04.10.2024

Интервью

«Ռոբերտ Քոչարյանը բացարձակ անձեռնմխելիություն չունի». փաստաբան Նորայր Նորիկյան

Рейтинг: 5 / 5

Звезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активна
 

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը: Հուլիսի 26-ին Քոչարյանը կալանավորվեց, սակայն օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը ազատ արձակեց նրան: Այս եւ շաբաթվա աղմկահարույց այլ դեպքերի շուրջ զրուցել ենք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:

 - Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանը ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը, որը, սակայն, փոխվեց Վերաքննիչ դատարանի կողմից: Ճի՞շտ է արդյոք Քոչարյանի պաշտպանների տեսակետը, թե առաջին ատյանի դատարանի որոշումն ի սկզբանե անօրինական է եղել:

- Բավարար հիմքեր կային ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու, այլեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու որոշման համար: Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական անձեռնմխելիությունը հաղթահարելի հանգամանք է, քանի որ ՀՀ Սահմանադրությունը բացարձակ անձեռնմխելիություն չի տրամադրում որեւէ սուբյեկտի, այդ թվում՝ պաշտոնաթող նախագահին: Քոչարյանի մասով ՀՀ օրենսդրությանը համապատասխան գործունեություն է իրականացվել:

- Այդ դեպքում ինչո՞ւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը բավարարեց պաշտպանական կողմի բողոքը:

- Հարգում եմ դատավոր Ալեքսանդր Ազարյանին, նրա մասնագիտական կարողությունները, մարդկային որակները, բայց կտրականապես համաձայն չեմ նրա կայացրած դատական ակտին այն առումով, որ Քոչարյանի նկատմամբ դատական ակտը բեկանվել է՝ հաշվի առնելով նրա անձեռնմխելիության հանգամանքը: Այդ առումով վերաքննիչ քրեական դատարանը ճիշտ չի գնահատել առաջադրված մեղադրանքը եւ հականորմերի համապատասխան վերլուծությունը յուրովի է գնահատել: Սակայն ակնկալիք կա, որ Գլխավոր դատախազությունը կներկայացնի վճռաբեկ բողոք: Վճռաբեկ դատարանն այն բարձրագույն դատական ատյանն է, որը հստակեցում կմտցնի Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակի վերաբերյալ:

- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավոր Ազարյանը երկար տարիներ աշխատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում, իսկ հետո արդեն «Մարտի 1»-ի առնչությամբ 9 մեղադրական որոշում է կայացրել, սրանք բավարար հիմք չէի՞ն, որպեսզի Ազարյանն ինքնաբացարկ հայտներ:

- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը, ինչպես նաեւ դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքը հստակ ամրագրում են դատավորի ինքնաբացարկի հիմքերը: Այդ հիմքերի մեջ առանցքային նշանակություն ունի այն, որ դատավորն ինքնաբացարկ է հայտնում, եթե կողմնակալ դիրքորոշում ունի դատավարության այս կամ այն մասնակցի նկատմամբ: Ավելին` երբ նրա որեւէ վարքագիծ կարող է անկողմնակալ դիտորդի մոտ, թեկուզ աննշան, անաչառության խնդիր ստեղծել դատավորի նկատմամբ: Այդ հանգամանքները հաշվի առնելով` պետք է ինքնաբացարկ ներկայացվեր:

- Այստեղ կա նաեւ Գլխավոր դատախազության բացթողո՞ւմը:

- Այո, այդ դատական ակտի անաչառությունը կասկածի տակ չդնելու համար պետք է ամեն ինչ արվեր՝ բացառելու թեկուզ ամենաաննշան շահարկումն ու քննարկումը: Դատավոր Ազարյանը կայացրել է դատական ակտ, որը վիճարկելի է, բայց այս պարագայում քննարկվում է ոչ թե դատական ակտի օրինականությունը, այլ վիճարկվում է Ազարյանի կողմից այդ գործը քննելու օրինականությունը: Որպեսզի այսպիսի խոսակցություններից հնարավոր լիներ խուսափել, դատախազության ներկայացուցիչները պարտավոր էին բացարկի միջնորդություն ներկայացնել:

- Ռոբերտ Քոչարյանն ու իր պաշտպաններն անընդհատ նշում են, որ մեղադրող կողմը «0038 հույժ գաղտնի» հրամանից համատեքստից կտրված հատվածներ է հրապարակում, այդպիսով խախտում ուժերի հարաբերակցությունը: Պահանջում են, որ հրամանն ամբողջությամբ հրապարակվի: Հնարավո՞ր է, որ նախաքննության ընթացքում այդպիսի բան տեղի ունենա:

- Չեմ կարծում, որ այս պահին գործն առավելագույն թափանցիկության շրջանակներում իրականացնելու անհրաժեշտություն կա: Բնականաբար, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունը ենթադրում է նախաքննության գաղտնիության ռեժիմ, բայց ես սկզբունքորեն կողմնակից եմ, որ սա այն գործն է, որտեղ պետք է թույլատրելիության սահմաններում թափանցիկություն ապահովվի, որպեսզի հասարակությունն էլ տեղեկանա, թե ինչ շեշտադրումներ է անում նախաքննությունը: Դեմ չեմ, որ այս գործի նկատմամբ հնարավորինս թափանցիկություն եւ մատչելիություն լինեն:

- Երկրորդ նախագահը փորձեց մամուլի ասուլիս կազմակերպել, սակայն, դեռ չկայացած, մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից այն տապալվեց: Այս հանգամանքը Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում համարո՞ւմ եք:

- Ասուլիսի տապալման կազմակերպիչները սխալ քաղաքական հաշվարկ էին արել՝ տապալելով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը՝ ավելորդ ուշադրություն սեւեռելով հենց այդ անձի նկատմամբ: Կարծում եմ՝ պետք է հնարավորություն տրվեր, որ այդ ասուլիսը կայանա. վստահ եմ` կլինեին բազմաթիվ լրագրողներ, ովքեր Քոչարյանին կհարցնեին մարտի 1-ին եւ դրանից առաջ Հայաստանում իրականացված քաղաքական ենթատեքստ ունեցող բազմաթիվ սպանությունների, ապօրինի հարստացումների եւ այլ թեմաների մասին: Նրա հետ պետք է խոսել բացառապես օրենքի լեզվով, արարքներին էլ պետք է տրվեն բացառապես իրավական գնահատականներ:

 

Հարցազրույցը վարեց Նորայր Շողիկյանը

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.