Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Հայաստանի Սահմանադրական դատարանը հուլիսի 17-ին որոշեց ուժի մեջ թողնել ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը: Այս մասին հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը: «ՀՀ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասաց նա: Դիլանյանը տեղեկացրեց, որ ՍԴ որոշման ամբողջական տեքստը 3-օրյա ժամկետում կհրապարակվի ՍԴ կայքում եւ կառաքվի կողմերին:
Հիշեցնենք, որ քաղաքական 4 ուժեր՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաեւ «Զարթոնք» ու «Հայոց Հայրենիք» կուսակցությունները, դիմել էին ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական արդյունքները։
…Հաշվի առնելով թեմայի խիստ մասնագիտական բնույթը, նպատակահարմար գտանք ներկայացնել Սահմանադրական դատարանի 2021 թվականի հուլիսի 9-ից 14-ը կայացած նիստի վերաբերյալ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի ամփոփիչ դիտարկումները, որոնք վեր են հանում Բարձր դատարանի մերօրյա պերճանքն ու թշվառությունը: Ցավոք սրտի, Սահմանադրական դատարանը, ինչպես գերազանցապես ակնկալվում էր, խնդրին արդարացի լուծում տալու փոխարեն որդեգրեց իր դատին հանձնված խոշորածավալ ընտրական կեղծիքները մեկ այլ՝ իրավական կեղծիքներով պարտակելու մարտավարություն՝ անտեսելով այն իրական վտանգները, որոնք սպառնում են մեր պետականությանն ու ժողովրդին:
Բարձր դատարանի անպատասխանատու, իրավականորեն ոչ մտահասու, օրվա իշխանությանը հաճո քայլերի մասին են Ղազարյանի՝ ստորեւ զետեղված առանցքային դիտարկումները: Ահավասիկ.
1. Սահմանադրական դատարանը դիմումների քննությունն իրականացրել է ոչ լեգիտիմ կազմով։ Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 5-ն ունեն լեգիտիմության խնդիր՝ 2020 թվականի հակասահմանադրական փոփոխություններով պայմանավորված։
2. Սահմանադրական դատարանի նիստերը նախագահել է դատավոր Արման Դիլանյանը, որի ՍԴ նախագահ ընտրվելու վերաբերյալ ՍԴ-ն աշխատակարգային որոշում չի կայացրել, նման որոշում գոյություն չունի։ Տվյալ պարագայում նիստը պետք է նախագահեր տարիքով ավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը։
3. Սահմանադրական դատարանի նիստը նախագահող Արման Դիլանյանը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ ունեցած արտադատական շփումների մասին, ինչն անտրամաբանական լինելուց բացի, նաեւ անօրինական է, իսկ ՍԴ-ի պատմության իմաստով՝ աննախադեպ։
4. Չնայած այն հանգամանքին, որ սահմանադրական փոփոխություններից հետո վիճարկման առարկան ԿԸՀ-ի որոշումն էր, նախքան դատավարության մեկնարկը, Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումներով որպես հարակից պատասխանողներ են ճանաչվել այդ որոշման ընդունման հետ որեւէ առնչություն չունեցող ՀՀ դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը (անմիջականորեն վարչապետին ենթակա մարմին) եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը:
5. Չնայած այն հանգամանքին, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել են 26 քաղաքական ուժեր, որոնցից 4-ը բողոքարկել են ընտրությունների արդյունքները, մյուս 22 քաղաքական ուժերից ՍԴ-ն, նախքան դատական նիստի մեկնարկը, որոշում է կայացրել որպես երրորդ անձ ներգրավել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, դարձնելով նրան դատավարության լիարժեք մասնակից՝ ընդգծված քաղաքական վերաբերմունք ցուցաբերելով իշխող քաղաքական ուժի նկատմամբ եւ ուշադրությունից դուրս թողնելով մյուս քաղաքական ուժերին։
