Հինգշաբթի, Փետրվարի 22, 2024

Շաբաթվա անցուդարձ

14-21 հոկտեմբերի 2023թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Շաբաթասկիզբը նշանավորվեց նախօրեին տեղի ունեցած միջազգային երկու կարեւոր իրադարձությունների՝ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի եւ ԱՊՀ-ի՝ հոկտեմբերի 13-ին ավարտված բիշքեկյան գագաթաժողովի արդյունքների բուռն քննարկումներով: ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 12-ին ընդունել էր «Հումանիտար իրավիճակն Արցախում» բանաձեւը եւ համանուն հանձնարարականը։ Բանաձեւում դատապարտվում են սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունները, ինչի հետեւանքով Արցախի գրեթե ողջ բնակչությունը ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի եւ Ադրբեջանի հակահայկական քաղաքականության պատճառով հեռացել է իր հայրենիքից։

Վեհաժողովն արձանագրել է, որ կան էթնիկ զտումների հիմնավորված կասկածներ, եւ չի բացառել, որ էթնիկ զտման իրականացումը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է անհատական քրեական պատասխանատվության հանգեցնել: «Ադրբեջանն ունի բոլոր բնակիչների, այդ թվում ազգային փոքրամասնության իրավունքները պաշտպանելու պարտավորություն եւ պատասխանատվություն… Մինչդեռ նրա գործողություններն էթնիկ զտումների կասկած են հարուցում»,- ասված է ԵԽԽՎ-ի զեկույցում: Փաստվում է, որ գրեթե տասն ամիս տեւած շրջափակումից եւ սեպտեմբերի 19-ին սկսված զինված հարձակումից հետո բնակչության մոտ 99 տոկոսը՝ շուրջ 100 հազար հայեր, բռնի տեղահանվել են ԼՂ-ից:

ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին անել ամեն հնարավորը՝ ցույց տալու, որ պատրաստ է խաղաղության մեջ ապրել Հայաստանի հետ: Վեհաժողովն ակնկալում է, որ երկու հարեւան երկրները լիովին կհարգեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իրենց համապատասխան սահմանների անձեռնմխելիությունը։ Սա, ինչպես ընդգծված է փաստաթղթում, հատկապես կարեւոր է Նախիջեւանի հետ հնարավոր տրանսպորտային միջանցքի համատեքստում, որը «չի կարող ստեղծվել Հայաստանի կամքին հակառակ եւ/կամ ի վնաս նրա ազատորեն որոշված ազգային շահերի»:

Նախնիների հայրենիքից հայության այդ ողբերգական արտագաղթը, ըստ ԵԽԽՎ-ի, չպետք է ընդունվի իբրեւ նոր իրականություն: «Որպես Եվրախորհրդի անդամ երկիր՝ Ադրբեջանը կարող է եւ պետք է պատրաստակամություն ու հստակ մտադրություն դրսեւորի եւ կատարի ստանձնած պարտավորություններն ու պայմաններ ստեղծի իրենց պապենական հողեր հայերի վերադարձի համար»,- արձանագրում է Վեհաժողովը:

Անշուշտ՝ բանաձեւը, որից բերվեցին ընդամենը մի քանի բովանդակային հայեցակետեր, բավական հրապուրիչ է: Փորձենք ավելի հստակեցնել այդ հայեցակետերը. ա/ հիմնավոր կասկածներ կան, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախում կատարվածը էթնիկ զտումներ էին; բ/ Վեհաժողովն ակնկալում է, որ երկու հարեւան երկրները լիովին կհարգեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաեւ սահմանների անձեռնմխելիությունը; գ/ ՀՀ-ում չի կարող ստեղծվել որեւէ «միջանցք»՝ Հայաստանի կամքին հակառակ կամ ի վնաս նրա ազգային շահերի; դ/ Ադրբեջանը պարտավոր է պայմաններ ստեղծել՝ իրենց պապենական հողեր հայերի վերադարձի համար:

Թվում է՝ ԵԽԽՎ բանաձեւում եւ համանուն հանձնարարականում ամփոփված այս միջոցառումները չեն կարող չգոհացնել հայկական կողմին՝ մասնավորապես արցախցի մեր հայրենակիցներին, բայց, ավաղ… Կյանքը ցույց է տվել, որ միջազգային կառույցների, գերտերությունների գեղեցիկ ձեւակերպումների, փքուն արտահայտությունների ներքո միշտ մատուցվել են ընդամենը «բարի ցանկություններ», իսկ իրական գետնի վրա առաջ են մղվել իրենց շահերն ու շահագրգռությունները: Ո՞վ չի հասկանում, որ Եվրոպային նավթ ու գազ մատակարարող Ադրբեջանին, որին այնտեղ ակնածանքով համարում են «հուսալի գործընկեր», նույն Եվրոպան երբեք «էթնիկ զտման» կամ որեւէ այլ պատժամիջոցի չի ենթարկի:

Երկրորդ՝ ո՞վ չի հասկանում, որ Ադրբեջան կոչվող ահաբեկչական պետությունը՝ որքան էլ գլխին «ավետարան կարդան», արհամարհած ունի հարեւան երկրի բուն գոյությունը, առավել եւս՝ նրա ինքնիշխանությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, որոնք միշտ խախտել ու խախտում է եւ մնում անպատիժ: Հաջորդը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին. բազմաչարչար այդ հաղորդակցության բացման առնչությամբ թուրք-ադրբեջանական տանդեմը ժամանակ առ ժամանակ հիշեցնում է՝ Էրդողանը խորիմաստ ակնարկներով, Ալիեւը՝ բացահայտ սպառնալիքով: Եվ վերջինն ու ամենածիծաղելին՝ Ալիեւը, իբր, պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի արցախահայերը վերադառնան իրենց պապենական հողերը:

Այստեղ են ասել. «տերդ խնդա, Բաղդասա՛ր»: Տեսնես՝ Բաքվի բռնապետին այդպիսի գթասրտություն ու այդպիսի տողեր հասցեագրած եվրոպացին արդյո՞ք ինքն իր գրածին հավատացել է: Ի վերջո՝ եթե անգամ մյուս վայրագությունները թողնենք մի կողմ, խոսքը մի չմարդու մասին է, ով 10 ամիս շրջափակման մեջ էր պահում հազարամյա իր բնօրրանում ապրող-արարող 100 հազարից ավելի հայ բնակչությանը, այդ թվում՝ 30 հազար երեխայի: Անհաց, անջուր եւ առանց կենսապահովման այլ միջոցների: Մի չմարդու, որն արժանի է Չաուշեսկուի ճակատագրին. ռումինական տրիբունալը 1989թ. դեկտեմբերի 25-ին նրան եւ կնոջը ցեղասպանության մեղադրանքով դատապարտեց գնդակահարության, որը նույն օրն ի կատար ածվեց զինվորական զուգարանի պատի տակ:

 

Մյուս կարեւոր իրադարձությունը, որը դարձյալ շաբաթվա ամենաքննարկվածներից է եւ դարձյալ եվրոպական թեմային ամենաառնչվածը, վերաբերում է հոկտեմբերի 17-ին Ստրասբուրգում, Եվրախորհրդարանի լիագումար նիստում, Նիկոլ Փաշինյանի ելույթին, որն իշխանական եւ ընդդիմադիր շրջանակներում տարամետ կարծիքների տեղիք տվեց: Յուրայինների միջավայրում այն, բնականաբար, գնահատվեց որպես առկա իրավիճակի ճշմարտացի վերարտադրություն, իսկ ընդդիմախոսների ճամբարում՝ խայտառակություն: Եվ կողմերից յուրաքանչյուրն իր փաստարկներն ու հակափաստարկներն ունի՝ չնայած առաջինների ռեսուրսն այդ առումով նկատելիորեն սուղ է եւ խոցելի, ընդդիմախոսներինը՝ բավական պատկառելի եւ համոզիչ:

Ամեն դեպքում ելույթը ծրագրային էր՝ 40 րոպե տեւողությամբ, իսկ տպավորությունն արտաքուստ այնպիսին էր, կարծես Փաշինյանը հաշվետվություն-զեկույց էր տալիս իր վերադասին՝ ամփոփելով կառավարման 5 տարվա գործունեության արգասիքները եւ ուրվագծելով առաջիկայի անելիքներն ու ծրագրերը: Բաժանարար գիծը, բնականաբար, 2018-ի, իր եզրաբանությամբ, «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունն» է, որը բաժանում է նախկինների ու ներկաների գործունեության ժամանակահատվածները: «Թավիշից» անդին, ըստ Փաշինյանի ներկայացման, արժեքային համակարգերի անկման ժամանակներ էին, համատարած ձախողումները, իսկ «թավիշից» այսկողմ՝ արժեքների, բարեփոխումների շքահանդեսը:

Բերենք ելույթից մի հատված. «2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանում ազատ տնտեսվարման հետ կապված բոլոր խոչընդոտներն ու արհեստական մենաշնորհները վերացել են, աճել է կառավարության թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, անհաշտ, սկզբունքային եւ ինստիտուցիոնալ պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, հաստատվել է օրենքի գերակայություն, եւ այս ամենի շնորհիվ ՀՀ-ն՝ չնայած տեղի ունեցած արհավիրքներին ու սպառնալիքներին, շարունակում է գտնվել բարձր տնտեսական աճի գոտում եւ մեր երկրում 2018 թվականից ի վեր բյուջեի հարկային եկամուտներն աճել են շուրջ 70 տոկոսով»: Ձեռքբերումների աղբյուրը, Փաշինյանի շեշտադրմամբ, Հայաստանի ժողովուրդն ու ժողովրդավարությունն են:

Ընդհանրապես՝ 40 րոպեանոց ելույթում «ժողովրդավարություն» բառն օգտագործված է 22 անգամ կամ, միջին հաշվով, ամեն 2 րոպեն մեկ այդ եզրը կրկնվել է: Բայց «հալվա-հալվա» ասելով՝ բերանդ չի քաղցրանա: Իրականում ժողովրդավարությունը Փաշինյանի ամենացավոտ տեղն է՝ չէ՞ որ մարդ ամենաշատն իր ցավոտ տեղի մասին է խոսում: Նա հո լա՛վ գիտի, որ քաղաքական հայացքների համար մի քանի տասնյակ կալանավորումները, ընդդիմության ցույցերին ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառումը, ազատ կամարտահայտության սահմանափակումը, ընտրակեղծարարությունը (որ տեսանք անգամ ՔՊ վարչության կազմի ընտրության ժամանակ) եւ բռնապետական վարքագծի մյուս դրսեւորումները ժողովրդավարության հետ որեւէ աղերս չունեն:

Ելույթի մյուս կարեւոր ուղերձը եվրոպացիների ականջին գուցեեւ հաճո, բայց մեզ համար լուրջ ռիսկեր պարունակող հակառուսականությունն է, ինչն արդեն ռուսական մամուլում կոշտ արձագանք է գտել, եւ հետեւանքներին դեռ պետք է սպասել: Փաշինյանի մատուցմամբ՝ ժողովրդավարությունը ՀՀ-ում շարունակում է ուժեղ հարվածներ ստանալ՝ արտաքին ագրեսիա, անվտանգային ոլորտում դաշնակիցների անգործություն, ժողովրդավարությունը եւ ինքնիշխանությունը տապալելու փորձեր: «Դաշնակիցները սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակման ժամանակ մեզ ոչ միայն մեզ չէին օգնում, այլեւ ՀՀ-ում իշխանափոխություն անելու, ժողովրդի ընտրած իշխանությունը տապալելու կոչեր էին հնչեցնում»,- գանգատվում է նա:

Հակառուսականության խորապատկերին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու իր պատրաստակամությունն է հայտնում՝ հավատալով, որ «ժողովրդավարությունը կարող է խաղաղություն ապահովել»: Ցավոք, արդեն քանի տարի խաղաղությունը երես է թեքել մեզանից՝ հատկապես սկսյալ այն օրվանից, երբ Փաշինյանն ակտիվ շրջանառության մեջ դրեց Հարավային Կովկասում խաղաղության դարաշրջան բացելու իր «անհողդողդ կամքն ու ազնիվ մղումները»: Այսօր էլ պատերազմն է ծեծում մեր դռները, եւ տպավորություն է, թե հայոց աշխարհում դրանից այլեւ պրծում չի լինելու: Ինչպես պրծում չի լինելու բուն Փաշինյանից:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հոկտեմբերի 15-ին կիրակնօրյա ավանդական պատարագից հետո՝ դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, ի շարս այլ թեմաների, անդրադարձել է Ադրբեջանի ամբողջական հսկողության տակ հայտնված ԼՂ-ին: «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետ կապված մտահոգությունս չի մարել: Բացի տեղահանվածների լուրջ հումանիտար իրավիճակից, կցանկանայի նաեւ հատուկ կոչ անել վանքերի եւ աղոթատեղիների պաշտպանության համար»,- ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը: Նա հույս է հայտնել, որ իշխանությունները եւ բոլոր բնակիչները կարող են հարգել եւ պաշտպանել այդ կրոնական կառույցները՝ որպես տեղական մշակույթի, հավատքի դրսեւորումներ եւ եղբայրության խորհրդանիշների մի մաս:

Նիկոլ Փաշինյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ հոկտեմբերի 18-ին քննարկել է 100 հազարից ավելի արցախցիների տեղահանության հետեւանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը: Գործադիրի ղեկավարը վստահություն հայտնել, որ ՄԻ հանձնակատարի այցը կնպաստի տեղում ծանոթանալ ստեղծված մարտահրավերներին եւ խնդիրներին: Միյատովիչը հավելել է, որ իր նպատակն է գնահատել առկա կարիքները, այդ թվում՝ ԼՂ հայության իրավունքների ապահովման հետ կապված:

Ֆրանսիան Հայաստանին վաճառելու է խստիվ պաշտպանական զենքեր. այս մասին օրերս Սենատի հանձնաժողովում կայացած 2024թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիեն Լըքորնյուն։ Նա չի հայտնել, թե ինչ սպառազինություն է մատակարարվելու, քանի որ այդ հարցը դեռ պետք է որոշակիացվի Երեւանի հետ, ըստ ամենայնի՝ այս շաբաթ։ Ամեն դեպքում, նշել է Լըքորնյուն, դա խստիվ պաշտպանական սպառազինություն է լինելու, որը կօգնի Հայաստանին պաշտպանել կյանքեր եւ ապահովել երկրի տարածքի անվտանգությունը։

Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 15-ին այցելել է Լեռնային Ղարաբաղ եւ իր երկրի դրոշը բարձրացրել ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտում: Այնուհետեւ նա այցելել է Ստեփանակերտի Կրկժան եւ Աջափնյակ թաղամասեր, Ասկերանի բերդ, դրոշ է բարձրացրել Իվանյանում, Ասկերանում եւ Մարտունիում: Նույն օրն ավելի վաղ Ադրբեջանի նախագահը դրոշ էր բարձրացրել սեպտեմբերի 19-ի հարձակման հետեւանքով Բաքվի վերահսկողությանն անցած Մարտակերտ քաղաքում, Սարսանգի ջրամբարի մոտ: Այդ օրը լրանում էր Իլհամ Ալիեւի՝ առաջին անգամ Ադրբեջանի նախագահ ընտրվելու 20-րդ տարին:

Հոկտեմբերի 17-ին հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները։ Զրույցը, ըստ Հայաստանի ԱԳՆ-ի, կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ։ Արարատ Միրզոյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը խոսել են երկու երկրների ղեկավարների մակարդակով քննարկված ուղղություններով եւ ձեւաչափերում փոխգործակցությանը, ինչպես նաեւ հայ-իրանական երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ աշխատանքների մասին: Նախարարները նաեւ մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում առկա իրավիճակի շուրջ:

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հոկտեմբերի 18-ին ուշ երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ հայտնում են ՀՀ կառավարությունից։ Հաջորդ օրը տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Շիմոնիտեի առանձնազրույցը, այնուհետեւ բանակցությունները շարունակվեցին ընդլայնված կազմերով: Լիտվայի վարչապետը հանդիպում ունեցավ նաեւ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Հայաստանը դարձավ ԵԽ անդամ 45-րդ երկիրը, որը վերացրեց մահապատիժը բոլոր հանգամանքներում: Եվրախորհրդի խոսնակի հաղորդագրության համաձայն՝ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Խաչատրյանը հոկտեմբերի 19-ին ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ ի պահ է հանձնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 13 արձանագրության վավերացման վավերագիրը: Արձանագրությունն արգելում է մահապատիժը բոլոր հանգամանքներում, այդ թվում՝ պատերազմական ժամանակներում եւ պատերազմի անմիջական սպառնալիքի պայմաններում կատարված հանցագործությունների համար:

Փետրվարի 17 2024
Փետրվարի 10 2024
Հունվարի 27 2024
Հունվարի 20 2024
Հունվարի 13 2024
Դեկտեմբերի 31 2023
Դեկտեմբերի 23 2023

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: