Աշոտ Սարգսյան, «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989», Անտարես, 2018, 656 էջ
«Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» պատմագիտական իր աշխատության մեջ Աշոտ Սարգսյանը պահոցային փաստաթղթերի հիման վրա ներկայացրել է Արցախյան շարժման սաղմնավորման տարիների պատմությունը: Գրքի յուրահատկություններից մեկն այն է, որ պատմաբանը պատկերում է իր ապրած ժամանակների պատմությունը։ Կարող է թվալ, թե հին շրջան նկարագրելու համեմատ՝ դա ավելի հեշտ է, քանի որ հեղինակը ոչ միայն եղել է դեպքերի ականատեսը, այլեւ անմիջական մասնակիցը: Եվ, բացի դրանից, աղբյուրներն առատ ու մատչելի են, իսկ տվյալ ժամանակահատվածի դերակատար գործիչները՝ ողջ, որոնցից կարելի է ճշտել որոշ իրողություններ, մանրամասներ եւ այլն։ Սրանք, անշուշտ, կարեւոր են, սակայն մինչեւ վերջ տակավին չխմորված, «պատմություն չդարձած» շրջանի պատմության վերհանումը նաեւ իր դժվարություններն ունի, որոնք հեղինակը կարողացել է հաղթահարել:
Հազարամյակների խորքը չիջնելով, դժվար է հայոց պատմության մեջ գտնել 1980-90-ականների հետ համեմատելի մեկ այլ տասնամյա ժամանակաշրջան՝ այդչափ զանգվածային համաժողովրդական նվիրումի ընդգրկմամբ եւ այդօրինակ քաղաքական արդյունքներով՝ ի դեմս անկախության ձեռքբերման, պետականության կայացման, ռազմական հաղթանակների եւ Լեռնային Ղարաբաղի ազատագրման։
Սույն հատորն ընդգրկում է Հայաստանի պատմության մեջ բացառիկ այս տասնամյակի առաջին երկու տարիները։