2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական համակարգում ստեղծված իրավիճակը լուրջ մտորումների տեղիք է տալիս։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի քաղաքական միջավայրում են անցկացվել ընտրությունները, որքանով է ապահովվել իրական մրցակցությունը և ինչ հեռանկարներ ունի քաղաքական իշխանության փոփոխությունը ընտրական մեխանիզմների միջոցով։
Ընտրությունների ընթացքում և հետո ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, նախընտրական շրջանում քաղաքական հետապնդումները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարան չանցնելու ԿԸՀ անօրինական որոշումը խորացրել են ընտրական գործընթացների նկատմամբ հանրային անվստահությունը։
Երբ քաղաքական մրցակցության պայմանները կասկածի տակ են դրվում, իսկ իշխանափոխության ընտրական հեռանկարը հասարակության զգալի հատվածի համար դառնում է անհավանական, ընտրական համակարգը սկսում է կորցնել իր հիմնական նշանակությունը։ Այն աստիճանաբար վերածվում է ոչ թե քաղաքական այլընտրանքների մրցակցության, այլ՝ արդեն գոյություն ունեցող իշխանական հարաբերությունների վերարտադրության գործիքի։ Սակայն Հայաստանի քաղաքական համակարգի ճգնաժամը բացատրել զուտ գործող իշխանության քաղաքականությամբ կնշանակի անտեսել խնդրի մյուս՝ ոչ պակաս կարևոր կողմը՝ ընդդիմության քաղաքական անկարողությունը։
Ընդդիմության ճգնաժամը
Հայաստանի քաղաքական կյանքի ամենամեծ հակասություններից մեկն այն է, որ գործող իշխանության նկատմամբ դժգոհությունն ինքնաբերաբար չի վերածվում ընդդիմության նկատմամբ վստահության։ Ընդհակառակը, հասարակության մի հատված կարող է միաժամանակ չվստահել թե՛ իշխանությանը, թե՛ նրան փոխարինելու հավակնություն ունեցող քաղաքական ուժերին։ Այսպես կոչված տիտղոսային ընդդիմությունը տարիներ շարունակ իր քաղաքական գործունեության առանցքում դրել է գործող իշխանության քննադատությունը։ Իշխանության ձախողումների, սխալների և վտանգավոր որոշումների մասին խոսելը, անշուշտ, ընդդիմության կարևոր գործառույթներից է, սակայն քաղաքական ընդդիմությունը չի կարող սահմանափակվել միայն այդ գործառույթով։ Հասարակության համար վաղուց արդեն նորություն չէ, որ Հայաստանը կանգնած է անվտանգային, սոցիալական, տնտեսական և արտաքին քաղաքական լրջագույն մարտահրավերների առաջ։ Մարդիկ սեփական կենսափորձով են զգում այդ խնդիրների հետևանքները և կարիք չունեն ամեն օր նորից լսելու, թե որքան վատն է գործող իշխանությունը։ Հասարակությունը շատ ավելի կարևոր հարցերի պատասխաններ է սպասում։ Ինչպե՞ս է ընդդիմությունը պատկերացնում Հայաստանի անվտանգության ապահովումը։ Ինչպիսի՞ հարաբերություններ պետք է կառուցվեն հարևան երկրների՝ Ռուսաստանի, Եվրոպական միության և մյուս միջազգային գործընկերների հետ։ Որտեղի՞ց պետք է առաջանան երկրի զարգացման նոր տնտեսական հնարավորությունները։ Ինչպե՞ս են լուծվելու աղքատության, արտագաղթի, սոցիալական անհավասարության և ժողովրդագրական խնդիրները։
Այս հարցերին անհրաժեշտ են ոչ թե կարգախոսներ, այլ իրատեսական քաղաքական ծրագրեր, դրանց իրականացման հստակ մեխանիզմներ և այդ ծրագրերն իրականացնելու ունակ մասնագիտական թիմեր։ Մինչդեռ գործող ընդդիմության քաղաքական գործունեության մեջ դժվար է տեսնել նման համակարգված մոտեցում։ Առավել ևս դժվար է հասկանալ, թե որն է խորհրդարանական ընդդիմության երկարաժամկետ քաղաքական ռազմավարությունը և ինչպիսի Հայաստան է այն առաջարկում հասարակությանը։
Խնդիրն ավելի խորքային է։ Հայաստանի ավանդական ընդդիմադիր ուժերը, մեծ հաշվով, չեն կարողանում ձևավորել ոչ միայն համոզիչ քաղաքական այլընտրանք, այլև այլընտրանքային քաղաքական էլիտա։ Նրանց գործունեության մեջ շարունակում են գերիշխել անձնական հավատարմության, խմբային պատկանելության և կլանային հարաբերությունների սկզբունքները։ Քաղաքական որոշումների կայացման գործընթացները հաճախ կենտրոնացած են առանձին առաջնորդների շուրջ, իսկ անկախ մտածողության, մասնագիտական կարողությունների և հասարակական հեղինակության հիման վրա նոր դեմքերի առաջմղումը մնում է երկրորդական։
Արդյունքում հասարակությունը հաճախ տեսնում է ոչ թե նոր քաղաքական մշակույթի ձևավորում, այլ՝ նախկին քաղաքական հարաբերությունների վերարտադրության փորձ։ Ընդդիմությունը նաև չի կարողանում կառուցել լիարժեք երկխոսություն հասարակության տարբեր շերտերի, մասնագիտական շրջանակների և քաղաքացիական նախաձեռնությունների հետ։ Այն հաճախ հասարակությանը դիտարկում է որպես սեփական քաղաքական նախաձեռնություններին միանալու ռեսուրս, այլ ոչ թե որպես քաղաքական օրակարգի ձևավորման լիարժեք մասնակից։
Քաղաքական ուժը կարող է ունենալ ֆինանսական ռեսուրսներ, կազմակերպական կառույցներ, լրատվական աջակցություն և ճանաչված առաջնորդներ, բայց այդ ամենը դեռևս չի նշանակում, որ այն ունի հասարակական վստահություն։ Իսկ առանց այդ վստահության նույնիսկ ամենակոշտ հակաիշխանական հռետորաբանությունը չի կարող վերածվել համաժողովրդական շարժման։
Ինչո՞ւ է անհրաժեշտ լայն հասարակական շարժում
Ստեղծված պայմաններում միայն կուսակցական մրցակցության միջոցով Հայաստանի քաղաքական իրավիճակը արմատապես փոխելու հեռանկարը բավականին մշուշոտ է։ Երբ քաղաքական դաշտը բևեռացված է, իսկ կուսակցությունների նկատմամբ հանրային վստահությունը՝ սահմանափակ, քաղաքական փոփոխությունների հիմնական շարժիչ ուժ կարող են դառնալ լայն հասարակական շարժումները։ Նման շարժումների առանձնահատկությունն այն է, որ դրանք կարողանում են միավորել տարբեր քաղաքական հայացքներ, սոցիալական խմբեր և մասնագիտական շրջանակներ ունեցող մարդկանց՝ ընդհանուր նպատակների շուրջ։ Այդպիսի շարժումը պարտադիր չէ, որ ձևավորվի մեկ կուսակցության կամ քաղաքական գործչի առաջնորդությամբ։ Ընդհակառակը, դրա հաջողության կարևոր պայմաններից մեկը կարող է լինել հենց ավանդական կուսակցական սահմանափակումներից դուրս գալը։ Հայաստանում գոյություն ունի մարդկանց բավականին լայն շրջանակ, որը դժգոհ է գործող իշխանությունից, բայց միևնույն ժամանակ չի ցանկանում միանալ նախկին քաղաքական ուժերից որևէ մեկին։ Այս մարդիկ քաղաքականապես անտարբեր չեն։ Նրանք պարզապես չեն տեսնում այնպիսի ուժ, որի հետ կկարողանան կապել երկրի ապագան։
Այստեղ առաջանում է Հայաստանի քաղաքական կյանքի թերևս ամենալուրջ խոչընդոտներից մեկը՝ քաղաքական առաջնորդների անձնական հավակնությունները։ Գործող ընդդիմադիր առաջնորդներից շատերը պատրաստ են խոսել միասնականության անհրաժեշտության մասին, բայց գործնականում դժվարությամբ են ընդունում այնպիսի միավորման գաղափարը, որի կենտրոնում անձամբ իրենք չեն լինելու։ Առաջնորդական եսակենտրոնությունը, սեփական ազդեցության շրջանակը պահպանելու ձգտումը և նեղ խմբային շահերը խոչընդոտում են նոր հասարակական շարժման ձևավորմանը։ Ավելին, գործող քաղաքական առաջնորդները երբեմն իրենք են դառնում այդպիսի շարժման առաջացման հիմնական խոչընդոտը։ Այլ կերպ ասած՝ նախ անհրաժեշտ է փոխել քաղաքական հարաբերությունների որակը, և միայն դրանից հետո ընտրությունները կարող են վերականգնել իրենց լիարժեք բովանդակությունը։
Ինչո՞ւ Հայաստանում հնարավոր չէ երկարաժամկետ քաղաքական մենաշնորհ
Հայաստանի քաղաքական համակարգի առանձնահատկությունները պայմանավորված են ոչ միայն ներքաղաքական հարաբերություններով, այլ նաև երկրի աշխարհագրական դիրքով, անվտանգության միջավայրով, տնտեսական կառուցվածքով և արտաքին աշխարհի հետ ունեցած բազմաբնույթ կապերով։ Հայաստանը ներքին և արտաքին բազմաթիվ փոխկապակցվածություններով չափազանց փոքր երկիր է, որպեսզի կարողանա երկարաժամկետ հեռանկարում պահպանել ամբողջությամբ փակ և ինքնաբավ քաղաքական համակարգ։
Ի տարբերություն մեկուսացված ավտորիտար պետությունների՝ Հայաստանը մեծապես կախված է արտաքին քաղաքական, տնտեսական և անվտանգային զարգացումներից։ Տարածաշրջանային հարաբերությունների փոփոխությունները, միջազգային գործընկերների քաղաքականությունը, տնտեսական ճգնաժամերը, անվտանգային սպառնալիքները և նույնիսկ առանձին արտաքին իրադարձություններ կարող են էական ազդեցություն ունենալ երկրի ներքաղաքական իրավիճակի վրա։ Այս պայմաններում քաղաքական իշխանության մենաշնորհը ոչ թե վերացնում, այլ հաճախ ավելի է խորացնում համակարգի խոցելիությունը։
Այսպիսի պայմաններում նույնիսկ համեմատաբար փոքր քաղաքական կամ տնտեսական ցնցումը կարող է հանգեցնել անհամաչափ մեծ հետևանքների։ Հայաստանում երկարաժամկետ քաղաքական կայունությունը հնարավոր չէ ապահովել ընդդիմության թուլացման, քաղաքական մրցակցության սահմանափակման կամ հասարակական դժգոհության անտեսման միջոցով։ Իրական կայունությունը ենթադրում է այնպիսի ինստիտուտների գոյություն, որոնք կարող են գործել անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժն է տվյալ պահին իշխանության ղեկին։ Այլապես պետական համակարգը շարունակում է մնալ չափազանց անձնավորված, իսկ յուրաքանչյուր լուրջ քաղաքական ճգնաժամ վերածվում է ամբողջ իշխանական կառուցվածքի կայունության փորձության։
Քաղաքական այլընտրանքի բացակայությունն ամենամեծ վտանգն է
Այսօր Հայաստանի առջև ծառացած ամենալուրջ խնդիրը, թերևս, նույնիսկ գործող իշխանության և ընդդիմության միջև հակամարտությունը չէ։ Ավելի մտահոգիչ է այն, որ քաղաքական համակարգը չի կարողանում ստեղծել նոր գաղափարներ, նոր առաջնորդներ և նոր հասարակական համաձայնություն։ Գործող իշխանությունն իր հերթին շահագրգռված է սեփական քաղաքական դիրքերի պահպանմամբ, մինչդեռ ավանդական ընդդիմությունն առավելապես զբաղված է նախկինում ունեցած դիրքերը վերականգնելու փորձերով։ Այս երկու մոտեցումների միջև հաճախ դուրս է մնում ամենակարևոր հարցը՝ ինչպիսի՞ պետություն պետք է կառուցի Հայաստանը առաջիկա տարիներին։ Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական ուժերի և հասարակական խմբերի միջև այնպիսի նոր հարաբերությունների ձևավորում, որտեղ պետության անվտանգությունը, տնտեսական զարգացումը, սոցիալական արդարությունը և քաղաքացիների արժանապատվությունը չեն դիտարկվի որպես քարոզչական կարգախոսներ։ Դրանք պետք է դառնան քաղաքական ծրագրերի իրական չափանիշներ։
Նոր քաղաքական այլընտրանքը չի կարող ձևավորվել միայն հակաիշխանական տրամադրությունների հիման վրա։ Այն պետք է հիմնվի հստակ աշխարհայացքի, իրատեսական ծրագրերի, հանրային վստահության և մասնագիտական կարողությունների վրա։ Այդպիսի այլընտրանք ստեղծելու համար անհրաժեշտ է նաև հրաժարվել Հայաստանի քաղաքական կյանքում արմատացած այն պատկերացումից, թե յուրաքանչյուր շարժում պետք է ունենա մեկ անփոխարինելի առաջնորդ, որի շուրջ պետք է համախմբվեն բոլորը։ Հասարակությանն անհրաժեշտ են ոչ թե հերթական քաղաքական փրկիչները, այլ այնպիսի ինստիտուտներ և քաղաքական թիմեր, որոնք կարող են պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար։ Այս առումով Հայաստանի գործող ընդդիմության քաղաքական սնանկությունը միայն ընդդիմության խնդիրը չէ։ Այն նաև լուրջ վտանգ է հենց իշխանության համար։
Երբ հասարակությունը չի տեսնում իշխանության համոզիչ այլընտրանք, դա սկզբնական շրջանում կարող է նպաստել իշխող ուժի դիրքերի ամրապնդմանը։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում նույն իրավիճակը կարող է վերածվել քաղաքական ապատիայի, ինստիտուտների նկատմամբ անվստահության և անկանխատեսելի հասարակական ընդվզման։ Ի վերջո, որևէ իշխանության համար ամենավտանգավոր հակառակորդը միշտ չէ, որ կազմակերպված ընդդիմությունն է։ Շատ ավելի վտանգավոր կարող է լինել այն հասարակությունը, որը կորցրել է հավատը քաղաքական համակարգի նկատմամբ և այլևս չի սպասում, որ իր խնդիրները հնարավոր է լուծել գոյություն ունեցող քաղաքական մեխանիզմներով։
Հայաստանի քաղաքական համակարգի ապագան կախված է ոչ այնքան նրանից, թե գործող իշխանությունը որքան երկար կկարողանա պահպանել իր մեծամասնությունը, այլ՝ թե արդյոք երկրում կձևավորվի քաղաքական մրցակցության, հասարակական վստահության և իշխանության խաղաղ փոփոխության իրական հնարավորություն։ Եթե այդ հնարավորությունը չվերականգնվի, քաղաքական համակարգը շարունակելու է կուտակել ներքին հակասություններ՝ անկախ ընտրությունների պաշտոնական արդյունքներից և իշխանության արտաքին ամրությունից։
Իսկ այդպիսի համակարգերում քաղաքական փոփոխությունները հաճախ գալիս են ոչ թե այն ժամանակ, երբ դրանց սպասում են, այլ այն ժամանակ, երբ թվում է, թե այլևս ոչինչ չի կարող փոխվել։ Եվ հենց այստեղ է Հայաստանի քաղաքական պատմության գլխավոր դասը. ընդդիմության պարտությունը դեռևս իշխանության հաղթանակի վերջնական երաշխիքը չէ, իսկ քաղաքական մրցակցության վերացումը՝ կայունության ապացույցը։
Արա Սմբատյան

