Կառլոս Ռուիս Սաֆոն, «Հրեշտակի խաղը», վեպ, իսպաներենից թարգմանությունը՝ Ռուզաննա Պետրոսյանի, 648 էջ, «Անտարես» հրատ., 2025թ.:
20-ական թվականների Բարսելոնայում անհնարին սիրո բովերով տարված երիտասարդ գրողն առաջարկ է ստանում ոմն խորհրդավոր հրատարակչից՝ գրելու մի այնպիսի գիրք, ինչպիսին երբեւէ չի եղել՝ փոխարենը խոստանալով նրան մեծ կարողություն:
Շլացուցիչ ոճով եւ պատումի անբասիր ճշգրտությամբ «Քամու ստվերը» գրքի հեղինակը մեզ կրկին տեղափոխում է Մոռացված գրքերի գերեզմանոց՝ ընթերցողին ականատես դարձնելով գաղտնիքների լաբիրինթոսների, խարդավանքների, սիրավեպերի եւ ողբերգական մի մեծ պատմության, որտեղ գրքերի հմայքը, կիրքն ու ընկերությունը միավորվում են վարպետորեն հյուսված պատմության մեջ:
Ամբողջ Բարսելոնան ձգվում էր իմ ոտքերի տակ, եւ ես ուզում էի հավատալ, որ երբ բացեի այդ պատուհանները՝ իմ նոր պատուհանները, ամեն երեկո նրա փողոցները ինձ պատմություններ կշշնջային, ականջիս մեջ գաղտնիքներ, որոնք ես կարող էի թղթի վրա բռնել եւ պատմել նրանց, ովքեր ցանկանում էին լսել… Բարսելոնայի սրտում գտնվող լքված առանձնատանը մի երիտասարդ՝ Դեյվիդ Մարտինը, իր ապրուստը վաստակում է կեղծանվամբ սենսացիոն վեպեր գրելով։
Անհանգիստ մանկություն վերապրած լինելով՝ նա ապաստան է գտել գրքերի աշխարհում եւ գիշերներն անցկացնում է քաղաքի ստորգետնյա աշխարհի մասին բարոկկո պատմություններ հյուսելով։ Բայց գուցե նրա մռայլ երեւակայություններն այնքան էլ տարօրինակ չեն, որքան թվում են, քանի որ տան խորքում գտնվող փակ սենյակում լուսանկարներ եւ նամակներ են թաքնված, որոնք ակնարկում են նախորդ սեփականատիրոջ խորհրդավոր մահվան մասին:

