Էդգար Վարդանյան

ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցումանդրադառնալով նախագահի թեկնածուներ Անդրիաս Ղուկասյանի և Արամ Հարությունյանի այն առաջարկին, որ ընտրություններից առաջ պետք է բոլոր թեկնածուները ինքնաբացարկ հայտնեն և Սերժ Սարգսյանին մենակ թողնեն քվեաթերթիկի հետ, նշեց, որ այս տարբերակն, անշուշտ, քաղաքական նոր իրավիճակ կստեղծի մեր երկրում, բայց այսօր այն Հայաստանում դժվար թե իրականացվի:

«Ըստ սահմանադրության՝ եթե մեկ մարդ է քվեարկվում, ապա նա ընտրվում է, եթե ստանում է ընտրողների ձայների կեսից ավելին: Ուրեմն, եթե քաղաքական ուժերը, քաղաքացիական խմբերը համախմբվեն և տոտալ բոյկոտ անեն, որի բովանդակությունը դատարկ քվեաթերթիկներ լցնելն է, այսինքն՝դատարկ քվեաթերթիկներով քվեարկելն է, ուրեմն սա դառնում էավելի շատ ռեֆերենդում, ոչ թե բոյկոտ:

Կարելի է կոչ անել մարդկանց, որ գնան և քվեարկեն, բայց քանի որ մեկ թեկնածու է՝ դատարկ քվեաթերթիկ լցնեն,իրենց տված քվեաթերթիկը գցեն ընտրատուփի մեջ: Եվ այս դեպքում, եթե դատարկ քվեաթերթիկների քանակը ավելի շատ լինի, քան Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած ձայները, ընտրությունները չեղյալ են համարվում, նախագահ չի ընտրվում և լինում են նոր ընտրություններ: Այսինքն՝ ժողովուրդը դե ֆակտո ռեֆերենդումի է վերածումընտրությունները և անվստահություն հայտնում գործող նախագահի կամ այդ միակ թեկնածուի վերաբերյալ: Սա կբերի լրիվ նոր քաղաքական իրավիճակ երկրում,կնշանակի, որ հասարակությունն այնքան կազմակերպված և հզոր է, որ գործող նախագահինպարտության է մատնում:

Իսկ դրանից հետո, եթե լինեն նոր ընտրություններ, ապա կարելի է միասնական թեկնածու ձևավորել, և տեսնել, թե որ թեկնածուն է, որ կստանա նույն արդյունքը, ինչը որ ստացավ դատարկ քվեաթերթիկը»,- պարզաբանեցփորձագետը:

Է. Վարդանյանի կարծիքով՝ ներկա քաղաքական իրավիճակում այս տարբերակը քիչ հավանական է. «Ես կարծում եմ, որ չափազանց քիչ հավանականություն ունի այս տարբերակը, և նույնիսկ եթե քաղաքականության մեջ վաղուց արդեն ներկայություն ունեցող թեկնածուները պայմանավորվեն հրաժարվել, կմնա մեկ-երկու թեկնածու, որոնք իրականում շահագրգռված չեն որևէ դեմոկրատական փոփոխություններ իրականացնել»:

Հարցին, թե բացի Անդրիաս Ղուկասյանից և Արամ Հարությունյանից, այս տարբերակն ավելի շատ ո՞ւմ է ձեռնտու, մանավանդ, որ շատ է նշվում այն հանգամանքը, որ թեկնածուներն իրականում ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում են, Էդգար Վարդանյանը պատասխանեց. «Հնարավոր չէ ասել, թե ում կարող էր ձեռնտու լինել նման կոչերով հանդես գալը, բայց դա իսկապես կարող է լինել նոր արմատական փոփոխությունների հասնելու ծրագիր, այսինքն՝ զուտ քաղաքագիտական տեսանկյունից որևէ ուղղվածության մասին չի խոսում»:

1in.am