Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Որքան էլ իշխանությունը փորձում է «սվաղել» արտաքին-քաղաքական կողմնորոշման առումով իրական մտադրությունները, ընդդիմության եւ հանրության զգալի մի հատվածի համար ակներեւ է, որ օրերս ՀՀ կառավարության հավանությանն արժանացած՝ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծից լավ հոտ չի գալիս: Հիշեցնենք, որ 2024թ. աշնանը «Եվրաքվե»-ի նախաձեռնող խումբը հայտարարել էր, որ օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն հավաքվել է 60 հազար ստորագրություն։ Այդպիսով՝ ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի նախագիծը շրջանառության մեջ է մտել։ Հաջորդ քայլով նախատեսվում է անդամակցման հարցը դնել հանրաքվեի։
Միջպետական հարաբերություններում խնամքով չհաշվարկված, երկդիմի խաղերը երբեք ցանկալի արդյունք չեն տալիս եւ ավելի հաճախ ձախողվում են: Թերեւս՝ նույն ճակատագիրն է վիճակված նաեւ Եվրամիությանը մեր երկրի սերտաճման գործընթացին, քանզի Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամագրված պետություն է, ինչը նշանակում է, որ ԵՄ-ին անդամակցել չի կարող: Համենայնդեպս՝ այդպես են մեզ հուշում Ռուսաստանից՝ ԵԱՏՄ-ի անդամ ամենախոշոր երկրից: Բայց Հայաստանը հակառակ կողմից է մոտենում խնդրին՝ հայտարարելով, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու օրակարգ այս պահին չկա: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ «այս պահին» չկա, բայց մի «իքս» պահի կարող է լինել: Պատասխանը լղոզված է:
Հունվարի 13-ի մամլո ասուլիսում ՌԴ-ից հնչած արձագանքներին ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը խուսափողական պարզաբանումներ է տվել՝ փոխելով առանցքային մտքի շեշտադրումները. «Եվրամիությանն անդամակցության գործընթացը զուգահեռ արվող օրակարգ է, եւ մեր խնդիրը ոչ թե օրակարգերը քննարկելն է, այլ մեր տնտեսության դիմակայունությունը, մրցունակությունը բարձրացնելը»,- ասել է Պապոյանը: Բայց չէ՞ որ ռուսներն էլ կարող են ասել՝ ի սեր Աստծո, բարձրացրեք ձեր տնտեսության մրցունակությունը՝ ինչքան ուզում եք, միայն ոչ ԵԱՏՄ-ի կանոնակարգը խախտելու գնով: Դա Եվրասիական միության մյուս 4 անդամ երկրները թույլ չեն տա:
ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը շատ անկեղծ նախազգուշացում է. ՀՀ կառավարության այդպիսի որոշումը՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ, կբերի նրան, որ ԵԱՏՄ անդամ պետությունները, վերջիվերջո, դուրս կշպրտեն Հայաստանը ԵԱՏՄ-ից։ Նա կասկածում է, որ ՀՀ գործադիրում չգիտեն՝ միաժամանակ երկու տնտեսական միության անդամ Երեւանը չի կարող լինել։ «ԵՏՄ-ն եւ ԵՄ-ն անհամատեղելի են: Երկու միավորումներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն եւ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժ։ Անհնար է պատկերացնել, որ այս երկու միավորումներն ինչ-որ պահի կհամատեղվեն»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։
Մարդկանց չվախեցնելու մտահոգությունից ելնելով՝ չէի ցանկանա շոշափել խնդրի այն նրբերանգը, թե ինչ է սպասվում ՀՀ շարքային քաղաքացուն, եթե Երեւանը դուրս է գալիս ԵԱՏՄ-ից եւ, դիցուք, մի հրաշքով մտնում Եվրամիություն: Բայց չէի կարող նաեւ դա թաքցնել, ուստի երկու փաստ, այնուամենայնիվ, կբերեմ. ա/ ԵԱՏՄ անդամ ՌԴ-ի հետ ՀՀ-ի առեւտրաշրջանառության ծավալներն ավելացել են՝ 37 տոկոս տեսակարար կշռից հասնելով 42 տոկոսի, այնինչ ԵՄ-ի հետ ունենք ընդամենը 7,5 տոկոս տեսակարար կշիռ. բ/ ԵԱՏՄ-ից կապերը խզելու դեպքում Հայաստանում կտրուկ կաճեն էլեկտրաէներգիայի եւ սննդամթերքի գները, 70-80 տոկոսով կկրճատվի արտահանումը: Դե, դատեք ինքներդ:
Շաբաթվա հաջորդ ամենաքննարկված իրադարձությունը, որի շուրջ ներքաղաքական կրքերը երկար ժամանակ չէին մարում, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ընդունումն էր, որը տեղի ունեցավ հունվարի 14-ին՝ Վաշինգտոնում եւ հաստատվեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ստորագրությամբ: «Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգային ու պաշտպանական ոլորտներում, ժողովրդավարության, ներառականության ու միջանձնային հարաբերությունների մեջ»,- հայտարարել է Բլինքենը:
Նրա բնորոշմամբ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում անկյունաքարային նշանակալի ձեռքբերում է արձանագրվում: Անշուշտ՝ փոխշահավետ հիմունքներով ցանկացած պետության հետ բարեկամական, գործընկերային եւ տարաբնույթ այլ հարաբերությունների հաստատումը ողջունելի է: Իսկ Ամերիկայի նման գերտերության հետ, որն ունի տնտեսական ու ռազմական հզոր ներուժ եւ ժողովրդավարական հարուստ ավանդույթներ՝ առավել եւս: Այս դիտանկյունից է առաջին հերթին կարեւորվում հայ-ամերիկյան կանոնադրության ստորագրումը՝ անգամ եթե ԱՄՆ նոր վարչակազմի օրոք դրա իրականացման գործում ակտիվ քայլեր չարվեն:
Փաստաթղթի շուրջ սոցցանցերում, սակայն, արձագանքները բավական բուռն ու հակասական են. ՔՊ-ական շրջանակներն ու իշխանությանն աջակցող արեւմտամետները ոգեշունչ թեզեր են տարածում, թե վերջապես կայունություն կհաստատվի երկրում, խնդրո առարկա փաստաթուղթը կզսպի Ադրբեջանին եւ այլն: Հակառակ ճամբարից որոշ քաղաքական ուժեր էլ ծայրահեղության մյուս դիտանկյունից են պնդումներ անում, թե փաստաթուղթն իրենից որեւէ արժեք չի ներկայացնում: Ավելին՝ այն կարող է «վառոդի տակառի» ազդեցություն ունենալ տարածաշրջանում կամ՝ ական լինել հայ-ռուսական լարված հարաբերություններում:
Իրականում կողմերից մեկն ուռճացնում է համաձայնագրի նշանակությունը, մյուսը՝ նսեմացնում: Իհարկե, այն Հայաստանին անվտանգային երաշխիքներ չի տալու, չի սանձելու կամ զսպաշապիկ չի հագցնելու մեր ամբարիշտ հարեւանին, ինչպես դատում են առաջինները, եւ ոչ էլ անկարեւոր, նույնիսկ վնասաբեր «թղթի կտոր» է, ինչպես պնդում են երկրորդները: Համաձայնագիրը պետք չէ ո՛չ գերագնահատել, ո՛չ թերագնահատել: Համաձայնագիրն աշխատող փաստաթուղթ դարձնելու համար Հայաստանը պետք է լրջագույն ջանքեր ներդնի, ընթանա աշխարհաքաղաքական հովերին համընթաց, գտնի իր տեղը համապարփակ զարգացումների տրամաբանության ծիրում:
Իսկ ինչպե՞ս վարվել, եթե ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը դիտավորություն ունի հարվածելու տարածաշրջանում Հայաստանի դրացի կամ բարեկամ երկրներից թեկուզ մեկի՝ օրինակ Իրանի շահերին: Որեւէ մեկը հաշվարկե՞լ է դրանից բխող օգուտի ու վնասի հարաբերակցությունը: Կասկածելի է: Ուրեմն պետք չէ Հայաստանին «արջի ծառայություն» մատուցել: Անգամ եթե մատուցողը Ամերիկայի պես հզորագույն պետությունն է:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հունվարի 20-ին ՀՀ կառավարության ղեկավարը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին (ՀՏՖ). «Ազատության»-ն այս մասին փոխանցել են Կառավարությունից: Այս տարի ՀՏՖ-ն անցկացվում է «Համագործակցություն խելացի դարաշրջանի համար» խորագրի ներքո։ Ֆորումը կտեւի մինչեւ հունվարի 24-ը։ Նախատեսվում է, որ ֆորումին այս տարի կմասնակցեն ավելի քան 350 կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ 60 պետությունների ղեկավարներ։ Հրավեր է ուղարկվել նաեւ Ադրբեջանի նախագահին։ Բաքուն դեռ չի հայտարարել Ալիեւի մասնակցության մասին։ Նշվում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ֆորումին կմիանա տեսակապի միջոցով:
«Անհամբեր սպասում եմ շուտով անձամբ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- հունվարի 14-ին X-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ նշելով, որ հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, քննարկել ԵՄ-Հայաստան հարաբերությունների դրական շարժընթացը։ «Ես հայտնեցի ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր գործընկերությունը եւ խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ անվտանգություն, տնտեսություն, մարդկանց միջեւ շփումներ, ժողովրդավարական ինստիտուտներ»,- գրել է Կոշտան:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հունվարի 13-ի հրամանագրով՝ Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Ժնեւ): Տոլմաջյանը 2024-ի հոկտեմբերի 25-ից Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչն է։ Նա 2018-ին նշանակվել էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան, իսկ 2020-ին՝ համատեղության կարգով Մոնակոյում Հայաստանի դեսպան։ 2024-ի հոկտեմբերի վերջին նախագահի հրամանագրերով հետ է կանչվել այդ պաշտոններից եւ նշանակվել միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ:
Սյունիքի մարզի դատարանը հունվարի 15-ին Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին մեղավոր է ճանաչել ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետեւանք։ Այս մասին «Ազատությանը» փոխանցել է տուժող կողմի շահերի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։ Նա հայտնել է, որ Հարությունյանը մեղադրանքը չի ընդունել։ Գեներալին 5-10 տարվա ազատազրկում է սպասվում: Ըստ իրավապահների՝ Ջալալ Հարությունյանի սխալ հրամանի պատճառով զինվորները հայտնվել են հակառակորդի թիրախում՝ 20 զինծառայող զոհվել է, 7-ը՝ վիրավորվել:
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ԱԳՆ է կանչվել: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ դեսպանն ԱԳՆ է կանչվել հունվարի 12-ին ՌԴ համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում «հնչեցվել են արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ»։ Հանդիպման ընթացքում դեսպանին համապատասխան բողոքի հայտագիր է հանձնվել:
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիեւան հունվարի 15-ին բաց նամակ է հղել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, օտարերկրյա օմբուդսմեններին՝ պահանջելով դատապարտել «ներկայիս Հայաստանի տարածքից 300 հազար արեւմտյան ադրբեջանցիների վտարման աննախադեպ եւ անարդար որոշումը»։ Ալիեւան նշել է, որ «աշխարհը պետք է ուշադրության կենտրոնում պահի նրանց արժանապատիվ եւ անվտանգ վերադարձի իրավունքի ապահովման հարցը»։