Հայկական բանակը ոչնչացնելու ծրագիրը թուրքերը բացահայտ ներկայացրել են 1920թ․ Ալեքսանդրապոլի պայմանագրում։
Քեմալ Աթաթուրքն այն ժամանակ բազմիցս նշել է, որ Հայաստանի զինված ուժերը մեծ խնդիր են թուրքերի համար, և եթե դրանք ոչնչացվեն, ավելի հեշտ կլինի Հայաստան պետության ոչնչացումը։ Հենց այդ հեռահար նպատակի իրականացման համար Աթաթուրքի պահանջով Ալեքսանդրապոլի պայմանագրի 4-րդ հոդվածում գրված էր․ «Հայաստանի կառավարությունը համաձայնում է, բացի թեթև և երկրի ներքին կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից (ոստիկանություն), սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից»։
Այն ժամանակ թուրքական այդ ծրագիրը չիրականացավ, քանի որ Հայաստանը խորհրդայնացվեց, իսկ Ալեքսանդրապոլի պայմանագիրը չեղարկվեց։ 100 տարի հետո թուրքերը չեն մոռացել իրենց երազանքի մասին, ու 2021-ից սկսած՝ հետևողականորեն քայքայվում է հայկական բանակը․ 2026-ին ՀՀ կառավարությունը քննարկման է դրել օրենքի նախագիծ, որով Հայաստանի քաղաքացիներին առաջարկվում է «մտնել ոստիկանություն ծառայության, ստանալ արտոնություններ և ազատվել բանակում զինծառայությունից»։
Սա Քեմալ Աթաթուրքի պահանջի մերօրյա իրականացումն է, որն արդեն կատարվում է հենց Հայաստանի կառավարության ձեռամբ։
Վերջին ամիսներին երկու երևույթ ավելի հաճախակի է հանդիպում մեր իրականության մեջ և դրա մասին հետևողականորեն ավելի ու ավելի շատ է խոսվում տեղեկատվական դաշտում։
Մեկը բանակում մահերի մեծ թիվն է հարաբերական խաղաղ պայմաններում։ Ես կարծում եմ, որ առաջնագծում անհասկանալի պայմաններում մահացող մեր զինվորների մեծ մասը ոչ թե ինքնասպան է լինում, այլ նրանց սպանում են ադրբեջանցի դիպուկահարները։ Դրա նպատակն է հնարավորինս շատ խուճապ տարածել հայ հանրության մեջ, որպեսզի մարդիկ խուսափեն զինծառայությունից, իսկ ծառայողներն էլ մշտական վախ զգան թշնամու նկատմամբ։ Կարծում եմ, Հայաստանի իշխանությունը թաքցնում է այս իրողությունը և հայ զինվորների մահերը ներկայացնում որպես ինքնասպանություն, որպեսզի հօդս չցնդի իր «խաղաղ զարգացման» հեքիաթը։
Մյուս հաճախ կրկնվող երևույթը դպրոցներում աշակերտների նկատմամբ բռնության դեպքերն են ուսուցիչների կողմից։ Իրականում կարգազանց աշակերտին թեթև ապտակելը նոր բան չէ ոչ Հայաստանի, ոչ էլ աշխարհի որևէ այլ երկրի դպրոցներում, բայց վերջին ամիսներին սնկի նման աճում են ուսուցիչների դեմ հարուցվող քրեական գործերը' աշակերտին ֆիզիկական ցավ պատճառելու մեղադրանքով։ Ֆիզիկական ցավն էլ, պատկերացնում եք, առաջացել է դեռահասին դաստիարակչական ապտակ հասցնելու հետևանքով։ Իհարկե, ապտակելը վատ բան է, բայց դուք գոնե պատկերացնո՞ւմ եք, թե հատկապես տղա դեռահասների մոտ ինչ աշխարհընկալում է ձևավորվում ամեն մի թեթև ցավի համար վազել բողոքելն ու նվնվալը։
Գլխի ընկնո՞ւմ եք, թե ինչ խորքային կապ ունեն այս երկու երևույթները դպրոցից մինչև բանակ։
Դեռևս դպրոցից ձևավորվում են ֆիզիկական ցավի, դժվարությունների նկատմամբ անկարող երիտասարդներ, որոնք վախենալու են բանակից ու զինծառայությունից, որովհետև դա ևս դժվար բան է։
Ձևավորվում է թույլ, անպատասխանատու և գործ տվող մի սերունդ, որը չի ունենա ոչ հայրենիքի, ոչ ազգային ինքնության, ոչ էլ ինքնապաշտպանության կամ արժանապատվության գիտակցում։
Իմացեք, թե ինչպես են դանդաղ սպանում ձեր պետությունը և ձեր երեխաներին։
Նաիրի Հոխիկյան