6. ՍԴ դատական նիստում պարզ դարձավ, որ դիմումները բավարար չափով ուսումնասիրված եւ նախապատրաստված չեն եղել դատական քննության ներկայացնելու համար։ Դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ 4 դիմումներով միաժամանակ գործով զեկուցող է նշանակվել միայն մեկ դատավոր՝ այն դեպքում, երբ կարող էին եւ տրամաբանական կլիներ առնվազն չորս զեկուցող դատավոր նշանակել։ Ի դեպ՝ այդ հսկայածավալ գործով, որպես զեկուցող դատավոր է նշանակվել գործող կառավարության կողմից դատավորի թեկնածու առաջադրված ամենաերիտասարդ դատավոր Էդգար Շաթիրյանը, որը ՍԴ-ում ունի ընդամենը մեկ տարվա աշխատանքի փորձառություն։
7. ՍԴ-ի նիստն ընթացել է աշխատակարգային, կազմակերպական եւ ընթացակարգային կոպիտ խախտումներով։ Չեն պահպանվել գործի քննության հրապարակայնության, թափանցիկության եւ բանավոր ընթացակարգի գաղափարախոսությունն ու սկզբունքները։ Բազմաթիվ հարցերի քննությունն իրականացվել է Սահմանադրական դատարանի նիստից դուրս, օրենքով չնախատեսված «խորհրդակցությունների» ռեժիմում։ Այդ խախտումների մասին բարձրաձայնել են ինչպես ՍԴ դատավորները, այնպես էլ դատավարության այլ մասնակիցներ։
8. Նշված ժամանակահատվածում ՍԴ-ն կայացրել է մի շարք աշխատակարգային որոշումներ՝ Սահմանադրական դատարանի բանավոր ընթացակարգով նիստի ձեւաչափից դուրս՝ առանց ՍԴ աշխատակարգով սահմանված նիստեր հրավիրելու, որոշ դեպքերում նաեւ առանց դատարանի բոլոր դատավորների մասնակցության։
9. Դատավարության ընթացքում դատարանը պատշաճ ժամկետներում կողմերին չի փոխանցել անհրաժեշտ նյութեր, տրամաբանական ժամկետներում չի անդրադարձել ներկայացված միջնորդությունների քննարկմանը, դրանց մասին չի տեղեկացրել միջնորդություններ ներկայացրած կողմերին եւ դատավարության այլ մասնակիցներին։ Այդ խնդիրների մասին դիմող կողմերի ներկայացուցիչները բարձրաձայնել են դատարանում։
10. ՍԴ-ն աշխատել է անկանոն եւ անկազմակերպ, դատավարության մասնակիցների համար հստակ չեն եղել աշխատանքի եւ ընդմիջման ժամերը։ Ինտենսիվ ռեժիմի եւ աշխատանքային ժամերից դուրս լրացուցիչ ծանրաբեռնված աշխատանքը չէր կարող իր բացասական կնիքը չթողնել դատավորների աշխատանքի արդյունավետության եւ արդարադատության որակի վրա։ Դատավորին ու դատավարության մասնակիցներին պատշաճ ժամանակ չի հատկացվել հաջորդ օրերի նիստերին նախապատրաստվելու, իրենց տրամադրության տակ գտնվող նյութերին ծանոթանալու, հանգստանալու եւ ուժերը վերականգնելու համար։
11. Արձանագրվել է ՍԴ մի շարք դատավորների ընդգծված կրավորական վարքագիծն ու գրեթե զրոյական մասնակցությունը դատավարության գործընթացին։ Մասնավորապես, դատավարության մասնակիցներին ոչ մի հարց չի տվել եւ ոչ մի միջնորդությամբ հանդես չի եկել դատավոր Արայիկ Թունյանը։ Նույն վարքագիծն է դրսեւորել նաեւ դատավոր Արման Դիլանյանը, ով, բացի ՍԴ նիստն ապօրինի նախագահելու գործառույթից, ՍԴ դատավորին բնորոշ որեւէ այլ դատավարական վարքագիծ չի ցուցաբերել․ ոչ մի հարց չի ուղղել դատավարության մասնակիցներին, ինչն աննախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլեւ, թերեւս, Սահմանադրական դատարանների համաշխարհային պատմության մեջ։ Ընդամենը մեկ կողմին երեք հարց է ուղղել դատավոր Աշոտ Խաչատրյանը՝ ակնհայտորեն անգործունության զրոյական ցուցանիշի արձանագրումից խուսափելու նպատակով։ Դատավարության ընթացքում գործով զեկուցող դատավորին ոչ բնորոշ կրավորականություն է ցուցաբերել դատավոր Էդգար Շաթիրյանը։ Դատական նիստում ֆունկցիոնալ նշանակություն եւ դերակատարություն ունեցող դատավորի վարքագծով աչքի են ընկել առավելապես դատավորներ Արեւիկ Պետրոսյանն ու Հրայր Թովմասյանը։
12. Սահմանադրական դատարանի ոչ մի դատավոր հարցեր չի ուղղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին։ Որոշ դատավորների պարագայում դա կարելի է համարել արհամարհանք՝ բացառապես քաղաքական շարժառիթներով եւ որոշման հետեւանքով Բարձր դատարանում հայտնված սուբյեկտի հանդեպ, մյուսների պարագայում՝ վախ եւ անհանգստություն։
13. ՍԴ-ն գրեթե ամբողջությամբ մերժել է ոչ միայն դատավոր Հրայր Թովմասյանի, այլեւ դիմող կողմերի ներկայացրած միջնորդությունները, դրա փոխարեն բավարարել է, որպես հարակից պատասխանող ճանաչված, ՀՀ ոստիկանության միջնորդությունը։ Սա վկայում է դատարանի կողմնակալ կեցվածքի, գործի հանգամանքները համակողմանի, ամբողջական եւ անաչառ ուսումնասիրելուց խուսափելու եւ կողմերի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքի մասին։ Մերժված միջնորդությունները վերաբերել են անգամ պետական տարբեր մարմիններից տեղեկությունների ստացմանը։ Ի դեպ, Հրայր Թովմասյանը միակ դատավորն է եղել, որ դատավարության ընթացքում ներկայացրել է միջնորդություններ։
14. Խիստ կասկածելի է միջնորդությունները մերժելու՝ ՍԴ որոշումների լեգիտիմությունը։ Խնդիրն այն է, որ հատկապես բանավոր ընթացակարգով նիստերի դեպքում դատարանն աշխատակարգային որոշումները պետք է կայացնի նիստերի դահլիճում, հրապարակավ, դատավարության մասնակիցների եւ ողջ հասարակության աչքի առջեւ։ Մյուս դեպքում, աշխատակարգային որոշումներ կարող են կայացվել աշխատակարգային նիստերում, որոնց մասին, որպես կանոն, դատարանը պետք է դատավորներին տեղեկացնի նիստից առաջ՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ նյութերը։ Այս պարագայում պարզ չէ, թե ինչ ձեւաչափով են քննարկվում կողմերի ներկայացրած միջնորդությունները եւ ինչ ձեւաչափում են կայացվել միջնորդությունները մերժելու մասին որոշումները։ Ակնհայտ է, որ տեղի են ունեցել ընթացակարգային խախտումներ, ինչը ՍԴ որոշումների բողոքարկման ինստիտուտի բացակայության պայմաններում նվազեցնում է դատարանի հեղինակությունը, նրա կայացրած որոշումների հանդեպ հանրային վստահությունը եւ ընդգծում դատարանի քաղաքական կաշկանդվածությունն ու օրվա իշխանությունների վերահսկողության տակ գործելու հանգամանքը։
15. Պատասխանող կողմ հանդիսացող ԿԸՀ-ն առավելապես անդրադառնում էր դիմող կողմի ներկայացուցիչների մատնանշած՝ ընտրությունների օրը եւ քվեարկության պահին արձանագրված ընտրախախտումներին եւ խուսափողական պատասխաններ էր տալիս այն ընտրախախտումներին, որոնք կրել են զանգվածային ու համակարգային բնույթ եւ կարող էին վճռորոշ ազդեցություն թողել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Այդ տեսանկյունից դրանք կարելի է համարել հաստատված եւ ապացուցված։
