Ուրբաթ, Դեկտեմբերի 04, 2020

Շաբաթվա անցուդարձ

7-14 նոյեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվել էր Արցախի հարցով հայտարարության տեքստ, որի առաջին կետով նախատեսվում է դադարեցնել կրակը եւ բոլոր կարգի մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում: «Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ իրավիճակին ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում` հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը: Փաստաթղթի 9 կետով «կանոնակարգվում» են հայկական կողմից տարածքների վերադարձման, շփման գծի երկայնքով Արցախում եւ Լաչինի միջանցքում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման, ռազմագերիների փոխանակման, Արցախ ու հարակից շրջաններ ներքին տեղահանվածների, փախստականների վերադարձի եւ այլ խնդիրներ:

Նույն օրը վաղ առավոտյան բողոքի ալիքով հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել ԱԺ բակում եւ Կառավարության շենքի առջեւ` պահանջելով չեղարկել Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը: Մի խումբ տաքարյուն ցուցարարներ մուտք էին գործել Ազգային ժողովի եւ Կառավարության աշխատասենյակները, ջարդել իրենց ճանապարհին պատահած գույքն ու ապակիները:

…Եռակողմ պայմանավորվածության համաձայն` Ադրբեջանին են անցնում Քարվաճառը (Քյալբաջար), Բերձորը (Լաչին), Ջրականը (Ջաբրայիլ), Վարանդան (Ֆիզուլի), Որոտանը (Կուբաթլու), Կովսականը (Զանգելան), Հադրութի մեծ մասը, Մարտունուց ու Ասկերանից որոշ մասեր, Ակնը (Աղդամ) եւ Շուշին, որի նկատմամբ, ըստ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, մերոնք վերահսկողությունն ամբողջությամբ կորցրել էին նոյեմբերի 5-ից: Կարծես այսքանը քիչ է, Ադրբեջանին է տրվում նաեւ Տավուշի մարզից մի պատկառելի հատված եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետությունն Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող ցամաքային ճանապարհ` երկու ուղղությամբ քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների, ապրանքների անխոչընդոտ տեղաշարժի նպատակով: Քարվաճառի շրջանը Ադրբեջանին կվերադարձնի արդեն 2020-ի նոյեմբերի 15-ին, իսկ Բերձորի շրջանը` մինչեւ 2020-ի դեկտեմբերի 1-ը, թողնելով Բերձորի 5 կիլոմետր լայնությամբ միջանցքը, ինչը կապահովի Հայաստանի հետ Արցախի կապը: 

Հայկական կողմի համար ակնհայտորեն նվաստացուցիչ պայմաններ ու բազմաթիվ անորոշություններ պարունակող սույն փաստաթուղթը հանրության մեծամասնության կարծիքով` հավասարազոր է ռազմաքաղաքական կապիտուլյացիայի: Դրանում նույնիսկ հիշատակված չէ Արցախի կարգավիճակի հարցը, որն այս հակամարտության առանցքն է: Ժողովուրդը ցնցակաթվածի մեջ էր` ամեն ինչ կատարվել է իրենից ծածուկ, հակառակ այն խոստումների, որ 2018-ի նախընտրական շրջանում տվել էր ապագա վարչապետը. «Ո՞ւր մնացին արցախյան կարգավորման խնդրի թափանցիկության մասին Նիկոլի խոստումները, ո՞ւր մնացին նախարար Դավիթ Տոնոյանի հավաստիացումները, թե նոր պատերազմը նոր տարածքների կորուստ է պատճառելու Ադրբեջանին»,- տարակուսանքով հարցնում էին մարդիկ եւ պատասխան չէին գտնում: 

Նրանց համար անհասկանալի էր, թե ինչու Պաշտպանության նախարարությունը պաշտոնական իր ամփոփագրերում 45 օր շարունակ աղավաղված էր ներկայացնում ռազմաճակատային իրադրությունը` թաքցնելով ռազմադաշտում տիրող իրական պատկերը, ավելին` մեր զինվորների անհաջողություններն ու նահանջը մատուցելով իբրեւ  «փայլուն» մարտավարական  հնարք: Պատերազմի ողջ ընթացքում հանիրավի թմբկահարվում էր հայոց հաղթանակի անառարկելիության միֆը` նույնիսկ այն ժամանակ, երբ թշնամին արդեն հասել էր Շուշիի դարպասներին: «Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի»,- իրականությունը «ծուռ հայելու» մեջ ներկայացնելու փաստից նեղսրտել էր եւ դա չէր թաքցնում անգամ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Արդեն նոյեմբերի 7-ին վերջինս հայտնեց, որ Շուշին ընկել է: Մինչդեռ երկու օր անց` նոյեմբերի 9-ին, վարչապետ Փաշինյանը ՖԲ իր էջում գրեց, թե Շուշիում մարտեր են ընթանում: 

Ոչ մի տարակույս չկա, որ այս խայտառակ պարտությունը Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, անձամբ ռազմական գործին տիրապետելու առումով Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի ապիկարության, դաշնակիցների բացակայության եւ դեռեւս չուսումնասիրված ներքին խժդժությունների արդյունք էր: Պատերազմի ողջ ընթացքում հնարավոր չեղավ հարթել վերջին 2-2,5 տարում հասարակության ներսում առաջացած անհամերաշխության ու ատելության վիհը: Ռազմական պարտությանը հետեւեց դիվանագիտական էլ ավելի ամոթալի պարտությունը, երբ Մոսկվայում նոյեմբերի լույս 10-ի գիշերը ստորագրվեց Փաշինյան-Պուտին-Ալիեւ հայտարարությունը, որով ադրբեջանական կողմը ստացավ ամեն ինչ, հայկական կողմը` ոչինչ: Հայոց պատմության մեջ վերջին այդպիսի ազգադավ փաստաթուղթը, թերեւս, Ալեքսանդրապոլի 1920թ. պայմանագիրն էր, որը, բարեբախտաբար, ապօրինի ճանաչվեց կնքումից մի քանի ժամ առաջ իշխանության գլուխ անցած Հայաստանի խորհրդային կառավարության կողմից: 

Փաշինյանը Մոսկվայից Հայաստան վերադարձավ ձեռնունայն, բայց կորցրածը չգիտակցողի անմեղ հպարտությամբ: Ստորագրվելիք փաստաթղթի մասին նա ոչ մեկի հետ չէր խորհրդակցել` այդ մասին Հայաստանի նախագահը, անգամ նրա շատ թիմակիցներ մամուլից էին տեղեկացել: «Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ պարտված չենք ճանաչի, եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ»,- ասել է Արցախի մուտքի` Շուշիի բանալիները թշնամուն հանձնած եւ խնդրո առարկա դավաճանական ակտը փարիսեցիաբար ազգային վերածննդի մեկնարկ հռչակող վարչապետը: Իր հասցեին ուղղված քննադատությանն ի պատասխան` նա փորձում է համոզել հասարակությանը, որ մոսկովյան փաստաթղթի ստորագրմամբ կանխել է ցեղասպանությունը Արցախում: Բայց հավատացողն ո՞վ է: Թերեւս` միայն վարչապետի զոմբիներն ու վարձկան «ֆեյքերը»: 

Տեղի ունեցածում Նիկոլ Փաշինյանը մեղավոր է համարում Զինված ուժերին, նրա գլխավոր շտաբին, որի հորդորով էլ նման քայլի գնալու որոշում է կայացրել: Մեղքի մեծ բաժին է վարչապետը վերագրում բանակում տեղ գտած դասալքության դեպքերին, օլիգարխներին եւ «նախկին թալանչի» իշխանություններին, որոնց ջանքերով, ի դեպ, հաջողություններ էին ձեռք բերվել ե´ւ ռազմի դաշտում, ե´ւ բանակցային սեղանի շուրջ: Բայց այս ամենը Փաշինյանի համար առոչինչ է, մեղավոր են բոլորը, բացի իրենից: Նոյեմբերի 10-ից հետո նա 3 օր «ընդհատակում» էր, ըստ երեւույթին` 2008 թվականի մարտի 1-ի իր թաքստոցում, եւ այնտեղից ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս ուղերձներով` փորձելով շահել խաբված, հիասթափված ժողովրդի բարեհաճությունը, ինչպես նաեւ հրահանգավորել յուրայիններին ու պետական պաշտոնյաներին, ուժայիններին, թե ում ձերբակալել, ինչպիսի պատիժ տալ եւ ինչպես պատրաստվել փոխվրեժի ընդդեմ քաղաքական այն ուժերի, որոնք Ազատության հրապարակում պահանջում են իր եւ իշխող թիմի հրաժարականը: 

Մասնագետների մեծ մասի դիտարկումներով` վարչապետի հրաժարականը եւ նրա ստորագրության արագ չեղարկումը, որը չի արտահայտում հայ ժողովրդի շահը, թույլ կտան առաջադրել արցախյան հարցով նոր բանակցող եւ միջազգային հարթակներում վերանայել կարգավորման նախագիծը: Ըստ նրանց, դեռեւս սպառված չեն նախագծում որոշակի ազգանպաստ փոփոխություններ մտցնելու ռեսուրսները, հետեւաբար` այս ուղղությամբ տքնաջան աշխատանքներ պետք է ծավալել ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում, այլեւ միջազգային այլ կառույցներում եւ բարեկամ պետություններում: Ոմանք համոզված են, որ Մոսկվայում Փաշինյանն ունեցել է ավելի լավ փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն, սակայն չի օգտագործել այդ հնարավորությունը: Կան հիմնավոր կասկածներ, որ վարչապետն իրականացրել է հատուկ հանձնառություն, հետեւապես հրաժարական չի տա այնքան ժամանակ` մինչեւ ամեն ինչ արդեն տանուլ տրված չլինի: 

Եվ այսպես` նա եկավ «Նիկո´լ, վարչապե~տ» բազմահազար հիացական բացականչությունների ներքո եւ կգնա «Նիկո´լ, դավաճա~ն» բազմահազար ցասումնալից գոչյունների ներքո: 

Սա է այս փոքր երկրի մեծ աղետը:

 

Մեկնաբանեց` Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով

Նոյեմբերի 13-ին Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հեռախոսազրույցի ընթացքում խոսվել է հաջորդ կիրակին` նոյեմբերի 22-ը, Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր հայտարարելու եւ աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում հիշատակի արարողություն կատարելու մասին:

Նույն օրը ավելի վաղ նախագահ Արմեն Սարգսյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդես էին եկել կոչով` նոյեմբերի 22-ը հայտարարել Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածերի հիշատակի օր:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հայտնել է խմբակցությունից դուրս գալու որոշման մասին: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ինքը մամուլից է տեղեկացել Արցախի վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարության մասին:

«Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ, հայտարարում եմ. 1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից եւ այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։ 2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն եւ լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում»:

Նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 13-ին հանդիպում է ունեցել մշակույթի եւ մարզական ոլորտի, ինչպես նաեւ ՀԿ- ների մի խումբ ներկայացուցիչների հետ: Երկուստեք կարեւորվել են երկրի կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը, առանց որոնց հնարավոր չէ լուծել ծառացած խնդիրներն ու դուրս գալ ստեղծված իրավիճակից: Պատասխանելով արցախյան հակամարտության կարգավորմանը վերաբերող` օրերս ստորագրված եռակողմ հայտարարության մասին հարցին, Սարգսյանը մասնավորապես ասել է. «Շատ արագ պետք է ամեն բան անել` վերադառնալու Մինսկի գործընթացին, որտեղ որոշվելու է Արցախի վերջնական կարգավիճակը»: Հարցի կարգավորման տեսլականը, ըստ նախագահի, հետեւյալն է՝ վերադառնալ Արցախի հարցով բանակցություններին, սակայն սա բավարար չէ: «Որպեսզի այդ բանակցությունները հաջողության հասնեն, դրանց հետեւում պետք է կանգնած լինեն ուժեղ եւ հզոր Արցախն ու Հայաստանը եւ հայ ժողովուրդը»,- նշել է Արմեն Սարգսյանը` ընդգծելով արդիական տեխնոլոգիաների հիմքի վրա բանակի, տնտեսության ու գիտության առաջընթացի հրամայականը:

Նոյեմբերի 11-ին լարված իրավիճակ էր Ազատության հրապարակում․ 17 քաղաքական ուժեր` այդ թվում «Բարգավաճ Հայաստանը», Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Հանրապետական կուսակցությունը, բազմամարդ հանրահավաք էին նախաձեռնել` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որը նախօրեին արցախա-ադրբեջանական հակամարտության հարցով Մոսկվայում Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպման շրջանակում ստորագրել էր Արցախի եւ Հայաստանի համար շահերն անտեսող, ստորացուցիչ հայտարարություն։

Ոստիկաններն ուժի գործադրմամբ փորձում էին արգելել հանրահավաքը` վկայաբերելով ռազմական դրության իրավական ռեժիմից բխող սահմանափակումները: Բերման էին ենթարկվել երկու տասնյակի չափ ակտիվ ցուցարարներ, որոնց քիչ անց ազատ էին արձակել: Հետագա չորս օրերին մարդաշատ հանրահավաքներն ակտիվորեն շարունակվում էին:

Նոյեմբերի 29 2020
Նոյեմբերի 21 2020
Նոյեմբերի 15 2020
Հոկտեմբերի 17 2020
Հոկտեմբերի 10 2020
Սեպտեմբերի 26 2020

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: