ» կամ «արտաքին ուժերի ազդեցության գործակալներ»։ Սա վտանգավոր քաղաքականություն է, որը ոչ միայն խորացնում է հասարակական բեւեռացումը, այլ նաեւ արտաքին ուժերին ներգրավում է ՀՀ-ի ներքին քաղաքական հակամարտության մեջ՝ փորձելով արեւմտյան կենտրոններից ստանալ երկրի ներսում բռնաճնշումներ իրականացնելու օրինակարգություն։
Ելույթի մի քանի շեշտադրումներից ամենաառանցքայինը, թերեւս, Արցախին վերաբերող հայտարարությունն էր, որին արժե անդրադառնալ փոքր-ինչ մանրամասն: Փաշինյանը հայրենիքից բռնի տեղահանված, փաստացի էթնիկ զտման ենթարկված 100 հազարից ավելի արցախահայերին անվանեց փախստականներ՝ հավելելով, որ պետք է օգնել նրանց՝ տնավորվելու Հայաստանում, «որպեսզի մոռանան Արցախ վերադառնալու մասին»: Ո՛չ, հարգելիս, արցախցին փախստական չէ, նրան բռնի ուժով՝ մահվան սպառնալիքի տակ, զրկել են հազարամյակների իր բնօրրանից, պապենական հողից, եւ նա՝ անկախ որեւէ մեկի ցանկությունից, վաղ թե ուշ, տուն կվերադառնա:
Հատկանշական է, որ Փաշինյանի ելույթից անմիջապես հետո Եվրախորհրդարանի երեք խոշոր խմբակցության 36 պատգամավորներ՝ հակադրվելով վերջինիս հայտարարությանը, նամակով դիմեցին ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասին եւ պահանջեցին աշխատանքներ իրականացնել՝ ապահովելու բռնատեղահանված անձանց Արցախ վերադարձնելու իրավունքը: ԵԽ պատգամավորները միաժամանակ պահանջում էին Ադրբեջանի նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառում, Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակում, Ադրբեջանի հետ գազային հուշագրի աշխատանքի դադարեցում եւ նման կարգի այլ միջոցառումների ձեռնարկում:
Նույնաբովանդակ բանաձեւ ԵԽ-ն ընդունել էր նաեւ 2025-ին, որին կողմ էր քվեարկել մոտ 500 պատգամավոր: Սա դեռ բոլորը չէ: Մենք գործ ունենք ԵԽ-ի քաղաքական դիրքորոշման հետ, որը չի կիսում Ն. Փաշինյանի քաղաքական տեսլականն ու առաջնահերթությունները: Դրանք արտացոլված են վերջին տարիներին ընդունված տասնյակ բանաձեւերում: Ասել է թե՝ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԵԽ ամբիոնից խոսել է մի բանի մասին, որը եվրոպական քաղաքական միտքը մերժում է: Արցախահայության տունդարձի հարցում գրեթե նույնական են ԱՄՆ կոնգրեսի եւ արեւմտյան այլ երկրների դիրքորոշումները: Այսինքն՝ կա միջազգային ընկալում:
Նիկոլը գոնե հասկանո՞ւմ է, որ խաղաղության երաշխիքը մի քանի վագոն ցածրակարգ ցորենը չէ, ոչ էլ մի քանի բարել նավթը: Խաղաղության երաշխիքը արդար եւ ուժեղ պետությունն է:
«Հայացք Երեւանից»

