Պացիֆիզմ (խաղաղարարություն) բառեզրն առաջացել է լատիներեն pacificus-ից, բառացի՝ խաղաղարարություն բառից: Պացիֆիստները չեն ընդունում պատերազմների միջոցով վիճելի հարցերի լուծումը. նրանք դեմ են բռնությանը, սպանությանը, կողմ են սիրուն։ Որեւէ բանական, սոցիալականացված, հոգեկան խանգարում չունեցող մարդը չի կարող դեմ լինել այդ գաղափարին։ Ինչպես պացիֆիստների սիրած կարգախոսներից մեկում է ասված. «մի պատերազմեք, զբաղվեք սիրով»։
Որպես կազմակերպված շարժում՝ պացիֆիզմը ձեւավորվել է 1880-ական թվականներից, խաղաղարարների միջազգային կոնգրեսներ էին տեղի ունենում, որտեղ դատապարտում էին եւ պահանջում արգելել պատերազմները։ Այդ շարժման ականավոր գաղափարախոսներից էր ռուս հանրահռչակ գրող Լեւ Տոլստոյը։
Առհասարակ՝ այդ թվականներին ողջ Եվրոպայում բազմաթիվ շարժումներ էին առաջացել՝ սուֆրաժիստուհիների (կանանց ընտրական իրավունքի համար պայքարողների), ֆեմինիստների, կոմունիստների, անարխիստների, սոցիալ-դեմոկրատների, ազատ սիրո կողմնակիցների եւ այլն: 19-րդ դարի վերջն ու 20-րդ դարի սկիզբը ռոմանտիկայի, նոր փիլիսոփայական ու սոցիալական շարժումների ժամանակաշրջան էր, ինչը վառ արտացոլում է գտել գրականության ու արվեստի մեջ:
Խաղաղարարության հակառակ կամ ամենաթույլ կողմը այն հավատամքն է, թե երբ գալիս է ձեզ ոչնչացնել ցանկացող բիրտ ուժը՝ նրան դիմադրելով, դուք խրախուսում ենք չարիքին: Բայց արդյո՞ք չդիմադրելու դեպքում չենք խրախուսում՝ այս մասին ոչինչ ասված չէ: 20-րդ դարի ռոմանտիկ եւ ուտոպիստական գաղափարները վերջացան Առաջին աշխարհամարտով, Ռուսաստանում կոմունիստական հեղափոխությամբ եւ ֆաշիզմի ու ազգայնական սոցիալիզմի առաջացմամբ:
Վերջին տարիներին Հայաստանում խաղաղարարական շարժումներ են սկսել առաջանալ, եւ 2018-ի իշխանափոխության արդյունքում այդ շարժումների շատ անդամներ հայտնվել են խորհրդարանում ու պետական կառավարման համակարգում: Դրա տխուր հետեւանքը 44-օրյա պատերազմում կրած պարտությունը եղավ, սակայն պարտությունը ոչ միայն չսթափեցրեց հայ պացիֆիստներին, այլեւ՝ հակառակը. նրանցից շատերը համարում են, որ իրավացի էին, որ չէին ուզում դիմադրել չարիքին:
Այսօր Հայաստանում խաղաղարարական շարժումը նորից է ուզում գլուխ բարձրացրել: Միգուցե դա մեզ նոր պարտություննե՞ր է գուժում… եթե մենք փորձենք դիմադրել չարիքին:
Վերջում՝ թեմային առնչվող ուշագրավ մի մեջբերում Ալբեր Քամյուի «Անկում» վեպից. «Ես գիտեի մեկին, ով ի սրտե չէր ընդունում անվստահությունը։ Նա պացիֆիստ էր՝ ամբողջական, անսահմանափակ ազատության կողմնակից, սիրում էր ողջ մարդկությանը, աշխարհի բոլոր կենդանիներին։ Ընտրյալ հոգի էր… Իր տան շքամուտքին գրել էր. «Որտեղից էլ դուք լինեք՝ մտեք, բարով եք եկել»։ Եվ ի՞նչ եք կարծում, ովքեր առաջինն արձագանքեցին այդ սրտաճմլիկ հրավերքին։ Ֆաշիստները։ Նրանք մտան խաղաղասերի մոտ, ինչպես իրենց տուն, եւ թափեցին նրա աղիները»։