16. Դատարանում լայն քննարկման առարկա է դարձել հրաժարականից հետո վարչապետի պարտականությունները Նիկոլ Փաշինյանի կողմից ապօրինաբար իրականացնելու խնդիրը, ինչն էլ վարչական ռեսուրսի չարաշահման եւ ընտրական գործընթացում թեկնածուների միջեւ անհավասար մրցակցության, դրանով իսկ ընտրությունների վերջնական արդյունքների վրա ազդեցության հիմնական պատճառն է։ Դատավարության մի շարք մասնակիցների կողմից այդ կապակցությամբ ներկայացվել են խիստ հիմնավոր եւ իրավաբանորեն հստակ ձեւակերպված բացատրություններ, մեկնաբանություններ եւ հիմնավորումներ։
17. Դատավարության ողջ ընթացքում նկատելի է եղել նիստերը նախագահող Արման Դիլանյանի շփոթված, կաշկանդված վիճակը, ինչը պայմանավորված էր, թերեւս, քաղաքական գործոններով եւ Վահե Գրիգորյանի ազդեցության դաշտում գտնվելու հանգամանքով։ Ի դեպ, նախքան դատական նիստի մեկնարկը մամուլում չհերքված տեղեկություններ էին հրապարակվել, համաձայն որոնց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը երեկոյան ժամերին այցելում էր կառավարական առանձնատուն եւ հանդիպումներ ունենում Նիկոլ Փաշինյանի հետ։
18. ՍԴ-ում տարբեր հարցերի քննարկումների ժամանակ փաստվել է, որ դատավորներ Վահե Գրիգորյանի, Արման Դիլանյանի, Դատախազության եւ ՔՊ-ի ներկայացուցիչների տեսակետները նույն են, ինչը ողջամիտ ենթադրության հիմք է տալիս, որ նրանք բոլորը ղեկավարվում են մի կետից, եւ Դատախազությունն ու ՔՊ-ն դատարանում ներգրավված են որպես դատավարության մասնակից՝ այդ երկու քաղաքականացված դատավորներին դահլիճից անհրաժեշտ «աջակցություն» ցուցաբերելու համար։
19. Արման Դիլանյանի կողմից դրսեւորվել է չափազանց տարօրինակ վարքագիծ, երբ Դավիթ Հարությունյանի ամփոփիչ ելույթին հաջորդել է նրա կողմից գրավոր տեքստից ընթերցվող արձագանք, ինչը բնականաբար չէր կարող գրվել տվյալ պահին։ Ընդ որում` այդ տեքստից ընթերցող խոսքում ուրվագծվում էր ՍԴ սպասվելիք որոշումը, եւ տպավորություն կար, որ կողմերին եւ հանրությանը նախապատրաստում էր դրան։
20. ՀՀ դատախազության ներկայացուցիչները փաստել են, որ նախընտրական շրջանում հարուցված մի քանի տասնյակ քրեական գործերում ՔՊ կուսակցության ոչ մի թեկնածու, վստահված անձ, շտաբի անդամ կամ համակիր ներգրավված չէ որեւէ դատավարական կարգավիճակում, չնայած այն փաստին, որ հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր հատկապես «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների հանդեպ, որոնց թվում են նաեւ պատգամավորի թեկնածուներ, համայնքների գործող ղեկավարներ, նախընտրական շտաբների ղեկավարներ եւ այլն։
21. Դատախազության բացատրություններից եւ նրան ուղղված հարցերի պատասխաններից պարզ դարձավ, որ այդ կարեւոր իրավական մարմինը դիրքորոշում չունի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնում անձի պաշտոնավարման մասին՝ այն համարելով առկա սահմանադրական վեճ, չնայած մինչ օրս ոչ ոք դա վեճի առարկա չի դարձրել եւ չի դիմել ՍԴ։ Այսինքն` ստացվում է, որ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով հստակ նկարագրվող հանցագործություն Հայաստանում կարող են անել բոլորը, քանի որ Դատախազությունը կողմնորոշում չունի դրա վերաբերյալ։ Սա առավել քան տարօրինակ է։
22. Բարձր դատարանին ներկայացրած իր խոսքում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է բազմաթիվ, համատարած, պարբերական եւ ակտիվ «ստուգողական» եւ «պրոֆիլակտիկ» միջոցառումների փաստը ողջ հանրապետության տարածքում, ինչը փաստացի ապացույցն է, հատկապես, ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին քարոզարշավի ողջ ընթացքում զանգվածային ահաբեկումների ենթարկելու մասին, որն ընտրությունների վերջնական արդյունքների վրա ունեցել է չափազանց էական ազդեցություն։ Այդ «ստուգողական» եւ «պրոֆիլակտիկ» միջոցառումների ժամանակ են սպառնացել ընդդիմադիր գործիչներին՝ չմասնակցել Փաշինյանի հանրահավաքներին, չվանկարկել «դավաճան», «հողատու», «թուրք» եւ այլ արտահայտություններ, չփակել ճանապարհներ եւ այլն, իսկ չենթարկվողներից մեկն էլ՝ Եղեգնաձորում Շահեն Վարդանյանի ցցուն օրինակն է, որին հանիրավի դաժան ծեծի են ենթարկել Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում, սակայն մինչ օրս իրավապահ ողջ համակարգը չի կարողանում պարզել հանցանքը կատարած մեղադրյալին։ Այդ ամենաթողության հետեւանքներից մեկն էլ այն է, որ օրեր առաջ այրել են Շահեն Վարդանյանի մեքենան։
23. Ոստիկանության ներկայացուցիչն իր եզրափակիչ խոսքում՝ անդրադառնալով դատավարության ընթացքում հնչեցված հարցերին, պաշտոնապես հաստատեց, որ նախընտրական քարոզչության շրջանում Ոստիկանության հաղորդագրություններում Փաշինյանին վերաբերող նյութերում նա վկայակոչվել է ոչ թե որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու, այլ ՀՀ վարչապետի պաշտոնակատար՝ փաստացի հաստատելով վերջինիս կողմից ի պաշտոնե հանդես գալու եւ վարչական ռեսուրսը զանգվածաբար օգտագործելու փաստը, ինչն ինքնին բավարար է ընտրությունների արդյունքները չեղարկելու համար։
24. Բարձր դատարանում հնչեցրած իր բացատրության մեջ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը հաստատել է ատելության եւ կշտամբանքի փաստը քարոզչության ընթացքում, որին միջամտելու հնարավորություն իրենք չեն ունեցել՝ համապատասխան լիազորությունների բացակայության պատճառաբանությամբ։
25. Սահմանադրական դատարանում դատաքննության ընթացքում ԿԸՀ-ի բողոքարկվող որոշմամբ առավելագույն ձայներ ստացած ՔՊ-ն հրավիրել է վարչության նիստ, որտեղ, չսպասելով դատարանի որոշմանը, կամ նախապես տեղեկացված լինելով ապագա որոշման մասին, կուսակցական որոշումներ են կայացրել ապագա խորհրդարանում քաղաքական պաշտոններում կուսակցության կողմից առաջադրումների, այդ թվում՝ Ազգային ժողովի ղեկավար պաշտոններում նշանակումների վերաբերյալ։
26. Պատմության մեջ առաջին անգամ Սահմանադրական դատարանի նիստերին օրենքով չնախատեսված եւ ոչ հիմնավոր սահմանափակումներ են դրվել քաղաքացիների մասնակցության համար։ ՍԴ նիստերի դահլիճ մուտքը բաց է եղել միայն ՍԴ աշխատակազմի կողմից հատուկ անցաթղթեր ունեցողների համար։ Որեւէ տեղեկատվություն ՍԴ աշխատակազմի կողմից չի տրամադրվել այդ անցաթղթերի ձեռքբերման կամ դրանց բաշխման վերաբերյալ։
27. Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի միջոցով չի իրականացվել ՍԴ նիստի լուսաբանում։ Այն իրականացվել է բացառապես ԶԼՄ-ների կողմից։ ՍԴ կայքում չի հրապարակվել պաշտոնական տեղեկատվություն նիստի մասնակիցների, ընթացքի մասին եւ այլն։
Ամփոփում։ Սահմանադրական դատարանի 2021 թվականի հուլիսի 17-ի որոշումից պարզ դարձավ ներկայացված արձանագրումների հետ հնչող անհանգստության հիմնավորվածությունը։ Այդ որոշումից տեսանելի եղավ նաեւ, թե Նիկոլ Փաշինյանի՝ ժապավեններով զարդարված մուրճով կազմակերպված արտահերթ ընտրություններին հաջորդող հետընտրական հանրահավաքում Սահմանադրության տեսքով նրան փոխանցված պողպատե մանդատի հետեւանք հանդիսացող սպառնալիքները եւ այդ մուրճի առաջին հարվածն իրենց գլխին ստանալու հեռանկարն ինչ ազդեցություն գործեց Սահմանադրական դատարանի դատավորների եւ նրանց կայացրած որոշման վրա։
Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում իրավիճակն անցած շաբաթվանից էր լարվել, երբ փոխհրաձգության հետեւանքով հայ զինածառայող սպանվեց: Դրանից մեկ շաբաթ չանցած՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ հուլիսի 19-ին ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը, անգամ ականանետ է կիրառվել։ Փոխհրաձգության հետեւանքով այս անգամ հրազենային վիրավորում է ստացել Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը, որը տեղանքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներն էր կազմակերպում։ «Կրակը մարելու նպատակով պոմպ էր տարել, օգնել էր, որ մարեին, եւ տեղում բեկորային վիրավորում ստացավ»,- ասել է գյուղի բնակիչներից մեկը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ էլ՝ փոխհրաձգության հետեւանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: Հայկական ու ադրբեջանական կողմերը միմյանց են մեղադրում իրավիճակի սրացման համար։
…Տեղում փաստահավաք աշխատանք իրականացնելու առաքելությամբ հուլիսի 20-ին Երասխ էր այցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Ադրբեջանական կողմի այս կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի եւ առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով»,- հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ ընդգծելով, որ դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը։ Թաթոյանի խոսքով՝ այցի արդյունքները կամփոփվեն` արձանագրելով Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները, եւ առանձին զեկույցով մանրամասները կներկայացվեն միջազգային կառույցներին:
Երասխում եւ հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում իրադրության սրման համար Ադրբեջանը մի քանի դրդապատճառներ կարող է ունենալ, որոնցից առաջինը պատերազմում պարտություն կրած եւ բոլոր առումներով էապես թուլացած Հայաստանի վրա ճնշում գործադրելն է: Նպատակը պարզ է՝ «պոկել» նրանից այն առավելագույնը, ինչ հնարավոր է: Դա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է, Խաղաղության համաձայնագիրը, նոր տարածքներ, ռազմավարական նոր դիրքեր եւ այլն: Թե ինչ է ազերիների ընկալմամբ ենթադրում «Զանգեզուրը» կամ Խաղաղության երկկողմ համաձայնագիրը, շատերին է հայտնի: Առաջինը ենթադրում է Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ Մեղրիից մի մեծ հատվածի զիջում թուրք-ադրբեջանական տանդեմին, իսկ երկրորդը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Արցախի հետ մեկտեղ: Երկուսն էլ հղի են Հայաստանի համար կործանարար հետեւանքներով:
Անշուշտ, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում, ըստ էության, ստեղծվել է ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածությունների հիմքով մի նոր իրավիճակ, որը ձեռնտու է երեք կողմերին, բայց ոչ Հայաստանին: Ռազմաքաղաքական հարցերի փորձագետ Արեգ Քոչինյանի դիտարկմամբ՝ նոր իրավիճակը միջազգայնորեն լեգիտիմացնելու համար պահանջվում է նաեւ Հայաստանի համաձայնությունը: Սա նշանակում է մի շարք կարգավորումների փաթեթի պատրաստում, որի մեջ կներառվեն փաստաթղթեր հայ-ադրբեջանական սահմանների սահմանագծման-սահմանազատման, «Զանգեզուրի միջանցք» կոչվածի ճշգրտման, Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ: «Այս ամենն անիրականանալի կդառնա, եթե վերսկսվեն ՄԽ ձեւաչափով բանակցությունները, եւ այս կոնտեքստում պետք է գտնել սրացումների մոտիվացիան՝ Հայաստանին ստիպել, որ հնարավորինս շուտ համաձայնվի նոր «ստատուս քվո»-ի փաստաթղթային բազային, քան կսկսվեն բանակցությունները»,- համոզմունք է հայտնում Քոչինյանը:
90-ականներից ի վեր մեր սահմանը այս ուղղությամբ առաջին անգամն է, որ նման ինտենսիվությամբ թշնամու կրակի տակ է հայտնվում: Իհարկե, սա պատահական չէ եւ իրականացվում է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների նկատմամբ հավակնությունների հենքին: Հարց է ծագում՝ բայց ինչո՞ւ թիրախավորվեց հենց Երասխը: Որոշ փորձագետներ խնդրին նայում են աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական տեսանկյունից: Բանն այն է, որ Երասխը «Հյուսիս-Հարավ» միջազգային ավտոհաղորդակցության առանցքային հանգույցներից է, եւ ազերի թուրքը, ըստ տնտեսագետ Կարեն Սարգսյանի, փորձում է այդ լոգիստիկայի նպատակահարմարությունը հարցականի տակ դնել, որպեսզի առաջ մղի իր Արեւելք-Արեւմուտք միջանցքի ծրագիրը եւ Սյունիքը ներառի իր համար ձեռնտու տարբերակով։
Սարգսյանը երկու փաստ է համադրում. Իրանը խոսում է տարածաշրջանում նոր տրանսպորտային կառուցվածքի ձեւավորման անհրաժեշտությունից՝ ներառելով Հայաստանը, իսկ Հնդկաստանը խոսում է Պարսից ծոց-Սեւ ծով մուլտիմոդալ միջանցքի ձեւավորումից՝ Հայաստանին դարձյալ առանցքային դեր տալով։ «Թե ինչ պետք է անի թուրք-ադրբեջանական եղբայրությունը, հասկանալի է՝ Հյուսիս-Հարավ լոգիստիկ ծրագրի ձեռնտու լինելը հարցականի տակ դնի՝ Երասխի հատվածում լարվածություն ստեղծելով, ինչը եւ անում է»,- նկատում է տնտեսագետը։ Ըստ նրա, Երասխը Հայաստանի հյուսիսը հարավին կապող հանգուցային տեղանք է, եւ եթե ստացվի այնպես, որ հակառակորդն այս ուղղությամբ որոշակի դիրքային առաջխաղացում ունենա, ապա մեր հանրապետության հարավային շրջանները՝ Վայքը եւ Սյունիքը կկտրվեն մայրաքաղաք Երեւանից ու մյուս շրջաններից:
Նման սցենարի դեպքում փորձագետը վատթարագույնն է կանխատեսում՝ Սյունիքի, այսպես կոչված, «միջանցքի» հարցի լուծումը կդառնա, ինչպես ասում են, մեկից մեկ, կխզվի կապը նաեւ մեր հարավային հարեւանի՝ Իրանի հետ, եւ Հայաստանը կհայտնվի լիակատար տնտեսական ու աշխարհաքաղաքական շրջափակման աքցանում: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը աստիճանաբար մեծացնում է ճնշումը Հայաստանի վրա՝ դեպքերի թատերաբեմ ընտրելով աշխարհաքաղաքական կարեւորագույն հանգույցը՝ Երասխը, եւ առճակատման ռիսկը մոտեցնելով Երեւանին: Ակնհայտ է նաեւ, որ այս վտանգավոր մարտահրավերները գալիս են իշխանությունների թուլությունից, կամքի բացակայությունից ու անհեռատեսությունից: Մի քիչ էլ՝ բերանբացությունից:
Երբ Նիկոլ Փաշինյանն ի լուր աշխարհի հայտարարեց, թե մենք Սեւ լճի այդ 30 տոկոսի համար հո պատերա՞զմ չենք սկսելու, Սեւ լճի ափին ավելի քան երկու ամիս անվրդով մակաղած թշնամին հասկացավ, որ կարող է տիրանալ լճի արդեն 100 տոկոսին, որովհետեւ 30 տոկոսի համար չկռվողը 100 տոկոսի համար էլ չի կռվի: Եվ տիրացավ: Ոչ ոք ձայն չհանեց, ո՛չ մեր պետության անվտանգության երաշխավոր բանակը, ո՛չ նրա Գերագույն գլխավոր հրամանատարը եւ ո՛չ էլ ժողովուրդը: Իսկ հատուկենտ դժգոհողների «բերանը փակեց» իմքայլական Վլադիմիր Վարդանյանը, թե՝ «մեր բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե ամայի որոշակի տարածքներ»: Այսքան բան:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հուլիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետի պաշտոնակատարի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես, գերիների վերադարձի խնդրին եւ տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը: Կողմերը քննարկել են տնտեսության եւ պաշտպանության ոլորտներում երկկողմ համագործակցության ընթացիկ ու հեռանկարային հարցերը, ինչպես նաեւ շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարեւորությունը:
«Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 19-ին պատգամավորի մանդատից հրաժարվելու որոշման մասին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ): Այս մասին տեղեկանում ենք երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջից: Նա ընդգծել է, որ ԱԺ չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից. «Ֆրակցիան Դաշինքի ներկայությունն է ԱԺ-ում, իսկ ես շարունակում եմ մնալ Դաշինքի առաջնորդը եւ ամենօրյա հետեւողական աշխատանքով նպաստելու եմ մեր սպասվելիք հաղթանակներին»,- գրել է Քոչարյանը՝ նշելով, որ բնավորության կերտվածքով միշտ իրեն տեսել է որպես գործադիր իշխանության մարդ եւ համոզված է, որ հիմա ավելի ճիշտ է՝ տեղը զիջել թիմակիցներին, որոնցից յուրաքանչյուրը, ըստ նրա, լավ պատգամավոր է դառնալու։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանը հուլիսի 20-ին նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահը ստորագրել է Վաղարշակ Հարությունյանին ու Արշակ Կարապետյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու հրամանագրերը: Հարությունյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարի, իսկ Կարապետյանը` Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոններից:
Ադրբեջանը շարունակում է 44-օրյա պատերազմի ընթացքում իր վերահսկողության տակ անցած շրջաններում նոր զորամասեր ստեղծել։ Այդ մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Մոդուլային տիպի երկու նոր զորամասերը բացվել են Խոջավենդի շրջանում, որն ըստ Ադրբեջանի 1991 թվականի վարչատարածքային բաժանման` ընդգրկում է նախկին ԼՂԻՄ-ի Մարտունու եւ Հադրութի շրջանները։ APA գործակալության փոխանցմամբ` նորաստեղծ զորամասերի բացման արարողությանը մասնակցել է Ադրբեջանի զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Մայիս Բարխուդարովը։
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց 15 միլիոն դրամ գրավով եւ չհեռանալու ստորագրությամբ։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշումը հրապարակեց հուլիսի 21-ին: Նոր խափանման միջոցի հետ կապված գործողությունները կատարելուց անմիջապես հետո Չարչյանն ազատ կարձակվի կալանքից: 61-ամյա պրոֆեսորը մեղադրվում է հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում: