Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայաստանում տեղի են ունենում բոլորիս համար աննախադեպ ամոթալի իրադարձություններ, որոնց կենտրոնական դեմքը, որքան էլ անհավատալի թվա, օրվա իշխանությունն է՝ հանձին վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի: Այսինքն՝ կառավարության գլուխը՝ փոխանակ բարձր գնահատելու իրեն վստահված պետության հեղինակությունը, պատիվն ու արժանապատվությունը, ինքն է արատավորում դրա բարի համբավը եւ այն զոհաբերում հանուն անձնական շահադիտության: Առիթը մեկ շաբթից կայանալիք ԱԺ ընտրություններն են, եւ երրորդ ժամկետով վերարտադրվելու՝ նրա անդիմադրելի բաղձանքը, ինչով պայմանավորված՝ մեծ է ընտրությունները կեղծելու հավանականությունը:
Չնայած, եթե ուզում եք ճիշտն իմանալ, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների կեղծման գործընթացը վաղուց սկսված է՝ առնվազն մայիսի 8-ից: Այդ համատեքստում արժանահավատ չեն միջազգային պատկան կառույցների եւ դիտորդական շրջանակների այն հավաստիացումները, թե հայաստանյան մոտալուտ ընտրությունների մասով ամեն ինչ կարգին է: Իրականում փաստերը ճիշտ հակառակն են ապացուցում՝ իշխանությունները լայնորեն գործողության մեջ են դրել վարչական պաշարամիջոցները, ինչի ականատեսն ենք նախընտրական քարոզարշավի յուրաքանչյուր օր՝ տեսնելով, թե ինչպես են մարդկանց, այդ թվում՝ դպրոցականներին, ավտոբուսներով տանում «Քաղպայմանագիր» կուսակցության հանրահավաքներին:
Դրության տերը, բնականաբար, կառավարող քաղաքական ուժն է, որին անմռունչ ծառայում է պետական համակարգի ողջ գործիքակազմը՝ իրավական, գաղափարական-քաղաքական եւ անվտանգային իր զինանոցներով: Իսկ Փաշինյանի «գրպանային» իրավապահ համակարգը ծառայեցվում է որպես պատժիչ մահակ ընդդիմության դեմ: ՀՀ ՔԿ հիմնարկներն այսչափ լեփլեցուն երբեք՝ ոչ մի ղեկավարի օրոք, չեն եղել: Բոլոր նրանց, ովքեր երբեւէ կամա-ակամա կանգնել են իր ճանապարհին, ինչ-որ կերպ խոչընդոտել, խանգարել են՝ հասնելու ուզածին, ժխտել, մերժել, հանդիմանել կամ հակաճառել են, Փաշինյանն ուղարկել է ճաղերից այն կողմ՝ հաշվի չառնելով որեւէ մեկի անմեղությունն ու արարքի մեջ հանցակազմի բացակայությունը:
Բերենք երկու թարմ օրինակ. Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ 2 օր առաջ՝ Արաբկիրում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ, Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո ձերբակալված ղարաբաղցի քաղաքական գործիչ, Արցախի համալարանի երբեմնի դասախոս Արթուր Օսիպյանը երկու ամսով կալանավորվել եւ կալանքի վայրում հացադուլ է հայտարարել: Վեճը բռնկվել էր այն բանից հետո, երբ Օսիպյանը ՔՊ առաջնորդին հիշեցրեց, որ նա ԼՂ-ում երկու տարբերակ ուներ՝ կանգնել ժողովրդի կողքին կամ անցնել «Ղարաբաղյան կլանի» կողմը, եւ ինքը նախընտրությունը տվել էր վերջինիս, որին պարբերաբար ֆինանսավորում էր: Նիկոլը դուրս եկավ հունից ու սկսեց լուտանքներ թափել իր մեղքով հայրենիքն ու ինչքը կորցրած երիտասարդի վրա, թե՝ «արա՛, ա՛յ տականք, բացատրի՝ դու ինչի՞ չես զոհվել: Դու ինչի՞ մի խրամատում չես զոհվել, ա՛յ փախած… բոլորիդ եմ ասում՝ վե՛ր ընկեք տեղներդ…»
Արդյունքում կոռեկտ բանավեճ բացած մտավորականը հայտնվեց բանտում, իսկ անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ տեղացած վարչապետացուն մնաց անպատիժ: Հաջորդ ապօրինի կալանավորվածը ԲՀԿ ընտրացուցակի 2-րդ համար Անդրանիկ Թեւանյանն է, որին նախ Փաշինյանը մեղադրեց, ապաեւ ԱԱԾ-ն «հաստատեց» ՌԴ-ի օգտին լրտեսության ու պետական դավաճանության մեջ: «Սա անհեթեթություն է: Նիկոլ Փաշինյան, ես ներկայացրել եմ՝ ինչ պետական դավաճանությամբ ես զբաղվել: Մեղադրել ինձ նման հանցագործության մեջ՝ չի ստացվելու: Բայց մենք քեզ շատ առարկայական մեղադրանքներ ներկայացնելու ենք, թե ոնց հանձնեցիր Արցախը եւ ինչի դիմաց»,- հակադարձել է Թեւանյանը:
Փաշինյանն ամեն դատարկ բանի համար կարող է մարդու ճակատագիր խեղել՝ իհարկե, ոչ առանց իրեն շրջապատող անթիվ-անհամար ուժայինների, որոնք իր խաղալիքներն են՝ անտակտ, անզգացմունք, տմարդի: Սրանց (ներառյալ՝ Նիկոլի) համար նշանակություն չունի, թե ով է լինելու հերթական զոհը՝ նրա սեռը, տարիքը, քաղաքացիությունը, սոցիալական կարգավիճակը, զբաղմունքը, հոբբին եւ մյուս բոլոր պարամետրերը: Ներում-բեկում չկա: Միակ մեղմացուցիչ հանգամանքը անձնական հավատարմությունն է վարչապետի աթոռից կառչած անձին: Փաշինյանի խաղալիքներն են ոչ միայն ուժայինները, այլեւ Կառավարության անդամները, ՔՊ խմբակցության պատգամավորները, մի խոսքով՝ բոլոր նրանք, ում կարող է մեկ SMS-ով շպրտել պաշտոնից:
«Հայացք Երեւանից»

