Երկուշաբթի, Ապրիլի 21, 2025

Խմբագրական

Պահանջվում է քաղաքական օրակարգ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ապրիլյան իշխանափոխությունից ի վեր` ներքաղաքական ցնցումներով ուղեկցվող փոփոխություններին զուգընթաց, սկսեցին արտաքին քաղաքական զարգացումները:

Սա այն դասական դեպքն էր, երբ ակնհայտ է դառնում ներքին եւ արտաքին քաղաքականությունների փոխկապակցվածությունը։

Իշխանափոխությունից անմիջապես հետո առաջին պլան դուրս եկավ հայ-ռուսական հարաբերությունների խնդիրը. արդյո՞ք իշխանափոխությունը կազդի այդ հարաբերությունների վրա։ Ենթադրվում էր, որ «գունավոր» հեղափոխությունների հանդեպ Ռուսաստանի զգայուն մոտեցումը չէր կարող այդ հարաբերությունների համար անհետեւանք մնալ։ Սակայն Հայաստանի նոր ղեկավարությունը շտապեց փարատել Ռուսաստանի մտահոգությունները. նա պարզաբանեց, որ դա ոչ թե «գունավոր», այլ «թավշյա» հեղափոխություն է` նկատի ունենալով վերջինիս զուտ ներքին բնույթը։

Փաշինյանը հանգստացրեց Կրեմլին, որ ներքաղաքական փոխակերպումները որեւէ ազդեցություն չեն ունենա Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների իրագործման վրա։ Մյուս կողմից` Ռուսաստանն իրեն չափազանց զգույշ եւ կոռեկտ պահեց` հայտարարելով, որ դա հայ ժողովրդի ներքին խնդիրն է։ Սա աննախադեպ պահվածք էր, եթե հաշվի առնենք մինչ այդ Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունների հանդեպ Ռուսաստանի կոշտ արձագանքը։ Որոշ ռուս վերլուծաբաններ դա «ուկրաինական դասի» հետեւանք են համարում։

Արեւմուտքը նույնպես իրեն ճշգրիտ պահեց` ցուցադրաբար հեռու մնալով Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից։ Շատ միջազգային դիտորդներ Հայաստանին օրինակ էին բերում մյուս երկրների համար, թե ինչպես պետք է ներքին օրակարգ ձեւակերպել եւ ներքաղաքական զարգացումները զերծ պահել արտաքին միջամտություններից։

Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ իշխանության փոփոխությունը, այնուամենայնիվ, չի կարող չազդել արտաքին քաղաքականության վրա։ Դա նույնպես ներքին ու արտաքին քաղաքականությունների փոխկապակցվածության հետեւանքն էր։

ՀԱՊԿ-ում ստեղծված վիճահարույց իրավիճակը, որի կենտրոնում հայտնվել է Հայաստանը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի այցը տարածաշրջան, Արցախի խնդրում Ադրբեջանի աշխուժացումը Հայաստանին ստիպում են արձագանքել դրանց: Սակայն թե ինչպիսի արձագանք եւ, առհասարակ, ինչպիսի արտաքին քաղաքական օրակարգ է որդեգրել Հայաստանի նոր կառավարությունը` դեռեւս մեր քաղաքացիների ու փորձագետների համար պարզ չէ։

Իրավիճակային արձագանքները նման հարցերում կարող են մեզ փակուղի տանել։ Իսկ համակարգված քաղաքականություն վարելու համար հարկավոր է ձեւավորել  ազգային շահի վրա հիմնված քաղաքական օրակարգ։ Եվ որքան շուտ` այնքան լավ: Դրանով է պայմանավորվելու ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողությունը, այլեւ, հաշվի առնելով խնդրի կարեւորությունը` նաեւ ներքաղաքական կայությունը։

Սա է այն հիմնական մարտահրավերը, որն այսօր կանգնած է նոր կառավարության առջեւ։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: