Աննի Ռոման, «Հայաստանցի մեծ մայրիկս» / “Ma Grand-Mère d’Arménie”, հուշավեպ, թարգմ․՝ Գրիգոր Ջանիկյանի, 216 էջ, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2019թ.:
Հնարավո՞ր է գրի առնված պարզ խոսքի միջոցով իրապես ընկալել և մինչև վերջ գիտակցել այն կորուստն ու սարսափները, որ ստիպված էր ապրել հայ ժողովուրդը Ցեղասպանությունից առաջ, ընթացքում և հետո։ Անկասկած, այդ ոճրագործության իրական զոհերը միայն մեկ ու կես միլիոն հայերը չէին, այլ նաև ողջ ժողովուրդը, և մազապուրծ եղած ամեն մի հայ, որ ստիպված էր լքել իր տունը, բաժանվել հարազատներից և փորձել նոր կյանք կառուցել բոլորովին օտար հողերում՝ օտար մարդկանց կողքին։ Եվ իհարկե նոր սերունդները, որ նորովի են վերապրում նախնիների չմարող ցավը։
Ֆրանսիացի դերասանուհի, գրող Աննի Ռոմանն առաջին անգամ է տպագրվում։ Այնքան յուրահատուկ և տարբերվող այս վավերագիրքը ֆրանսերեն լույս է տեսել դեռևս 2015 թվականին։ Մեծանալով մորական տատի՝ Սրբուհի Հովակյանի (ամուսնական ազգանունով՝ Քափամաջյանի) հետ՝ Աննին իր ամբողջ կյանքի ընթացքում լսել է Ցեղասպանության մասին տատիկի զարհուրելի պատմությունները, տեսել է նրա անանցանելի վախն ու հետապնդող տագնապները։
Փրկվելով Ցեղասպանությունից՝ Սրբուհին փախել է Ֆրանսիա, ապրել Մարսելում, բայց այդպես էլ նա չկարողացավ ձերբազատվել իր սպանված ամուսնու, դստրիկի, հայրենի տան ու քաղաքի մասին տանջալից հիշողություններից։ Եվ ինչպե՞ս կարող էր։
Սրբուհի Հովակյանը ծնվել է 1893 թվականին՝ Օսմանյան կայսրությունում։ Դեռ Նազարեթում նա միանձնուհիներից ֆրանսերեն էր սովորել։ Դեպի ազատություն և անվտանգություն իր ճանապարհին երկլեզու հուշատետր է ունեցել՝ 1915-1918 թվականների իրադարձություններն ու հույզերը հանձնելով թղթին։ Նրա մահից հետո թոռնուհին, գտնելով այդ հուշատետրը, որոշում է հրատարակել՝ լրացնելով այն տատի հետ անցկացրած տարիների մասին իր հիշողություններով։ Հետաքրքրաշարժ է, որ Աննի Ռոմանը այդ պատմությունները գրի է առել մեծ տարիքում, սակայն նրա բոլոր հուշերը գրված են փոքրիկ՝ յոթ-ութամյա Աննիի դեմքից։ Մանկական անմիջականությունն ու տատիկի հետ կատարված ողբերգության յուրովի ընկալումն իր պարզ ու անկեղծ միամտությամբ մի այլ՝ երեխայական անկեղծ հույզերի զուգահեռ աշխարհ է բացահայտում՝ հակադրվելով Սրբուհու հուշատետրի մռայլությանն ու դաժանությանը։ Ջերմությամբ լցված սերունդների երկխոսության այս պատկերն առանձնակի ձգողականություն ու հմայք է հաղորդում գրքին։
Հուշավեպը Ֆրանսիայում բարձր գնահատանքի արժանացավ, թարգմանվեց նաև շվեդերեն և իտալերեն, իսկ 2019 թվականին վերջապես լույս տեսավ նաև հայերեն։

