Երեքշաբթի, Ապրիլի 29, 2025

Շաբաթվա անցուդարձ

14-21 նոյեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նոյեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրել ընդդիմադիր գործիչներ Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին եւ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Ավելի վաղ նույն գործի շրջանակում մեղադրանք էր ներկայացվել նաեւ  ՀՅԴ անդամ, արվեստագետ Աշոտ Ավագյանին: ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մեղադրվում էր իշխանության յուրացումը եւ վարչապետի սպանությունը նախապատրաստելու, իսկ մյուս երեքը` վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան դիտավորությամբ կյանքից զրկելու եւ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու գործողություններ նախապատրաստելու համար։ Ձերբակալվածներն իրենց առաջադրված մեղադրանքները չէին ընդունում` հայտարարելով, որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդումներ են:

Մեղադրանքների ապացուցողական հիմքը հեռախոսային խոսակցության մի ձայնագրություն էր, որտեղ, ըստ իրավապահների, այս գործով մեղադրյալները խոսում են առգրավված զենքի օգտագործման եւ նպատակի մասին։

…Այն, որ վարչապետի սպանության նախապատրաստումը եւ իշխանության յուրացումը «կարված» գործ է, գրեթե ոչ մի կասկած չի հարուցում: Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանն իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանքը ապօրինի է որակում, որովհետեւ մեղադրանքի հիմք հանդիսացող ձայնագրությունը, փաստաբանների պնդմամբ, մոնտաժված է: «Սա մոնտաժված խոսակցություն է, որը հաստատվել է նաեւ դատախազության կողմից դատական նիստի ընթացքում»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը: Եվ պատահական չէ, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները, որտեղ քննվում էին այդ գործերը, ոչ իրավաչափ են ճանաչել 4 մեղադրյալներից 3-ի` Վանեցյանի, Ավագյանի եւ Բաղդասարյանի ձերբակալությունները, եւ նրանք ազատ են արձակվել, իսկ չորրորդի` Աշոտ Մինասյանի գործը քննող դատավորը հրաժարվել է գործը վարել եւ բացարկ է հայտնել: Ավելի ուշ` կալանքի տակ պահելու 72 ժամը լրանալուն պես, Մինասյանը եւս ազատ արձակվեց, քանի որ սահմանված ժամկետում մեղքը հնարավոր չեղավ ապացուցել: Առայժմ ոչ մի դատավոր չի ստանձնել «կարված» գործի քննությունը: 

Միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ է տեղի ունեցել իրականում եւ ինչպես է ի հայտ եկել իշխանության յուրացման ու վարչապետի սպանության նախապատրաստման հետ կապված խիստ կասկածահարույց այս պատմությունը, որն այնուհետեւ դարձավ հանիրավի մեղադրանք եւ քրեական գործ: Անձամբ ինձ հայտնի չէ նման նախադեպ, երբ փուչ դուրս գան պետականության հիմքերին լրջորեն սպառնացող եւ այդ մասին ի լուր ամենքի հայտարարված հանցագործության կանխավարկածները: Հետեւաբար մեզ մնում է դիտարկման համար թիրախավորել տվյալ ժամանակահատվածը` իր բնորոշ հատկանիշներով` դեպքերով ու դեմքերով, հույզերով ու տրամադրություններով: Եվ այսպես, սկսենք մեղադրանքի առաջադրման օրվան` նոյեմբերի 15-ին նախորդող 7-րդ օրվանից` նոյեմբերի 9-ից, որպեսզի ընդգրկենք գոնե մեկ շաբաթ ժամանակամիջոց: 

Նոյեմբերի 9-ը հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաողբերգական ամսաթիվը դարձավ: Այդ օրը Շուշին ընկավ` ճմլելով մեր սրտերը, եւ պատերազմը տանուլ տված վարչապետը Մոսկվայում ստորագրեց Արցախի ծվատման գնով կրակը դադարեցնելու ստորացուցիչ համաձայնագիրը: Այդ օրը ՀՀ 17 կուսակցություններ հայտարարություն էին տարածել` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը: «Որպես պետություն եւ ժողովուրդ` կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջեւ, որը պահանջում է վճռական որոշումներ ու գործողություններ: Մինչդեռ քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին»,- նշված է հայտարարության մեջ: Ավելի վաղ պատերազմական վիճակով մտահոգ` հայտարարությամբ հանդես էին եկել 13 կուսակցություն` այդ թվում «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն եւ «Հայրենիք» կուսակցությունները:

Նոյեմբերի լույս 10-ի գիշերը Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հայտարարության ստորագրումից հետո կրքերը սկսել էին ավելի թեժանալ, իսկ դժգոհության ամպերն` ավելի խտանալ վարչապետի գլխավերեւում: Վերջինիս ոչ մի արդարացում, ոչ մի փաստարկ հանրության կողմից չէր ընկալվում, հրաժարականի պահանջը գնալով ուժգնանում էր, եւ նա մտածում է իր վիճակի հանդեպ կարեկցանք առաջացնելու միջոցով միգուցե կարողանա շահել մարդկանց գութը: Նոյեմբերի 12-ին ուղիղ եթերում ժողովրդին հղած իր ուղերձում Փաշինյանն ասել է. «Փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է` ոչ միայն քաղաքական, այլեւ ֆիզիկական իմաստով»։ Իրավիճակի թելադրանքն, ըստ վարչապետի, այնպիսին էր, որ իրեն մղում էր հանուն 25 հազար զինվորի կյանքի ապահովության վտանգել սեփական կյանքը: «Եկել էր հայրենիքի ժամանակը` հանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինվորների համար գնալ զոհողությունների, եւ ես այդ թուղթը ստորագրել եմ այդ գիտակցությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետի տեքստում հոգեբանորեն տպավորվող կայուն կապակցությունը, որը նստվածք է տալիս ունկնդրի մտապատկերում, «ֆիզիկական իմաստով իր զոհվելու մեծ հավանականություն» խոսքն է: Բայց դա կարող է արագ մոռացվել: Տպավորությունն ուժեղացնելու համար անհրաժեշտ է «նստվածքի» գործնական ամրապնդում, ինչում կարող են օգնել ուժային կառույցները` համացանցային «ֆեյքերի» հետ միասին, որոնք ներկայում, ըստ էության, վարչապետի ու նրա թիմի միակ հենարանն են: Թերեւս այս համատեքստում պետք է դիտարկել ԱԱԾ-ի նոյեմբերի 15-ի հաղորդագրությունը: Հեշտ չէ այսօր բնութագրել ԱԱԾ-ում տիրող վիճակը, որը գործող վարչապետի խոսքով` պետք է կարողանա այս ծանր ժամանակներում կատարել «պետության ողնաշարի իր դերակատարումը»: Թե որքանով է ամուր եւ հուսալի հայոց պետության ողնաշարը, որին կարելի է վստահել ու ապավինել նրա արդարամտությանը, կարելի է դատել վերը նկարագրված առոչինչ գործի վերաբերյալ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից` մասնավորապես բարձրագոչ ու մեծադղորդ այն ձեւակերպումներից, որոնք այս կոնկրետ դեպքում կոչված են «լույս սփռել» տեղի չունեցած մի հանցագործության հանգամանքների վրա: 

Ահա հանցագործության մասին հաղորդագրությունից մի հատված. «Հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում` «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Վ.-ն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վ. Բ.-ն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ա. Ա.-ն, ինչպես նաեւ Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Ա. Մ.-ն, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական եւ համապատասխան քննչական ու այլ դատավարական գործողություններ խմբի մյուս անդամներին հայտնաբերելու եւ նրանց հանցավոր գործունեությունը կանխելու, խափանելու եւ չեզոքացնելու ուղղությամբ»: 

Հանցագործությունը տեղի չունեցավ, բայց «նստվածքը» մնաց: Փույթ չէ, թե ինչ կատարվեց «մեղադրյալների» ընտանիքներում: ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արմեն Աբազյանը պետության ողնաշարի իր դերակատարման առաջին փորձաքննությունը գերազանց հանձնեց: Կեցցե´ս:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

  

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով

Վարչապետի նոյեմբերի 18-ի որոշմամբ` Արա Այվազյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետի առաջարկությամբ եւ նախագահի հրամանագրով Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար: Նա 51 տարեկան է, նախկինում եղել է Մեքսիկայում, Կոստա Ռիկայում, Կուբայում, Հոնդուրասում, Գվատեմալայում եւ Պանամայում ՀՀ դեսպան, իսկ ավելի վաղ դեսպանի պաշտոն էր զբաղեցրել մերձբալթյան, ինչպես նաեւ այլ երկրներում:

Դրանից երկու օր առաջ վարչապետը հայտնել էր, որ Զոհրաբ Մնացականյանին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել: Նոյեմբերի 17-ին էլ Շավարշ Քոչարյանն էր ազատվել ԱԳ փոխնախարարի պաշտոնից:

Կրակի դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերը շարունակում են իրենց բնորոշ յուրատեսակ «պատերազմը» հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության դեմ՝ ոչնչացնելով եւ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով կրոնական վայրերի ու հուշարձանների նկատմամբ: ԱԳ նախարարության հաղորդմամբ` ադրբեջանական կողմի թիրախավորման առարկա է դարձել նաեւ Շուշի քաղաքում տեղադրված` Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի պղծումը: «Խստորեն դատապարտելի է նաեւ Արցախի տարեց քաղաքացու նկատմամբ ադրբեջանական զինվորների նվաստացուցիչ վերաբերմունքը՝ պայմանավորված բացառապես նրա էթնիկ ծագմամբ», - ասված է ԱԳՆ նոյեմբերի 19-ին տարածած հայտարարության մեջ:

Նախօրեին զբաղեցրած պաշտոնից հրաժարական տված` ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը նոյեմբերի 19-ի մամլո ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է հանցագործության մեջ` մասնավորապես նշելով, որ «երկրի վարչապետը հրաման է արձակում կանգնեցնել համալրումը եւ փոխարենը կամավորականներին ուղարկում առաջնագիծ՝ պատերազմի երրորդ օրը»։ Նա ընդգծել է, որ ընդհանուր զորահավաք չի կատարվել, եւ այդտեղից էլ ծնվել են բոլոր խնդիրները։ Գլխավոր դատախազությունն ասուլիսի տեսագրությունը ուղարկել է ՀՔԾ՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու եւ իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

Ադրբեջանի համար անընդունելի է Ղարաբաղին հատուկ կարգավիճակ շնորհելը` հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ֆիզուլիի շրջանում, ուր նոյեմբերի 17-ին այցելել էր մարտական գործողությունների ավարտից հետո։ «Ոչ մի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։ Կա միասնական Ադրբեջան` բազմազգ ու բազմակրոն։ Ադրբեջանի տարբեր ազգությունների ու հավատի բոլոր քաղաքացիներն ապրում են խաղաղության մեջ եւ հայերը նույնպես կապրեն այդ պայմաններում»,- ասել է Ալիեւը: Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը մտել է քաղաքական կարգավորման փուլ` հավելելով, որ Ադրբեջանը հարցը լուծել է ռազմական ճանապարհով։

Ապրիլի 26 2025
Ապրիլի 19 2025
Ապրիլի 12 2025
Մարտի 29 2025
Մարտի 22 2025
Մարտի 15 2025
Մարտի 07 2025

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: