20.04.2025

Еженедельный Обзор

15-22 մարտի 2025թ.

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Բաքվում պահվող հայ գերիների, պատանդների ու գերեվարված անձանց խնդիրը մնում է շաբաթվա ամենաքննարկվողներից մեկը՝ որքան էլ իշխանությունները ջանում են թեման մոռացության մատնել՝ դրա շուրջ ստեղծելով անտարբերության գաղջ մթնոլորտ: Այն, ինչի համար հանձնառու է, բայց չի անում ՀՀ կառավարությունը, իրենց ձեռքն են վերցրել առանձին անհատներ եւ կազմակերպություններ: Մարտի 15-ին գերիների հարցով ԱՄՆ նախագահին են դիմել Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանը եւ Թալին Յակուբյանը: Նրանք Դոնալդ Թրամփին ուղղված նամակում կոչ են արել գործուն քայլեր ձեռնարկել ապօրինաբար անազատության մեջ պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ:

Նամակի հեղինակները հիշեցրել են «Հալածյալ քրիստոնյաներին պաշտպանելու» եւ «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղությունը վերականգնելու» վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝ հավելելով, որ իրական խաղաղության հնարավոր չէ հասնել այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր հայ գերիներն ու ռազմագերիները ազատ չեն արձակվել Բաքվի բանտից: «Մենք Ձեզ կոչ ենք անում օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները հայ գերիների շուտափույթ ազատ արձակման համար»,- նշել են նամակագիրները՝ լուրջ մտահոգություններ հայտնելով նաեւ ՀՀ ռազմավարական տարածքներում Ադրբեջանի շարունակական ռազմական ներկայության համար:

Համանախագահները բացատրել են, որ, չնայած Հայաստանի պատրաստակամությանը՝ հասնելու կայուն խաղաղության համաձայնագրի, Ադրբեջանը շարունակում է ապօրինի ցուցադրական դատավարություններ անցկացնել Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների ու մյուս հայ գերիների նկատմամբ: Միաժամանակ նրանք հայտնում են, որ ԼՂ-ի 120 հազար հայերի էթնիկ զտումները մնում են որպես մխացող հումանիտար ճգնաժամ: Ելքը, ըստ նամակագիրների, մեկն է՝ արցախահայերի իրավունքների ու կարգավիճակի հարցը պետք է լուծվի, իսկ տունդարձի հիմնարար իրավունքը՝ վերականգնվի:

 

Շաբաթվա ընթացքում չէին դադարում նաեւ Բաքվի մեկուսարաններից հայ կալանավորներին անհապաղ ազատ արձակելու պահանջի մասին Եվրախորհրդարանում երկու օր առաջ ընդունված բանաձեւի արձագանքները: Հիշեցնենք, որ «Հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված անօրինական ձերբակալություններն ու ցուցադրական դատավարությունները՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի քաղաքական բարձրաստիճան ներկայացուցիչների հանդեպ» ավանումը կրող այդ բանաձեւը.

ա/ դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ պատանդների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը եւ պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակումը,

բ/ խոր անհանգստություն է հայտնում խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ եւ կոչ է անում այդ խախտումների անկախ հետաքննություն անցկացնել,

գ/ կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ կատարել իրենց միջազգային պարտավորությունները՝ ներառյալ Ժնեւի կոնվենցիան եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան,

դ/ կոչ է անում ԵՄ-ին եւ միջազգային կազմակերպություններին՝ նպաստել հումանիտար եւ բժշկական առաքելությունների տեղակայմանը պատանդներին պահելու պայմանները գնահատելու համար,

ե/ ընդգծում է դիվանագիտական ​​ջանքերի հրատապ անհրաժեշտությունը հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու, նրանց պաշտպանությունն ապահովելու եւ նրանց հանդեպ վատ վերաբերմունք ցուցաբերած մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար,

զ/ կոչ է անում Խորհրդին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների, այդ թվում դատավորներ Զեյնալ Աղաեւի, Ջամալ Ռամազանովի եւ Անար Ռզաեւի դեմ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար,

է/ վճռականորեն դատապարտում է ՄԱԿ մարմինների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները փակելու՝ Ադրբեջանի կառավարության որոշումը, որը լրջորեն խոչընդոտում է միջազգային մարդասիրական ջանքերին եւ մշտադիտարկման մեխանիզմներին,

ը/ կոչ է անում Միջազգային քրեական դատարանին եւ նրա գլխավոր դատախազին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ բռնի տեղահանման, հալածանքների եւ էթնիկ զտումների դեպքերը,

թ/ ողջունում է ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որը պահանջում է անվերապահ ազատ արձակել եւ անվտանգ վերադարձնել Ադրբեջանում անօրինական կերպով պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին եւ այլ կալանավորներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Ադրբեջանում մեծ վայնասուն են դրել: Միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը բողոքի նամակ է հղել Եվրախորհրդարան՝ կապված Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի հետ՝ հայտնել է ադրբեջանական APA լրատվամիջոցը։ Նամակում մասնավորապես ասված է. «Վճռական բողոք ենք հայտնում 2025թ. մարտի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած՝ «Հայ պատանդների ապօրինի կալանավորումը եւ, այսպես կոչված, դատական ​​գործընթացները» անհիմն, կողմնակալ եւ կանխակալ բանաձեւի դեմ»:

Տարակուսել պետք չէ, որ ալիեւների կառուցած բռնապետությունում լպիրշությունը, հայատյացությունն ու մարդատյացությունը հասել են գագաթնակետին: Գաղտնիք չէ, որ այդ երկրում հայերի հանդեպ ատելությունը սերմանվում է վաղ մանկապարտեզային տարիքից՝ ընդ որում ամենաբարձր պետական մակարդակով: Մի քանի օր առաջ ադրբեջանցի մի խումբ զինծառայողներ հանդես եկան Արցախի նախկին պետնախարար, բարերար ու հռչակավոր հումանիստ Ռուբեն Վարդանյանին «ամենախիստ պատիժը» տալու նախաձեռնությամբ: Գուցեւ փոքրիկ, բայց շատ խոսուն փաստ է:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Գործադիրի լրատվականի հաղորդմամբ՝ մարտի 16-ին տեղի է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Վարչապետն Իրանի նախագահին տեղեկացրել է «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման եւ նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ Իրան-Հայաստան երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։ Ըստ լրատվականի, մարտի 16-ին նույն օրակարգով հեռախոսազրույց է տեղի ունեցել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Կիրակի օրվանից սկսյալ՝ Բաքուն արդեն 5-րդ օրն է՝ հայկական կողմին մեղադրում է սահմանի տարբեր հատվածներում իրենց դիրքերը գնդակոծելու համար: Ո՛չ ՀՀ ՊՆ-ի հերքումները, ո՛չ էլ ԵՄ առաքելության պարեկային խմբերի հավաստիացումները, թե իրավիճակը սահմանին մնում է հանգիստ եւ «արտառոց ակտիվություն չի նկատվում», Բաքվին չեն համոզում: Ավելին՝ մարտի 19-ի օրվա ավարտին՝ ընդլայնելով մեղադրանքների շրջանակը, Ադրբեջանն առանց հիմնավորումների, պնդում էր, թե Հայաստանը սահմանին հարձակողական սպառազինություն է տեղակայում եւ, իբր, կան կուտակումներ: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու՝ Հայաստանի պարբերական առաջարկին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել:

Կառավարության մարտի 20-ի որոշմամբ՝ Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Այս պաշտոնում Նահապետյանի թեկնածությունը գործադիրին առաջարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ թեկնածուն զբաղեցնում էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ «Իմ թեկնածությունն առաջադրելն ու հաստատելն ինձ համար մեծ պատիվ է եւ պատասխանատվություն։ Վստահեցնում եմ, որ գործադրելու եմ առավելագույն ջանք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար», - ասել է Նահապետյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր պաշտոնի համար պայքարած 5 թեկնածուներից Նահապետյանն առավելագույն միավորներն էր հավաքել:

Արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության դեպքով Քննչական կոմիտեն մարտի 18-ին քրեական վարույթ է հարուցել՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգման հոդվածով: Կոմիտեից «Ազատության»-ը փոխանցել են, որ քրեական վարույթը հարուցել են դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա։ Նախօրեին Քննչականը դեռ քրեական վարույթ չէր հարուցել: Նշել էին, թե հաղորդում չեն ստացել՝ չնայած 29-ամյա երիտասարդի նկատմամբ բռնությունների մասին բազմաթիվ հրապարակումներ էին եղել, Ոստիկանությունն էլ արդեն ծառայողական քննություն էր սկսել:

Մարտի 19-20-ը արտգործնախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Բրազիլիայում էր։ Ըստ ԱԳ նախարարության՝ Բրազիլիայում Միրզոյանի հանդիպում է ունեցել իր գործընկերոջ՝ Մաուրո Վիեյրայի հետ, ապա երկու երկրների ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Այցից այլ մանրամասներ արտգործնախարարությունը չի հաղորդում:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.