17.04.2026

Еженедельный Обзор

21-28 մարտի 2026թ.

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ

 

Շաբաթվա ամենաքննարկված թեման անցած կիրակի օրը մետրոյում տեղի ունեցած միջադեպն էր՝ լարված երկխոսությունը արցախցի երիտասարդ տիկնոջ եւ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի միջեւ: Վերջինս չհայտարարված նախընտրական քարոզարշավի շրջանակում այդ օրը շարունակում էր շրջագայությունները՝ այս անգամ Երեւանում: Փաշինյանի ու նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարկանիշը մայրաքաղաքում աղետալիորեն ընկած է, եւ մտածում էր հանգստյան օրով՝ քաղաքական թիմով, ծպտված թիկնազորով դուրս գալ «մարդամեջ», հանրային միջավայր՝ շոշափելու մարդկանց նախընտրական տրամադրությունները:

Ամենազանգվածային հասարակական տրանսպորտում՝ մետրոյում նիկոլականների բախտը չբերեց, «ձայնորսություն» գործողությունը՝ բախվելով արցախցի կնոջ եւ նրա 8-10 տարեկան երեխայի խիզախ պահվածքին, տապալվեց: Կատարվածը սոսկ պատահական խոսակցություն չէր. դա այսօրվա ներհայաստանյան զարգացումների, մեզանում վարվող ապաշնորհ քաղաքականության հայելային արտացոլումն էր: ՀՀ քարտեզի պատկերով կրծքազարդը երեխային առաջարկելուց ու մերժում ստանալուց հետո այն մոր դեմ թափահարելը, թե «ձեր որդին այստեղ է ապրելու», վկայում է արդեն իսկ պարտադրվող իրականության մասին: Կինը հակադարձում է՝ ասելով, որ իրենք իրենց ապրելու քարտեզն ունեն, եւ դա Արցախն է:

Փաշինյանը համառում է: Նրան դուր չի գալիս, երբ կինը հստակ ասում է, որ իր զավակն ուզում է ապրել եւ ապրելու է Արցախում: «Իսկ ես երաշխավորում եմ, որ նա կապրի Հայաստանում»,- համոզելու վերջին ճիգն է անում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը: Նա, հավանաբար, մոռացել է 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում հնչեցրած իր հավակնոտ հայտարարությունը, թե  «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Թե ինչ եղավ դրանից մեկ տարի 22 օր անց՝ բոլորս լավ գիտենք, արցախցին՝ առավել եւս: Մարդիկ անիծում են իրենց ճակատագիրը հիմնիվեր կործանած այդ սեւ դիպվածը, բայց ոչինչ դեպի լավը փոխել այլեւս հնարավոր չէ:

 

Մետրոյում բռնկված վեճի ընթացքում արցախցիներին «փախած» անվանելը Փաշինյանի կողմից առնվազն բարոյական կարճատեսություն է. «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,- երեխայի ներկայությամբ մոր վրա անընդհատ բղավում ու մատ էր թափ տալիս ինքնատիրապետումը կորցրած թիվ մեկ ՔՊ-ականը: Ավելի ուշ պարզվեց, որ այդ կինը՝ Արմինե Մոսիյանը, Արցախյան ազատամարտում 1993թ.-ին զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դուստրն է: Փոքրիշատե սթափ ժամանակ Նիկոլը, հավանաբար, հասկացել է կամ նրան հասկացրել են, որ ընտրություններին ընդառաջ նման քայլերը բնավ իրենց օգտին չեն:

Նա հեռակա կարգով ներողություն է խնդրել մայր ու որդի Մոսիյաններից, հրավիրել նրանց Կառավարություն կամ հանդիպման՝ իրենց համար հարմար ժամանակ ու հարմար վայրում փոխանցելու իր զղջումը, բայց մնացել է անպատասխան: Ինչ վերաբերում է ԼՂ-ից  արցախցիների փախչելու մեղադրանքին, ապա «փախածի» պիտակն ակնհայտորեն շատ ավելի բնորոշ է Փաշինյանին, քան՝ արցախահայությանը: Մոսիյան ընտանիքին առավել եւս այն չի «կպչում»: Այդ առնչությամբ հատկանշական են 2008-ի «Մարտի 1»-ի հայտնի դեպքերը, երբ ընդդիմության հանրահավաքում խառնակչություններ հրահրելուց հետո նա փախավ դեպքի վայրից՝ մոլեգնած ամբոխին թողնելով բախտի քմահաճույքին:

Կա ավելի տիպիկ օրինակ ճանաչված լրագրող Սեւակ Հակոբյանի օրագրից. Արցախյան առաջին պատերազմի ժամանակ չափահաս էին թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Մերուժան Մոսիյանը, բայց Նիկոլը թռնում է բանակից, թռնում է Արցախյան պատերազմից, Մերուժանն էլ դառնում է հրամանատար, հողեր է ազատագրում եւ կենացմահու մարտերից մեկում զոհվում է։ Փաշինյանն այսօր Մոսիյանի եւ մյուս քաջակորով հայորդիների արյան եւ կյանքի գնով ազատագրած հողը հանձնում է թշնամուն, իսկ լեգենդար հրամանատարի դստեր վրա մատ է թափ տալիս։ Մարդ, որը փախել է բոլոր պատերազմներից՝ 1990-ականների, ապրիլյանի… մարդ, որը 44-օրյայից հետո էլ բունկերները դարձրել էր հիմնական կեցավայր:

Է՛, ժողովուրդը հո լավ գիտի՝ ով ով է: Եվ այս կապակցությամբ իր վճռորոշ խոսքը կասի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, որտեղ պետք է լուծվի Հայաստանի լինել-չլինելու հարցը:

 

Երեւանում անցկացրած քարոզչական հանդիպումների օրը Փաշինյանն ամփոփել էր ՖԲ-ի ուղիղ եթերով եւ հերթական անգամ պնդել, որ եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղպայմանագիր» կուսակցությունը չստանա սահմանադրական մեծամասնություն, պատերազմ է լինելու: Ընդ որում՝ աղետաբեր պատերազմ: Ընդ որում՝ պարզապես հաղթելը քիչ է, պահանջվում է հաղթել սահմանադրական մեծամասնության տիրապետման պայմանով: Սահմանադրական մեծամասնություն ստանալը, նրա խոսքով, կօգնի «անշրջելի դարձնել տարածաշրջանում հաստատված խաղաղությունը»։ Սակայն հիմնավորումներ չի ներկայացրել, միայն նշել է՝ որպես յոթ տարվա վարչապետ, կարող է անսխալ գնահատել իրավիճակը: Ըստ երեւույթին՝ աչքաչափով:

Պատերազմի հավանականության խնդրին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը վերջին շրջանում արդեն մի քանի անգամ անդրադարձել է: Այդ մասին խոսել էր նաեւ մարտի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցում եւ էլի այլ տեղեր՝ միշտ պնդելով նույնը՝ «խաղաղության ռեւիզիայի» դիրքերից հանդես եկող երեք ուժերի հաղթանակի դեպքում լինելու են ծանր հետեւանքներ՝ ոչ միայն տարածքային, այլեւ ինքնիշխանության կորստի առումով: Երեք ուժեր ասելով՝ նկատի ունի «Հայաստան» դաշինքին, «Ուժեղ Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին, որոնք, նրա կարծիքով, միլիարդների ունեցվածք ունեն (իբր՝ ինքը չունի) ՌԴ-ում եւ Բելառուսում:

Լավ, եթե տարածաշրջանում, ձեր ասելով, արդեն խաղաղություն է հաստատված, ինչո՞ւ պիտի ընտրություններում ձեր հաղթանակով այդ խաղաղությունը դառնա «անշրջելի», իսկ ընդդիմության հաղթանակի դեպքում՝ վերածվի «ծանր հետեւանքներով» հղի պատերազմի: Ո՞րն է տրամաբանությունը: Չլինի՞, ի վերջո, խոստովանում եք, որ ձեր հաղթանակն Ալիեւի համար խիստ շահեկան է, ուրիշ մեկինը՝ խիստ անցանկալի, որի դեպքում, ըստ ձեզ, Ալիեւն անգամ պատրաստ է աղետաբեր պատերազմի գնալ: Ասեմ ձեզ, իմացեք՝ պատերազմը խաղուպար չէ, ոչ էլ պատերազմում չամիչ են բաժանում: Հետեւաբար՝ ո՛չ մի մայր, ո՛չ մի բանական մարդ պատերազմ չեն ուզում: Ալիեւն էլ իր գլխու չէ, որ խելքը փչածին պես պատերազմ հայտարարի:

Փաշինյանն ուղղակի շանտաժի ձեւը գտել է՝ ինձ ընտրեք, թե չէ Ալիեւը կհարձակվի, Սահմանադրությունը փոխենք, թե չէ՝ Ադրբեջանը մեզ կջարդի, Զանգեզուրի միջանցքը տանք, այլապես թուրք-ադրբեջանական տանդեմը մեր վերջը կտա եւ այդպես շարունակ: Մենք չպետք է տրվենք Նիկոլի ձեռնածություններին՝ նրան լավ ճանաչելով ու քանիցս նրա խաբեբայությունների, խարդավանքների եւ բախտախնդրությունների ականատեսը կամ զոհը լինելով:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ մարտի 23-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել: «Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր կողմեր, այդ թվում՝ համագործակցությունը առեւտրատնտեսական, էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում»,- տեղեկությունը տրամադրում է Կրեմլը՝ ընդգծելով, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձեւաչափով: Այլ մանրամասներ չեն նշվում:

Կառավարությունից հրաժարվել են «Ազատությանը» հայտնել, թե անցած տարվա երկրորդ կիսամյակի գնահատման արդյունքներով որքան պարգեւավճար են ստանալու վարչապետը, փոխվարչապետը եւ նախարարները: Գրավոր հարցմանն ի պատասխան՝ միայն հայտնել են, որ նշված պաշտոնյաների վարձատրության մասին տեղեկություն չեն կարող տրամադրել՝ հաշվի առնելով տեղեկատվության ազատության, անձնական տվյալների մասին օրենքներով եւ աշխատանքային օրենսգրքով նախատեսված սահմանափակումները: Գործադիրից միայն հորդորել են ծանոթանալ շաբաթներ առաջ կայացված որոշմանը, ըստ որի՝ Կառավարությունը պետական աշխատողներին մինչեւ տարվա կեսը 4.6 միլիարդ դրամից կամ 12 միլիոն դոլարից ավելի պարգեւավճար կբաժանի: Փորձագետները սրա մեջ ընտրություններին ընդառաջ ռիսկեր են տեսնում:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը քաղաքական է համարում իրենց չընտրելու դեպքում պատերազմի բռնկման վերաբերյալ վարչապետի մարտի 22-ի հայտարարությունը: «Խոսքը հաստատված խաղաղության եւ այն փայփայելու մասին է, իսկ այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմադիր դաշտի կողմից, մեր ընկալմամբ չունեն այլ որակում, քան խաղաղությունը վտանգող հանդիսանալը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նախարարը: Վարչապետը նախորդ շաբաթ էլ հայտարարել էր, թե «խաղաղության ռեւիզիայի դիրքերից» հանդես եկող ուժերը պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ: Երկրորդ նախագահը՝ անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը, ասել էր, որ խաղաղությունից խոսում են մարդիկ, որոնք «երեք պատերազմ են բերել մեր ժողովրդի գլխին»: Նրա համոզմամբ՝ սա աբսուրդ է:

«Նոր ուժ» սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածուն Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է: «Մեր պետությանը պետք է նոր ուժ, որը կփոխի այս ամենը, որը կփոխի պետական կառավարումը, որը կփոխի այս քաղաքական դաշտը, որը ոտքի կկանգնեցնի Հայաստանը, նոր ուժ, որը սկզբունքներից չի հեռանալու: Եվ այդ նոր ուժը մենք ենք»,- մարտի 21-ին իր ելույթում հայտարարել է Հայկ Մարությանը: Ըստ նրա՝ «Նոր ուժ»-ը չի համագործակցի գործող իշխանության՝ ՔՊ-ի, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ. «Մնացած ուժերի հետ կապված՝ առաջիկա քննարկումները ցույց կտան»,- ասել է Մարությանը՝ ակնարկելով, որ նախընտրում են ընտրություններին մասնակցել առանձին՝ իրենց կուսակցությամբ:

Մարտի 25-ին խոշոր հրդեհ է բռնկվել Երեւանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։ ՆԳ նախարարությունից հայտնել են են, որ հրդեհի վերաբերյալ ահազանգը ստացվել էր ժամը 19։12-ին: ՆԳՆ խոսնակը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այս պահին 13 մարտական հաշվարկ հրդեհաշիջում է իրականացնում։ «Երկու հատվածներում շատ մոտ բնակելի շենքեր են, փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր։ Հրդեհի պատճառների մասին դեռ վաղ է խոսել: Մոտ հատվածների շենքերի բնակիչները տարհանվել են»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը: Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.