Ուրբաթ, Մարտի 29, 2024

Շաբաթվա անցուդարձ

11-18 ապրիլի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Անցած շաբաթավերջից սկսած` սոցցանցերի հայկական հատվածը բուռն կերպով քննարկում էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը, թե 500 հազար դրամ աշխատավարձը նախարարի համար քիչ է: Թե´ այս հայտարարությունը, թե´ դրա շուրջ խորհրդարանի փոխխոսնակի դիտարկումները քննադատությունների ալիք էին բարձրացրել` այդ թվում գործող իշխանությունների կողմնակիցների շրջանում: Բոլոր կողմերից հնչած սթափ կշտամբանքներին ի պատասխան` մեկնաբանությունների մեջ Նազարյանը գրել է. «Ուզում եք` նախարարը, փոխնախարարը, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն»: Նրա կարծիքով` դա մարդկանց մտավոր եւ ֆիզիկական ջանքերի շահագործում է` «հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում»:

Գրառումը գրավել էր նաեւ ԱԺ իմքայլական պատգամավոր Արման Եղոյանի ուշադրությունը: Նա եւս իր վրդովմունքն էր արտահայտել, թե ինչպես կարելի էր նման բան գրել:

…Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի վարձատրության եւ, հատկապես, պարգեւավճարների ու ինքնապարգեւատրումների թեման վերջին մեկուկես տարվա ընթացքում ամենաշատն արծարծվածներից է: Հանրության մեծամասնությունը, ինչպես նաեւ ընդդիմադիր շրջանակները հակված են այն տեսակետին, որ պաշտոնատար անձինք իրենց ամսական աշխատավարձերին զուգահեռ, որոնք բավական բարձր են, տարվա կտրվածքով 6-8 անգամ, երբեմն էլ ավելի հաճախակի, ստանում են մեծաքանակ չհիմնավորված պարգեւավճարներ, ինչը սոցիալական անարդարության ցայտուն արտահայտություն է: Մարդիկ համարում են, որ արդարացի կլիներ` չինովնիկներին տրվող հավելավճարների ու պարգեւավճարների «առյուծի բաժինը» ուղղել խոցելի խմբերի, օրինակ` թոշակառուների եւ նպաստառուների հիմնադրամներին: 

Օրերս անդրադառնալով այդ խնդրին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2019 թվականին բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարները կազմել են մեկ միլիարդ դրամ: Եվ կենսաթոշակառուների մեջ այն հավասար բաշխելու դեպքում հավելումը, վարչապետի հաշվարկով, կկազմեր ընդամենը 168 դրամ: Ընդդիմախոսները, սակայն, իրենց «թվաբանությունն» ունեն: Նրանց պնդմամբ` վարչապետի նշած մեկ միլիարդ դրամը առնվազն 25 անգամ նվազեցված թիվ է, քանի որ պաշտոնյաների պարգեւավճարային հատկացումներն անցած տարի եղել են ավելի քան 25 միլիարդ դրամ: Այնուհետեւ Կառավարությունից պարզաբանեցին, թե Նիկոլ Փաշինյանը նկատի է ունեցել զուտ բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարները, այսինքն` նախարարների, մյուս գերատեսչությունների ղեկավարների, մարզպետների եւ այլն: Նման բացատրությունը համոզիչ չէր եւ չբավարարեց ընդդիմախոսներին: Նրանց կարծիքով` վարչապետը թվերի ու փաստերի հետ հաճախ է մանիպուլյացիաներ անում: 

Ամեն դեպքում աշխատավարձերի ու պարգեւավճարների խնդիրը բավականաչափ չարչրկված է, եւ Լենա Նազարյանի գրառումը կրակի վրա յուղ լցնելու պես մի բան էր: Մանավանդ` նրա այն արտահայտությունը, թե ինչու պիտի ԱԺ պատգամավորները, նախարարները եւ փոխնախարարները իրենց անձնական խնդիրները մոռացած` տարիներով «չարքաշ աշխատեն», հո նրանք նվիրյալնե՞ր չեն: Դե, իհարկե, նվիրյալներ չեն` ժողովուրդը դա տեսնում եւ շատ է զղջում իր պարտաճանաչ մոլորության համար: Այդ պաշտոնյաների մեծամասնությունը նույնիսկ իր տեղում չէ, էլ ուր մնաց նվիրյալ լինել: Հենց ինքը` տիկին Նազարյանը, մինչեւ Նիկոլ Փաշինյանի փոքրիկ թիմի կազմում «քայլելը» եւ իր այդ «չարքաշ աշխատանքի» դիմաց, իբրեւ փոխհատուցում, Ազգային ժողովի փոխնախագահ նշանակվելը, հասարակական հատվածում զբաղվում էր մարդու իրավունքների պաշտպանությամբ: Այժմ նա, կարծես թե, փորձում է հասարակական հիմունքներով պաշտպանել բարձրաստիճան պաշտոնյաների, ձեռքի հետ էլ` սեփական իրավունքները: 

Լենա Նազարյանի պաշտոնեական աշխատավարձը առանց պարգեւավճարների, որոնք տրվում են ամենամսյա պարբերականությամբ, կազմում է 925 հազար 960 դրամ: Շատ օգտատերեր իրավացիորեն հակադարձում են ԱԺ փոխնախագահին` հիշեցնելով իրենց կյանքը վտանգի ենթարկող սահմանապահ-պայմանագրայիններին, ԱԻՆ-ի փրկարարներին, ովքեր 150-200 հազար դրամ են ստանում, 80-100 հազար դրամով սերունդներ կրթող ուսուցիչներին ու ամռան շոգին 4-5 հազար դրամ օրավարձով աշխատող հացթուխներին, շինարարությունում 12 ժամ ամռան արեւի տակ տքնող բանվորներին, արեւածագից-մայրամուտ քամու, անձրեւի եւ տապի հետ կռիվս տվող հողի մշակներին, որոնց վաստակը հազիվ է բավականացնում իրենց ընտանիքների օրվա հացի համար: Սրանք այն մարդիկ են, որոնք իսկապե´ս չարքաշ աշխատում են, իսկապե´ս նվիրյալներ են, եւ որոնց իրավունքները մի ժամանակ խորհրդարանի ներկայիս փոխխոսնակը պաշտպանում էր, չնայած խիստ կասկածելի է: 

Պարգեւավճարների թեմային մենք ավելի վաղ անդրադարձել էինք` ընդգծելով, որ այդ խնդիրն օրենսդրորեն կարգավորված է, եւ պետք չէ «հեծանիվ հայտնագործել»: Օրենքով սահմանված են աշխատողներին ֆինանսապես խրախուսելու պայմանները, պարգեւավճարների հաշվարկման կարգը, դրանց բաշխման պարբերականությունը եւ այլն: Ցավոք, օրենքի պահանջները հաճախ չեն պահպանվում, իսկ օրենքով հաստատ մեկամսյա կամ երկամսյա պարբերականությամբ պարգեւատրումների նորմ չի նախատեսված: Եվ ամենակարեւորը` պետք է հստակորեն զանազանել պարգեւավճարը նպաստից: Առաջինը տրվում է միայն տվյալ ոլորտում կամ արտադրության կոնկրետ ճյուղում անառարկելի առաջընթաց ապահոված աշխատողներին, մասնագետներին ու ղեկավարներին, երկրորդը` տարբեր պատճառներով կարիքի մեջ հայտնված անձանց:

Բայց գանք Լենա Նազարյանին, փորձենք հասկանալ նրա տեսլականը ձեւավորող ներքին մղումները: «Լենա Նազարյանը թոփ մենեջեր չէ, հանճար չէ: Նա այն մարդն է, որը ձեզ հրապարակում հավաքեց իրենց միտինգին։ Դրա համար նա պիտի 1,5 մլն դրամ աշխատավարձ ստանա, որովհետեւ դուք 100 հազարով գնացել էիք իրենց միտինգին։ Դա է Լենա Նազարյանի առավելությունը ձեզանից»,- սա ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի կարծիքն է։ Ուշագրավ է Նազարյանի ֆեյսբուքյան երկխոսությունը մի ուսուցչի հետ, ում հետաքրքրում էր, թե ինչու պարգեւավճարները պիտի վերաբերեն միայն նախարարին, պատգամավորին եւ այդ շրջանակի աշխատողներին, որոնք առանց այդ էլ բարեկեցիկ կյանքով են ապրում: Ի պատասխան` Նազարյանը մանկավարժին հիշեցնում է, որ ուսուցիչների աշխատավարձը 10 տոկոսով բարձրացել է: Ասել է թե` «երախտամոռ մի եղեք, գոհացեք ձեզ բաժին հասածով»: Մանկավարժը ստիպված էր հակադարձել, որ 10 տոկոս հավելումով հանդերձ` իր աշխատավարձը 90 հազար դրամ է. «Կխնդրեմ նժարին դնել 90.000 ը եւ 900.000-ը, հարաբերակցությունը ճի՞շտ է արդյոք»,- հարցնում է մանկավարժը եւ մնում անպատասխան:

Այնպես չէ, որ ԱԺ փոխխոսնակը պատասխան չունի: Իրեն հանդիմանողի համար նա պատասխանը միշտ ունի. «Դու պատկերացնո՞ւմ ես ամեն օր փաստաթուղթ ստորագրող մարդու պատասխանատվությունը, նրան կարող են դատել սխալի համար»,- մի առիթով ասել է նա` փաստորեն հասկացնելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների սխալվելու կամ, ավելի ճիշտ, նրանց անձեռնհասության ռիսկի գինը նույնպես արտացոլված պետք է լինի աշխատանքի վարձատրության թվերում: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ խնդրում է բացատրել, թե բարձրաստիճան պաշտոնյաների գործունեության մեջ որն է «չարքաշ աշխատանքը»` անձեռնմխելիությո՞ւնը, արտասահմանյան գործուղումնե՞րը, շքեղ աշխատասենյա՞կը, օգնական-սուրճ մատուցող ունենա՞լը, ծառայողական ավտոմեքենա՞ն, թիկնապա՞հը… Նախարարի առնչությամբ իրավապաշտպանի նկատառումը, թերեւս, տեղին է, բայց «միքայլական» պատգամավորների պարագայում, այնուամենայնիվ, կա մի «չարքաշ աշխատանք»` կոճակ սեղմելը:

Կատակը` կատակ, բայց այս իրավիճակը ջրի երես հանեց շատ կարեւոր մի բան: Պարզվեց, որ կոռուպցիան արմատախիլ անելու, ժողովրդից թալանածը վերադարձնելու եւ այդ ամենը Հայաստանի Հանրապետության «հպարտ» քաղաքացու բարօրությանը ծառայեցնելու խոստումներով պետության կառավարման ղեկին տիրացած «իմքայլական» իշխանությունը իրականում սեփական գրպանները լցնելով է զբաղված: Այլապես 30 տոկոս պաշտոնական աղքատություն ունեցող երկրում նախարարների եւ փոխնախարարների աշխատավարձերը գրեթե կրկնակի չէին բարձրացվի` դառնալով համապատասխանաբար 1 միլիոն 500 հազար դրամ եւ 1 միլիոն 60 հազար դրամ: Ընդ որում` գաղտնի հրամանով: Աշխատավարձերի անհավանական աճ է գրանցվել նաեւ ԱԺ ղեկավարության եւ պատգամավորների պարագայում: Նույնը նկատելի է պարգեւավճարների մասով, որոնք մի շարք դեպքերում բաշխվում են ամենամսյա պարբերականությամբ: Միայն այն փաստը, որ 2019-ին պատգամավորների եւ ԱԺ աշխատակազմի պարգեւավճարների չափը կազմել է 1 միլիարդ 417 միլիոն դրամ, ինքնին խոսուն է:

Էլ ավելի խոսուն է տիկին Լենա Նազարյանի աղմկահարույց հայտարարությունը: Այն, ի լուր ամենքի, հստակ ազդարարում է` «իմքայլականների» շարքերում զուր տեղը նվիրյալներ չփնտրեք:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Հայ Առաքելական Եկեղեցին ապրիլի 12-ին նշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը (Մեծ Զատիկը): Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է: Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։ Հայ Առաքելական Եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը: Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։

Այս տարի, սակայն, եկեղեցիներում տեղի ունեցած ծիսակատարություններն անցկացվեցին առցանց՝ առանց հավատացյալների մասնակցության՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Առաջին անգամ Սուրբ Հարության տոնին մարդիկ չկարողացան մասնակցել բազմաթիվ երկրներում, այդ թվում եւ Հայաստանում:

Ապրիլի 14-ին Արցախում` արտակարգ իրավիճակի պայմաններում, անցկացվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: ԼՂՀ չորրորդ նախագահի պաշտոնին հավակնում էին երկրորդ փուլ անցած` Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը եւ գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը, որն առաջին փուլից հետո հանդես էր եկել ընտրողներին ուղղված` երկրորդ փուլին չմասնակցելու հորդորով, եւ ինքը նույնպես չմասնակցեց քվեարկությանը:

Բայցեւայնպես` ընտրությունները տեղի ունեցան, եւ նախնական արդյունքներով Արայիկ Հարությունյանը` ստանալով ընտրողների ձայների 84,5 տոկոսը կամ 39.860 քվե, հաղթող ճանաչվեց Արցախի նախագահական ընտրություններում: Մասիս Մայիլյանի օգտին ձայն էր տվել 5.728 ընտրող (12.1 տոկոս): Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հաղորդմամբ` ընտրություններին մասնակցել էր 47.165 ընտրող (ընտրողների 45 տոկոսը): Անվավեր քվեաթերթիկների թիվը 1.876 էր կամ 4 տոկոս:

Կառավարությունը ապրիլի 13-ի նիստում որոշեց կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով եւս 30 օրով երկարաձգել մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը՝ այն սահմանելով մինչեւ մայիսի 14-ը, ժամը 17:00-ն: Նախագծով ուժը կորցրած է ճանաչվել ԶԼՄ սահմանափակումներին վերաբերող գլուխը։ Նախագծի զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցրեց, որ նախագիծն իրավաչափության հետ կապված որեւէ խնդիր չունի: Գործադիրը հաստատել է նաեւ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը որոշ սպառողների փետրվար ամսվա գազի եւ հոսանքի վճարները փոխհատուցելու մասին:

Նույն օրը ԱԺ-ում մեկնարկած հատուկ նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված էր նաեւ ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը, որը ներկայացրել էր կառավարությունը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: