Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ երկիրը կանգնեցնելով գոյութենական վտանգի առջեւ, երբ թե՛ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, թե՛ միջազգային հեղինակավոր փորձագետներ արդեն կասկածի տակ են դնում հայկական պետականության ապագան, փորձում է աշխարհին ներկայանալ կարեւոր մի առաքելությամբ՝ ժողովրդավարության մունետիկի քղամիդով: «Այսօր մեր խնդիրն է՝ ապացուցել, որ ժողովրդավարությունն ի վիճակի է ապահովել երկրի արտաքին եւ ներքին անվտանգությունը»,- Փաշինյանի սիրած ասույթներից է:
Ժողովրդավարությունը համարելով Հայաստանի միջազգային բրենդ՝ ՀՀ գործադիրի ղեկավարը համոզված է, որ այն կարող է ծառայել նաեւ որպես անվտանգության երաշխիք: Հետեւաբար, այսպես կոչված, «դեմոկրատական միջազգային հանրությանը» կոչ է անում պաշտպանել Հայաստանը եւ գոյության միջազգային երաշխիքներ ապահովել, քանի որ Հայաստանը «ժողովրդավարական երկիր է»: Չանդրադառնանք հարցին, թե որքանով է մեր երկիրը ժողովրդավարական, նմանապես՝ մի կողմ թողնենք հնարավոր հարցը, թե իրո՞ք ժողովրդավարություն է այն, ինչ կառավարությունն, իբր, ջանադրաբար կառուցում է:
Անվտանգությունը չեն մուրում, այլ ստեղծում են, հատկապես արդի աշխարհում, որտեղ այլեւս չի գործում միջազգային կարգը, հեղինակազրկված են միջազգային կառույցները, խաթարված՝ միջազգային սկզբունքները, իսկ քաղաքականության մեջ գերակայում է ուժի գործոնը: Արցախում բոլորի աչքի դեմ հայերի էթնիկ զտումներ կատարվեցին, Գազայում ցեղասպանություն է տեղի ունենում, Ուկրաինան կորցնում է իր ինքնիշխանությունը, լրջորեն քննարկվում է միջուկային պատերազմի հավանականությունը եւ այլն:
Նման պայմաններում ժողովրդավարությունը որպես անվտանգության երաշխիք դիտարկելը ինքնին ժամանակավրեպություն է (անախրոնիզմ), առավել եւս՝ գոյություն չունեցող ժողովրդավարությունը: Մենք սխալ ենք հասկանում ժողովրդավարությունը՝ կարծելով, թե դա ամենաթողությունն է։ Հիշենք, թե ինչ կարգախոսներ էին ՔՊ-ականները վանկարկում դատարաններն ու խորհրդարանի շենքը շրջափակելիս, դատավորներին ու փաստաբաններին ծեծելիս, բանակը ցույցերի հանելիս կամ զոհված զինծառայողների մայրերին Եռաբլուրում քաշքշելիս: Ընդ որում՝ այդ ամենն անում էին ժողովրդի անունից։
19-րդ դարից ի վեր ժողովրդավարության հիմնասյունը ընտրությունների արդյունքով իշխանության ձեւավորումն է: Սակայն կա՞ն երաշխիքներ, որ հենց ժողովրդավարության միջոցով իշխանության չեն գա հակապետական եւ ապազգային տարրեր՝ քանդելու պետությունը, աճուրդի հանելու հայկական հողերը, նսեմացնելու մեր պատմական անցյալը, մշակույթը, մյուս հոգեւոր արժեքները, ինչպես դա մեզանում տեղի ունեցավ վերջին շուրջ 6 տարում կամ ինչպես ավելի վաղ Գերմանիայում ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանության էին եկել նացիոնալ-սոցիալիստները, հակամարդկային այլ գաղափարներ դավանող ուժերը:
Այնպես որ, չարենցյան «խելագարված ամբոխների» համախտանիշը չպետք է անտեսել՝ խուսափելու համար այնպիսի ծուղակից, որում ազգովի հայտնվեցինք 2018-ի «թավշյա» գարունքին: Աշխարհում կան նման իրավիճակներից զգուշանալու կամ դրանք զսպելու գործիքակազմեր, որոնք կարելի է ընդօրինակել: Օրինակ՝ ԱՄՆ-ում նախագահին ընտրում են ընտրիչները, այլ ոչ թե ուղղակիորեն։ Ընտրիչները պարտավորված չեն նախագահին ընտրել իրենց ընտրողների պատգամով. դա ավելի շուտ բարոյական հանձնառություն է։
Դրա իմաստն այն է, որ ծայրահեղ դեպքում, եթե ԱՄՆ-ում ժողովուրդն ընտրի Փաշինյանի պես հակապետական տարր, լրացուցիչ «քամիչով» անցկացնելու հնարավորություն լինի, որպեսզի «սխալ» մարդու ընտրությունը ճակատագրական քայլ չդառնա։ Բրիտանիայում այդ դերը կատարում է միապետը, ով, ըստ իր ցանկության, կարող է ցրել խորհրդարանն ու նշանակել վարչապետ, Իրանում՝ Ռահբարը եւ հեղափոխության Պահպանության խորհուրդը։ Աթաթուրքի ժամանակ Թուրքիայում այդ «քամիչի» գործառույթը բանակին էր վերապահված, ԽՍՀՄ-ում՝ Կոմկուսին, ըստ Սահմանադրության 6-րդ հոդվածի։
Հայաստանում պետական կարգի պաշտպանության նման գործիքակազմեր գոյություն չունեն։ Մայր օրենքը գրողները ճակատագրական այդ մեխանիզմի կարեւորությունը չեն հասկացել, ինչը պետական մտածողության բացակայության նշան է։ Պետք է անպայման շտկել այդ բացը: Բայց իշխանափոխությունից հետո: