Հինգշաբթի, Ապրիլի 17, 2025

Շաբաթվա անցուդարձ

17-24 սեպտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Պաշտոնական աղբյուրների տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 17-ին Հայաստան է այցելել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որին ուղեկցում էին պալատի՝ էներգետիկ եւ կոմերցիոն հարցերի հանձնաժողովի նախագահ Ֆրենք Փալոնեն, պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը: Փելոսին հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Պնախարար Սուրեն Պապիկյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Այնուհետեւ ամերիկացի բարձրաստիճան հյուրը ելույթ է ունեցել «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում, որտեղ ՀՀ ԱԺ խոսնակի հետ հանդես է եկել մամուլի ասուլիսով, ինչպես նաեւ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Փելոսին մեկուկես ժամ տեւողությամբ փակ հանդիպում է ունեցել նաեւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ:

 

Մեկնաբանությունը

Ամենասկզբից՝ մի կարճ տեղեկանք. Նենսի Փելոսին մեծ ներդրում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձեւի ընդունման հարցում։ Փաստաթուղթն ընդունվել էր 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի կարգավիճակում Նենսի Փելոսիի պաշտոնավարման երկրորդ ժամկետում՝ դա 2019թ. հոկտեմբերի 30-ին էր: Նոր բանաձեւով Ներկայացուցիչների պալատը սահմանել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ հիշատակումը պետք է լինեն ԱՄՆ քաղաքականությունը:

 ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Պաուէրը «Նյու Յորք թայմս»-ում զետեղած իր՝ «Ցեղասպանության ուշացած ճանաչումը» հոդվածում գրել էր. «Այս բանաձեւը շատ կարեւոր է ամերիկահայերի համար: Բայց այն նաեւ հիշեցնում է, որ Թուրքիայի կամ որեւէ այլ երկրի ճնշումներին տեղի տալը դատապարտված է անհաջողության»: Ի տարբերություն 1975 եւ 1984 թվականներին Ներկայացուցիչների պալատի ընդունած համապատասխան փաստաթղթերի, 2019-ի բանաձեւը հաստատում է Հայոց ցեղասպանությանը վերաբերող ԱՄՆ պահոցները՝ ներառյալ դեսպան Հենրի Մորգենթաուի վկայությունները:

Բայց չշեղվենք ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի երեւանյան այցից: Առհասարակ՝ առաջին հարցը, որ օտարերկրյա բարձրաստճան պաշտոնյաների ժամանման առնչությամբ հետաքրքրում է հանրությանն ու փորձագիտական շրջանակներին, հետեւյալն է. ո՞րն է այցի նպատակը, ի՞նչ է տալու այն մեր երկրին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ պատվիրակության այցի նպատակների մասին ասվում է, որ այն ի ցույց կդնի ԱՄՆ հանձնառությունը՝ անվտանգ, տնտեսապես բարեկեցիկ ու ժողովրդավար կառավարմանը Հայաստանում եւ Հարավային Կովկասում։

«Կոնգրեսի մեր պատվիրակության այցը Հայաստան՝ հզոր խորհրդանիշն է Ամերիկայի Միացյալ Նահանգների հաստատակամ վճռականության՝ ունենալ խաղաղ, բարեկեցիկ ու ժողովրդավար Հայաստան եւ կայուն, խաղաղ կովկասյան տարածաշրջան»,- հայտարարել է Փելոսին՝ ընդգծելով, որ պատվիրակության կազմում ընդգրկված դեմոկրատ գործիչներ Ֆրենկ Փալոնեն, հայկական արմատներ ունեցող Աննա Էշուն, Ջեքի Սփիերը Հայաստանի շահերի համար երկար տարիներ ի վեր գործունեություն ծավալած գործիչներ են։

Հայաստանում, անշուշտ, միանշանակ չգնահատվեց ամերիկյան բավական տպավորիչ պատվիրակության այցը: Արեւմտամետների ոգեւորությունը բախվեց ուսամետների թերահավատությանը, ինչը բնական էր: Անբնականը, որն իր մեջ լուրջ վտանգներ ուներ, առաջին խմբի կողմից այդ օրերին գեներացվող հակառուսական տրամադրություններն էին, ռազմավարական դաշնակցին ուղղված ցասումն ու ատելությունը: Դա անթույլատրելի է: Ռուսաստանին կարող ես չսիրել, կարող ես քննադատել, ինչին իսկապես արժանի է, բայց չես կարող հաշվի չառնել, որ այս պահին, լավ-վատ, ռուս խաղաղապահներն են կանգնած Արցախի սահմանին: Չես կարող անտեսել, որ ՌԴ-ում մի քանի միլիոն հայեր են ապրում:

ՀՀ-ում ամենատիրապետող կարծիքների համաձայն՝ Նենսի Փելոսիի համար այս այցը աշխարհաքաղաքական գլոբալ պայքարի դրվագներից ընդամենը մեկն է`դեմոկրատական ճառերի ներքո Հայաստանն աշխարհաքաղաքական խարդավանքների մեջ ներքաշելու բացահայտ փորձ: Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը հիշեցրեց ամերիկյան մամուլում առկա լուրերը, թե Փելոսին իր այցով օգնելու է իր կուսակցությանը՝ հաղթել նոյեմբերին տեղի ունենալիք ընտրություններում, ապա անցնել դիվանագիտական աշխատանքի:

«Փելոսին իր պատվիրակության հետ կմեկնի, բայց որպես այցի հետեւանք՝ Հայաստանի շուրջ կկազմավորվի միանգամից չորս բանակ՝ ի դեմս Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի զինված ուժերի»,- այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ ակնարկելով, որ տարածաշրջանով հետաքրքրված այդ երկրներից ոչ մեկի սրտով չէր ամերիկյան խմբի այցելությունը: Իսկ ինչ վերաբերում է բուն այցին, քաղտեխնոլոգն այդտեղ երկու քողարկված նպատակ է տեսնում՝ ստանալ տեղի հայահոծ համայնքի ձայները հօգուտ Դեմոկրատական կուսակցության եւ, երկրորդ, «փափուկ ուժի» կիրառմամբ՝ օգտվել ՀՀ-ում թափ առնող հակառուսական մթնոլորտից՝ ի շահ Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղման նախագծի:

Վերջում թեմայի ֆեյսբուքյան անդրադարձի բազմազանությունից առանձնացնենք երկու ուշագրավ տեսակետ: Այսպես՝ հանդիպումների այն դրվագից, որտեղ Փելոսին Գաֆէսճեան կենտրոնում կանգնել էր «Ավարայրի ճակատամարտը» հայտնի կտավի առջեւ եւ խոսում էր պարսիկների դեմ հայերի 450-451 թթ. պատերազմի մասին, քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը եզրակացնում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցի թիրախը Իրանն է՝ «Իրանի կատարյալ շրջապատումը եւ հայերին հակաիրանական ճակատում ներգրավելը»: Իսկ Ռոբերտ Մարգարյան օգտատիրոջ մոտեցումն այդ հարցում ավելի անձնավորված ու, այսպես ասած, առօրեականացված է: Նա գրում է՝ «Փաշինյանի ժամանակը սպառվել է. Փելոսին եկավ այն երկարաձգելու»: Այսպիսի բաներ:

 

Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ այլ պաշտոնատար անձինք ժամանել էին Եռաբլուր, որտեղ մեծաթիվ ոստիկանական ուժեր՝ սեւ եւ կարմիր բերետավորներ, շղթա կազմած, թույլ չէին տալիս որեւէ մեկը մոտենա այդ տարածքին: Նրանք խոչընդոտել են նաեւ լրագրողների ու օպերատորների աշխատանքը, նրանց հրելով՝ իջեցրել Եռաբլուրի եկեղեցու հատվածից: Փաշինյանը Եռաբլուրում մնացել է ընդամենը մի քանի րոպե եւ արագ հեռացել: Ավելի վաղ՝ առավոտյան ժամը 6-ից սկսած, ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ Եռաբլուրից հեռացրել էին զոհված զինծառայողների հարազատներին, որոնք այնտեղ էին հավաքվել կեսգիշերին եւ նախատեսում էին մնալ մինչեւ առավոտ, որպեսզի Փաշինյանին թույլ չտան մտնել Եռաբլուր։

 

Մեկնաբանությունը

Այդ օրը ՀՀ ոստիկանությունը գերազանցեց ինքնիրեն՝ եւս մեկ անգամ ցույց տալով, որ ծառայում է ոչ թե մարդու կյանքի, առողջության, արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանմանը, ինչի համար կոչված է օրենսդրորեն, այլ մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի, միահեծան իշխանության հավերժացմանը, ինչը կարող է կորստյան մատնել պետականությունը: Իշխանական թեւից բերան բացող յուրաքանչյուր ոք գրպանում մի «հուժկու» փաստարկ ունի պահած. «ոստիկանը ոչ թե Փաշինյանին է պաշտպանում, այլ՝ պետությանը»: Փաշինյանի ու պետության նույնականացումը տարածված մոլորություն է: Կամ, միգուցե, միտումնավոր մանիպուլացում:

Ինչո՞վ, ուրեմն, աչքի ընկավ մեր պանծալի ոստիկանությունը Հայաստանի անկախության հիշարժան օրը: Օրենքը՝ դեռ մի կողմ, քանի որ տեղի ունեցածից բոլորովին օրենքի հոտ չէր գալիս: Սա՝ իմիջիայլոց: Եթե իրերն անվանենք իրենց անուններով կամ թեկուզ չափենք բարոյական կատեգորիաներով, սեւ եւ կարմիր բերետավոր ոստիկաններն այս անգամ «խաչ քաշեցին» հայ ժողովրդի դարավոր ավանդույթների, բարքերի, ընտանեկան սրբությունների վրա: Փաշինյանի ու նրա թիմի ճանապարհը բացելու համար նրանք առավոտ կանուխ սկսել էին «սանրել» Եռաբլուրի տարածքը՝ բերման ենթարկելով 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հարազատներին:

Առանց խտրականություն դնելու սեռերի, այսինքն՝ հայր-ծնողի ու մայր-ծնողի միջեւ, երեք-չորս հոգով հարձակվում էին մեկի վրա, լավագույն դեպքում՝ ոլորում թեւերը, ձեռքերից ու ոտքերից քաշքշելով, տանում եւ ուժով խցկում ոստիկանական մեքենաների մեջ։ Հա՛, ում համար հետաքրքիր է, կասենք՝ վատագույն դեպքը «ասֆալտին փռելն» է: Ոչ վաղ անցյալում ընդդիմության հավաքներից բերման ենթարկելիս՝ գործընթացի պարտադիր բաղադրիչներ էին մասնակիցներից ոմանց ասֆալտին փռելը, լուսանկարելը եւ լուսանկարն ուղարկելը ում որ հարկն է: Հանուն արդարության՝ պետք է ասել, որ սեպտեմբերի 21-ին «ասֆալտի» բաղադրիչը չկիրառվեց: Չլինի՞ Անկախության տոնի պատվին «զեղչ» էր արվել…

Ամեն դեպքում այդպիսի «զեղչերից» համազգեստավորների բռիությունը, մարդկանց ծեծելու եռանդը,- անշուշտ՝ ոչ բոլորի մասին է խոսքը,- հազիվ թե նվազեն: Ոստիկանությունը ՔՊ-ական իշխանության այն սակավաթիվ հենարաններից է, որը պետբյուջեից, չի բացառվում՝ նաեւ տարատեսակ հիմնադրամներից, լիաբուռն վարձատրվում է Փաշինյանին անմաքուր ծառայություններ մատուցելու համար: «Նիկոլը փորձում է ձեզ վարձահատույց լինել, որպեսզի իր իշխանությունը պահի։ Տղե՛րք, Նիկոլն ուզում է ձեզ գումարով ներգրավի իր ապօրինի գործունեության մեջ։ Մի՛ տրվեք այդ խելագարի ապօրինի հրահանգներին»,- ընդդիմության հանրահավաքներից մեկում ոստիկաններին կոչ էր անում «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Զոհվածների հարազատներն այդ օրը Եռաբլուր էին եկել՝ նահատակված զավակների գերեզմաններին այցի եւ չէին ուզում տեսնել երեսն այն մարդու, ով, նրանց կարծիքով, մահվան է տարել իրենց աչքի լույս որդիներին: Դրա իրավունքը ծնողներն ունեին, քանի որ պետությունը լուռ անտարբերության ու մոռացության է մատնել ընկածների հիշատակը եւ, նույնիսկ, մինչեւ հիմա չի հրապարակել նրանց անունները: Մարդիկ լավ են հասկանում, թե ինչու իշխանությունները սահմանափակվում են սոսկ զոհերի թվի հրապարակմամբ՝ այն էլ, որպես կանոն, կասկածելի թվի: Որովհետեւ մերկ թիվը ոչինչ չասող վիճակագրական տվյալ է ընդամենը, իսկ անունը՝ երեւացող, մնայուն ու անընդհատ իր մասին հիշեցնող փաստ, որը մշտապես հետապնդում է մեղապարտին:

Մեծ հաշվով՝ Փաշինյանը կարող էր սեպտեմբերի 21-ին չգնալ Եռաբլուր: Մասնագիտական դիտարկումների համաձայն՝ արարողակարգային որեւէ պարտադրանք չկար: Նա գիտեր, որ որդեկորույս մայրերը չեն ուզում իրեն տեսնել՝ նեղված են անձամբ իր վերաբերմունքից: Բայց նա եկավ, մի քանի րոպե մնաց եւ շատ արագ հեռացավ, բայց այդ 5-6 կեղծ րոպեների անցանկալի ներկայությամբ խայտառակ հետագիծ ու հոգեկան ավերածություններ թողեց: Սա ճիշտ այն վիճակի կրկնությունն էր, երբ ժողովրդի կամքին հակառակ գնաց Սյունիք եւ արժանացավ «սյունյաց ողջույնի»: Այն, ինչ Եռաբլուրում կատարվեց սեւազգեստ մայրերի հետ, մեր ազգային արժեքների հանդեպ իշխանությունների իրական վերաբերմունքի ցուցիչն է:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հայաստանը սեպտեմբերի 21-ին նշեց Անկախության օրը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում ՀՀ ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին։ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ: Ադրբեջանի ներխուժման հետեւանքով սահմանին տեղի ունեցած վերջին բախումներից հետո Կառավարությունը չեղարկել էր տոնական միջոցառումները:

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: ՀՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` կարեւորելով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները:  Հայաստանի վարչապետը, ԱԳ նախարարն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը Նյու Յորքում հանդիպում են ունեցել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Սեպտեմբերի 20-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած պատվիրակությունը ժամանել է Հայաստան: Առաքելության կազմում են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչ կառույցի աշխատակիցներ: Հանձնարարված է գնահատել ներկա իրավիճակը, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների համար տարածաշրջանում իրավիճակի մասին մանրակրկիտ զեկույց պատրաստել ու հայ-ադրբեջանական սահմանի առանձին շրջաններում լարվածության դեէսկալացիայի առաջարկությունների մշակել: Այցը կտեւի սեպտեմբերի 20-25-ը:

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 18-ին իր առանձնատանը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Հայ ազգային կոնգրեսի առաջնորդն ու Կաթողիկոսը քննարկել են Հայաստանի թե՛ արտաքին անվտանգության, թե՛ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերը եւ դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը: Սա այս տարվա ընթացքում Տեր-Պետրոսյանի եւ Գարեգին Բ-ի երկրորդ հանդիպումն է: Առաջինը փետրվարի 23-ին էր Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։

Երեւանում սեպտեմբերի 19-ին մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովը, որի նպատակը առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային եւ մի շարք այլ ոլորտներում նոր կապերի հաստատումն է եւ արդեն իսկ հաստատված գործընկերային հարաբերությունների վերաիմաստավորումը: Իր ելույթում ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ֆորումի դերը երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդման, դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման եւ երկկողմ համագործակցության ներուժի հետագա ընդլայնման գործում: Նույն օրը գործադիրի ղեկավարը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, որը Երեւանում մասնակցում էր Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովին:

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում տեղի ունեցավ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը: Արարատ Միրզոյանը Նյու Յորք էր մեկնել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցելու համար: Տեղի են ունեցել ՀՀ ԱԳ նախարարի երեք տասնյակից ավելի հանդիպումները գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների եւ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: