Շաբաթ, Դեկտեմբերի 05, 2020

Խմբագրական

Ազգային համաձայնության կառավարություն

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«Ազգային համաձայնության կառավարություն»-ը (ԱՀԿ) համաշխարհային պրակտիկայում ընդունված ժամանակավոր կառավարման մոդել է։ Նման կառավարությունները, որպես կանոն, կազմավորվում են ճգնաժամային իրավիճակներում, երբ ծագում է հրատապ քայլեր ձեռնարկելու եւ շտապ որոշումներ կայացնելու սուր անհրաժեշտություն։

Բնական ու տեխնածին աղետների, պատերազմների, հետպատերազմական ժամանակաշրջաններում պետությունները ստիպված են լինում կատարել այդպիսի քայլեր: Արտակարգ իրավիճակում իրականացվող թե´ քայլերը, թե´ ձեւավորված բուն ԱՀԿ-ները ժամանակավոր են, բայց կարող են լինել բախտորոշ։ Նմանատիպ կառավարություններ կազմավորվում են նաեւ այնպիսի պահերին, երբ անհնար է դառնում անցկացնել նոր ընտրություններ եւ բնականոն եղանակով ձեւավորել կառավարություններ։ Դա, ինչպես նշվեց, ժամանակավոր գործիք է, որը պետք է վստահելի լինի հանրության համար եւ կազմավորվի հնարավորինս օպերատիվ կարգով։

Կարեւոր է, որ ԱՀԿ-ներում ընդգրկվեն արհեստավարժ, ճկուն միտք ու նորարար հմտություններ ունեցող մասնագետներ, կուսակցական շահերով չառաջնորդվող անձինք, որոնք խորապես գիտակցում են պահի լրջությունը եւ պատրաստ են իրենց ուսերին կրել պատասխանատվության ծանր բեռը։

Ցավոք, Հայաստանում ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, երբ պատերազմում պարտված Կառավարությունն ու նրա քաղաքական հենարան հանդիսացող խորհրդարանը այլեւս չեն վայելում հանրության վստահությունը, եւ ակներեւ է ռազմական ու պետական գործիչների հրաժարականների շքերթի մեկնարկը, ինչի արդյունքում կառավարման համակարգը հայտնվել է կոլապսում։

Պահը ճակատագրական է, եւ պետք է բոլորը հասկանան, որ այսօր լինել կառավարությունում` նշանակում է մտնել այնպիսի հանձնառության տակ, որի ձախողման դեպքում իրենց խիստ պատասխանատվություն է սպասվում, իսկ հաջողության դեպքում` ազգային երախտավորի դափնիներ, ում անունը կմնա պատմության մեջ։

Մեր անկախության 30 տարիների ընթացքում այդպես էլ չկարողացանք ձեւավորել կայացած, հանրության վստահությունը վայելող կառավարություններ, եւ դրա պատճառը ոչ միայն այդ կառավարություններն էին եւ` են, այլեւ հանուն իշխանական աթոռի պայքար մղող կուսակցությունները, որոնք աղճատել են հանրային միջավայրը, չեն դրսեւորել պետական մտածողություն եւ չեն ստեղծել կայուն հանրակարգեր: Անշուշտ, մեղքի իր բաժին ունի նաեւ հանրությունը, որը հաճախ շարժվել է պարզ բնազդներով ու տրվել սին քարոզչությունների գայթակղությանը։

Այժմ բոլորիս վրա է պատերազմական ձախորդությունների եւ դրանց ծանր հետեւանքների պատասխանատվությունը։ Եթե հակիրճ նկարագրելու լինենք երկրի մինչպատերազմական վիճակը, պետք է անկեղծորեն խոստովանել, որ մեծ հաշվով մեզանից ոչ ոք իր տեղում չի եղել` ո´չ իշխանությունը` իր բոլոր ճյուղերով, ո´չ, ընդդիմությունը` խորհրդարանականն ու արտախորհրդարանականը եւ ո´չ էլ հանրությունը` քաղաքացիական իր կառույցներով ու չկայացած հանրակարգերով:

Եկել է վերափոխվելու, եթե կուզեք` սթափվելու ժամանակը, ու դեռ մեծ հարց է` կարո՞ղ ենք դա իրականացնել, թե` ոչ: Եվ, առհասարակ, կա՞ գոնե մեկ հարց, որը կարող է մեզ միավորել։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: