Երկուշաբթի, Ապրիլի 21, 2025

Խմբագրական

Մեր ներքին ոխերիմ թշնամին

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ցանկացած կազմակերպությունում, նույնիսկ ամենափոքր հիմնարկում, գոյություն ունի որոշումներ ընդունելու ընթացակարգ, ինչը ենթադրում է թեմայի ուսումնասիրություն, փորձագիտական եզրակացություն, ռիսկերի գնահատում, այդ ամենի քննարկում, որից հետո որոշումը կայացվում է։ Ճակատագրական սխալի դեպքում որոշմանը մասնակից փորձագետները, գնահատողները եւ որոշում ընդունողները ենթարկվում են պատասխանատվության՝ ընդհուպ մինչեւ հրաժարականներ, կամ հեռացումներ։ Սա սովորական ու հասկանալի ընթացակարգ է, որը գործում է փոքրիշատե համակարգված հաստատություններում։ Սակայն Հայաստանի դեպքում, որը մի ամբողջ պետություն է, անհայտ են որոշում կայացնողների, դրա համար պատասխանատվություն կրողների, ինչպես նաեւ ճակատագրական որոշման ընդունման գործընթացի մասնակիցների կազմերը։ Ըստ էության, նման ընթացակարգ կամ ինստիտուտ գոյություն չունի:

Սա ակներեւ դարձավ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հետպատերազմյան ժամանակաշրջանում։ Տակավին հանելուկ է մնում, թե ովքեր են պարտության համար պատասխանատու անձինք, ովքեր՝ մեղսակիցները, ինչպես է կառավարվել պատերազմը, ով է թերացել պատերազմի նախապատրաստության փուլում, ինչպիսի դիվանագիտական սխալներ են տեղ գտել եւ այլն։ Կուտակված բազմաթիվ հարցերից ոչ մեկի պատասխանը մինչ օրս չի հնչել, ոչ ոք չի պատժվել, որեւէ դատական գործընթաց չի բացվել, պատասխանատուներից ոչ մեկն ինքնասպանություն չի գործել, անգամ սեփական կամքով հրաժարականներ չեն եղել։ Սա աննախադեպ իրավիճակ է։

Նույնը հիմա է կատարվում։ Անհասկանալի է, թե ինչ քննարկումներ են գնում բանակցությունների ժամանակ, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվում եւ, ընդհանրապես, ինչ է մեզ սպասվում՝ չէ՞ որ խոսքը երկրի ու բոլորիս ճակատագրի մասին է։ Հոռետեսները սպասում են ցանկացած՝ թեկուզ աննախադեպ, զիջողական որոշումների, լավատեսները հույսը դրել են այլ երկրների ու միջազգային կառույցների վրա՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ՀԱՊԿ-ի եւ այլն: Ամեն ոք՝ ըստ իր ճաշակի ու մտապատկերացումների, համոզմունք ունի, որ հենց իր նախասիրած երկիրը կամ միջազգային կազմակերպությունն է ի զորու կանխել ամենավատատեսական դիպաշարերը, սակայն գրեթե ոչ ոք հույս չունի Հայաստանի ներկայիս կառավարիչներից եւ, եթե ավելի անկեղծ լինենք, նաեւ ընդդիմությունից՝ փողոցային, թե խորհրդարանական։

Ըստ Մարքսի՝ կեցությունն է որոշում գիտակցությունը: Կա նաեւ հակառակ տեսակետը՝ գիտակցություն է որոշում կեցությունը։ Տվյալ պարագայում կարող ենք բառերի մի փոքր իմաստային փոփոխություն կատարել եւ ասել՝ ընթացակարգերն են որոշում արդյունքը։ Հայաստանի երկու կարեւոր խնդիրներից են անպատասխանատվությունն ու համակարգային գործիքակազմերի բացակայությունը՝ սկսած ամենաստորին օղակներից մինչեւ Կառավարություն, փոքր ու միջին բիզնեսից մինչեւ դատական եւ օրենսդիր իշխանության բուրգեր։

Անպատասխանատվությունը սկսվում է այնտեղից, որտեղ վերջանում է սխալ որոշման համար անձի պատժելիության պարտավորությունը: Որտեղ խափանված են պատասխանատու անձի սխալներն ու բացթողումները ճշմարտացիորեն վերհանող եւ հանրությանը հասու դարձնող մեխանիզմները: Մեր ներքին ոխերիմ թշնամին անպատասխանատվությունն է, եւ այդ թշնամին դեռ ողջ-առողջ է ու կենսունակ: Ավելին, կարծես թե, բարգավաճում է։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: