Ուրբաթ, Ապրիլի 17, 2026

Շաբաթվա անցուդարձ

22-29 հունվարի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Կիրակի՝ հունվարի 23-ին, Լոնդոնում գտնվող Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ծանուցելով, որ որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Ընտրվելուց գրեթե չորս տարի անց նա անսպասելիորեն վայր դրեց իր լիազորությունները՝ մի կողմից շեշտելով, թե երկիրը համազգային ճգնաժամի մեջ է, մյուս կողմից էլ՝ նշելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ «երկրի եւ ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին ու արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»:

ՀՀ Սահմանադրության 144-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը: Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ եւ ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:

Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Սահմանադրության 125-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: Սա նշանակում է, որ Նախագահի թեկնածու կարող է առաջադրել նաեւ խորհրդարանական ընդդիմությունը:

…Քաղաքական շրջանակներում եւ հանրային խոսույթում Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառների վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվում՝ առաջիկայում ենթադրվող կարեւոր փաստաթղթերի ստորագրման պատասխանատվությունից նախագահի փախչելուց մինչեւ Կարիբյան ավազանի փոքր երկրներից մեկի քաղաքացիություն ունենալու մասին տեղեկատվության «արտահոսքը»: Ավելի ուշ նրա անունը կապվեց նույնիսկ ղազախական դեպքերի աղմկոտ պատմության հետ: Չստուգված կամ ենթադրությունների վրա հիմնված տեղեկություններին, բնականաբար, չենք անդրադառնա: Ինքը՝ Նախագահը, հրաժարականին կցված հայտարարության մեջ ավելի հրատապ ու բովանդակային խնդիրներ է առաջ քաշում, որոնք մտորումների տեղիք են տալիս: Հասարակությունն ու փորձագիտական-քաղաքագիտական շրջանակները լավ կանեն՝ զերծ մնան «դավադրության տեսությունների» գայթակղությունից եւ կենտրոնանան ինստիտուցիոնալ կարեւորություն ունեցող այն խնդիրների վրա, որոնք շարադրված են վերոնշյալ հայտարարությունում: 

Ի՞նչ մտահոգություններ, մարտահրավերներ ու խոցեր է տեսնում Նախագահը մեր պետականության սասանվող հիմքերն ամրացնելու, երկրի կառավարման համակարգը եւ պաշտպանական ներուժը վերականգնելու համար: Նա գրում է. «Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ՝ իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին եւ խաղաղությանը վերաբերող հարցերի վրա: Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության եւ ժողովրդի համար ոչ նպատակահարմար: Իրականություն, որտեղ աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, սակայն Նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին: Իրականություն, որտեղ պետության գլուխը եւ երբեմն նաեւ նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից»։ 

Նախագահը գանգատվում է, որ չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի եւ ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին ու արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա: Տրամաբանորեն առաջանում է հաջորդ հարցը. որքանո՞վ է անկեղծ Արմեն Սարգսյանն իր վերոշարադրյալ հարցադրումներում: Իսկապե՞ս նա չուներ ներկա քաղաքական իրավիճակների վրա ազդելու գործիքակազմ, արդյո՞ք իր կառավարման շուրջ քառամյա պրակտիկայում լիովին օգտագործել է սահմանադրորեն Նախագահին ընձեռնվող լիազորությունները: Այս հարցում իմ պատասխանը բացասական է՝ ՀՀ նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված նույնիսկ սուղ լիազորությունների շրջանակներում շատ բան կարող էր անել, բայց չի արել: Սրան երկու պատճառ կարող է լինել՝ կամ «ձեռքերն ազատ չէին», այսինքն՝ կաշկանդված էր ինչ-ինչ պայմանականություններով, կամ համարձակությունը չի ներել: Երկու դեպքում էլ պատճառը հանգում է սուբյեկտիվ գործոնին: 

Ինքնըստինքյան եւս մեկ հարց է ասպարեզ գալիս. իսկ ի՞նչ կարող էր, բայց չարեց Նախագահը բացառապես օրինական լծակների գործադրմամբ: Նա կարող էր ստորագրությամբ արգելափակել կամ վերանայման վերադարձնել ԱԺ-ում գլխավորապես քաղաքական մեծամասնության կողմից ընդունված մի շարք օրենքներ, որոնք ակնհայտորեն չէին բխում երկրի եւ ժողովրդի շահերից, հակոտնյա էին մեր ազգային ավանդույթների ոգուն: Չմանրանանք՝ շատ են եղել դեպքեր, երբ Նախագահն ուղղակի աչք է փակել ապազգային կամ առնվազն վիճելի դրույթներ պարունակող օրենսդրական փաթեթների վրա: Մեկ օրինակ, այնուամենայնիվ, կբերեմ. 2021թ. փետրվար-մարտ ամիսներին, երբ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ոտքի ելած բարձրաստիճան զինվորականությունը պահանջում էր Կառավարության ու վարչապետի հրաժարականը, Արմեն Սարգսյանը, ով եւս ավելի վաղ նման պահանջ էր ներկայացրել, ամենաանհրաժեշտ պահին ընկրկեց եւ Փաշինյանին հնարավորություն տվեց հակասահմանադրական եղանակով Գասպարյանին ազատել ԳՇ պետի պաշտոնից եւ իրավիճակի վերահսկողությունը վերցնել իր ձեռքը: 

Սակայն, այս ամենով հանդերձ, Նախագահի գործոնը որոշակի զսպող դերակատարություն ուներ. նա Փաշինյանի թիմին չէր պատկանում եւ ազատ էր ժամանակ առ ժամանակ ինքնուրույն «խաղ» ցուցադրել՝ արտերկիր այցելությունների ժամանակ խոսել մեր խնդիրներից, մասնակցել միջազգային համաժողովների, ակտիվ շփումներ ունենալ տարբեր երկրների նշանավոր գործիչների հետ, կապեր հաստատել, հանդես գալ բանախոսություններով եւ, առհասարակ, բարձր մակարդակով, արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը: Չնայած դրան, Նախագահի հեռանալը, ըստ որոշ կարծիքների, ձեռնտու է ամենաշատը Փաշինյանին, որը, հանուն իր դիրքերի ամրության, ջանք չի խնայում իրեն շրջապատելու յուրայիններով: Արդեն հայտնի է նախագահի ՔՊ-ական թեկնածուի անունը՝ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյան: Երեւում է՝ իշխանության կադրային զինանոցը դատարկ է, նշանակումների շրջապտույտում նույն մարդիկ են՝ Քյարամյան, Մակունց, Պապիկյան… 

Անձնական հավատարմությունն է այն հիմնական չափանիշը, որով առաջնորդվելով՝ իշխանությունն «իրենով» է արել փոքրիշատե զսպող գործոնի դեր ստանձնած Սահմանադրական դատարանը, ԲՈՒՀ-երը, դատական համակարգը, հիմա էլ Նախագահի ինստիտուտը, իսկ փետրվարից «իրենով» կանի նաեւ ՄԻՊ-ը: Պատահական չէ, որ հունվարի 24-ի առցանց ճեպազրույցում Փաշինյանն անթաքույց հայտարարեց Նախագահի եւ իշխանության գործադիր ու օրենսդիր մարմինների միջեւ «ներդաշնակություն ձեւավորելու» իր մտադրության մասին: Ըստ երեւույթին, նրան թվում է, թե կառավարման համակարգի միատարրությունը թույլ կտա առանց ավելորդ գլխացավանքի իշխել եւ հավերժացնել իրենց իշխանությունը: Սա խոր մոլորություն է: Իրական գլխացավանքը գալու է հակակշռող եւ զսպող մեխանիզմները լիովին ջարդված լինելուց հետո:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հունվարի 28-ը հայ ժողովրդի ամենանվիրական տոներից մեկն է՝ Բանակի օրը, ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձը։ Այդ օրը վաղ առավոտյան Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Կառավարության անդամներ, ԱԺ ղեկավարությունը, պատգամավորներ, զինվորականներ եւ պաշտոնատար այլ անձինք: Ըստ տարածված հաղորդագրության, վարչապետը վարակվել է կորոնավիրուսով եւ ինքնամեկուսացել: Ավելի ուշ Եռաբլուր այցելեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հոգեւորականների ուղեկցությամբ: Կարծես թե ավանդույթ է դառնում, որ Գարեգին Բ-ն Եռաբլուր կամ Ցեղասպանության հուշահամալիր այցելում է իշխանության ներկայացուցիչներից առանձին, մինչդեռ նախկինում այդպես չէր:

Ցավոք, Բանակի տարեդարձն այս հոբելյանական տարում մեծ շուքով չնշվեց, նախօրեին չեղարկվել էր տոնական մեծ միջացառումը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցոսւմ: Պատճառը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու հրավիրյալ անձանց վարակվածությունն է կորոնավիրուսով: Շատերի տպավորությամբ՝ իշխանությունը կազմակերպված կերպով տապալեց օրվա միջոցառումները:

Հայկական կողմի նախաձեռնությամբ հունվարի 22-ին հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետը եւ Ռուսաստանի նախագահը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են սահմանագծման եւ սահմանազատման հետ կապված հարցեր։ Հայ-ադրբեջանական սահմանազատումը տեղի է ունենալու ՌԴ-ի միջնորդությամբ, նշվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը:

Ղարաբաղյան կարգավորման միջնորդների մասին Պուտինի ու Փաշինյանի զրույցը տեղի ունեցավ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի հեգնական հայտարարությունների հենքին, թե ղարաբաղյան հարցը լուծված է, եւ ժամանակն է թոշակի ուղարկելու Մինսկի խմբին։ Անդրադարձ է եղել նաեւ ՀԱՊԿ շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարներին։

2022 թվականին ՀՀ կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին. այս մասին հունվարի 24-ին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահի հետ համատեղ կայացած խորհրդակցության ընթացքում: Ըստ նրա, հաջողվել է իրադրությունը համատեղ ջանքերով պահել որոշակի կառավարելիության տիրույթում, որպեսզի հետպատերազմական իրավիճակում հումանիտար ճգնաժամեր չառաջանան: «Արդեն 300 բնակարան ավարտված ու հանձնված է հիմնականում տեղահանված զոհվածների ընտանիքներին եւ այն ընտանիքներին, որոնք ավելի սուղ վիճակում են»,- տեղեկացրել է Արցախի ղեկավարը: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այժմ Արցախում շատ հավակնոտ ծրագրեր են իրականացվում՝ կառուցվում է Բադարա-Ստեփանակերտ խողովակաշարը, որն ամբողջությամբ լուծելու է ոչ միայն Ստեփանակերտի, այլեւ հարակից տարածքներում կառուցվող բնակավայրերի որակյալ խմելու ջրի հարցը:

Երկօրյա աշխատանքային այցով հունվարի 25-ից Լյուսքեմբուրգում գտնվող ՀՀ ԱԳ խարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի արտաքին գերատեսչության ղեկավար Ժան Ասելբորի հետ քննարկել է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցեր, մտքեր փոխանակել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրների լուծման շուրջ: Անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացին, կարեւորվել տարածաշրջանի պետությունների միջեւ փոխգործակցության հաստատման եւ կայուն զարգացման համար նախադրյալների ստեղծումը: Միրզոյանը հանդիպում է ունեցել նաեւ պատգամավորների պալատի նախագահի հետ եւ այցելել Լյուքսեմբուրգի համալսարան:

Հայաստանը մարդու իրավունքների նոր պաշտպան ունի։ Հունվարի 24-ին ԱԺ-ում փակ-գաղտնի քվեարկությամբ, 68 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ, ՀՀ օմբուդսմենի պաշտոնում ընտրվեց 40-ամյա Քրիստինե Գրիգորյանը, որը 2019 թվականի հուլիսի 3-ից մինչեւ այս ամսվա 20-ը զբաղեցնում էր ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Մինչ այդ էլ պետական համակարգում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։

Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող  կուսակցությունը, որտեղ համոզմունք են հայտնում, որ նա արհեստավարժ է եւ համապատասխանում է այդ պաշտոնին։ Մինչդեռ ընդդիմադիրները չմասնակցեցին ՄԻ նոր պաշտպանի քվեարկությանը՝ համարելով, որ նա դառնալու է իշխանության պաշտպանը։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: