Պարզվում է՝ սեպտեմբերի 18-ին գերմանական Վիսբադենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակ հանձնելու հետ կապված զարգացումներն այնքան էլ խաղաղ ընթացք չեն ունեցել: Բայց նախ հիշեցնենք, որ գերմանական «Hessenschau» պարբերականի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը պարգեւատրվել է 2018 թվականից ի վեր ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, Եվրամիության հետ մերձեցման եւ ԼՂՀ հակամարտության կարգավորման ուղղությամբ վարած քաղաքականության համար: Բոլոր այս արժանիքներին վարչապետի մամուլի խոսնակն իր հերթին (կամ գուցե իր կողմից) հավելել է եւս մեկը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի գործադրումը:
Միջոցառմանն ընդառաջ Գերմանիայի իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ նամակով դիմել են Հեսսենի երկրամասի խորհրդարանին՝ Լանթագին, նրա խոսնակին ու Հեսսենի խաղաղության մրցանակի հանձնաժողովին՝ առաջարկելով Փաշինյանին մրցանակի հանձնումը դիտարկել որպես բռնի տեղահանվածների՝ Արցախ վերադարձի, Բաքվում պահվող 19 պատանդի ազատ արձակման, ԼՂ-ում հայկական պատմամշակութային, հոգեւոր արժեքների պահպանման հնարավորություն: Ըստ դիմումատուների պահանջի, մրցանակը շնորհելիս՝ Լանդթագը չպետք է անտեսի տուժած բնակչության դեմ կատարված ծանրագույն հանցագործությունները, ինչպես նաեւ Արցախում հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումը:
Ստորագրող կազմակերպությունները՝ աջակցելով հանդերձ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղ գործընթացին, գտնում են, որ խաղաղությունը կարող է արդար եւ կայուն լինել միայն այն պարագայում, եթե ԼՂ-ից բռնատեղահանված հայ բնակչության իրավունքները հարգվեն Մարդու իրավունքի միջազգայնորեն սահմանված կանոններին համահունչ եւ ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության կոնվենցիայից բխող հանձնառությունների ոգով. «Երկարատեւ խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ տեղահանության հետեւանքները, տուժածների իրավունքներն ու գերության մեջ գտնվող հայերի ճակատագիրը մնում են անտեսված»,- համոզված է տեղական իրավապաշտպանների խումբը:
Ավելին՝ նրանք միջազգային պրակտիկայից քաղած ուշագրավ փաստերով հիմնավորում են իրենց պնդումները: Ըստ այդմ՝ միջազգային դատարանի նախկին գլխավոր դատախազ Լ. Մ. Օկամպոն արդեն 2023թ. օգոստոսին զգուշացնում էր ԼՂ-ում հայերի ցեղասպանության մասին, իսկ 2024-ի ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոսի տաճարում հնչեցրած հուշաճառում վերահաստատում էր ասածը՝ ընդգծելով, որ զանգվածային սպանությունները ցեղասպանության միակ ձեւը չեն: Ցեղասպանական գործողություն են նաեւ հոգեբանական ծանր վիճակի հասցնելը, սովը, որոնք երկուսն էլ կիրառվել են ԼՂ-ի հայերի դեմ: Նման բնորոշմանը համակարծիք է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան (IAGS), որը 2024-ի սեպտեմբերին ԼՂ-ի վերաբերյալ ընդունած բանաձեւում Բերձորի միջանցքի շրջափակման հետեւանքով առաջացած կենսապայմանները որակել է ցեղասպանական գործողություն, իսկ 2023-ի բռնագաղթը՝ էթնիկ զտում:
Նամակի հեղինակները չեն խնայել անգամ մրցանակակրին՝ հավանաբար հասկանալ տալով, որ «ինքն էլ մի բարի պտուղ չէ»: Ներհայաստանյան դիտակետից են այս անգամ արծարծում հարցը՝ մրցանակի շնորհումը Նիկոլ Փաշինյանին՝ մի գործչի, ում կառավարման օրոք Հայ Առաքելական եկեղեցին պետության կողմից ենթարկվում է հալածանքների, բարձրաստիճան հոգեւորականներն էլ, այդ թվում արքեպիսկոպոսները՝ շինծու քրեական հետապնդումների, սահմանափակվում են նրանց արտերկրյա այցելությունները: Գործադիրը, ըստ գերմանացի իրավապաշտպանների, միջամտում է Եկեղեցու ներքին գործերին, որի իրավազորությունը չունի, վատաբանում Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ պահանջում նրա հրաժարականը, ինչի իրավունքն առավել եւս չունի:
Գրավոր դիմումը ստորագրած մոտ մեկ տասնյակի հասնող իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչների դիտարկմամբ՝ գործող իշխանությունների եւ, ի մասնավորի, Փաշինյանի թիրախում են նաեւ աչքի ընկնող ընդդիմադիր գործիչները, որոնցով լցրել է բանտերը, անգամ տուժած արցախցիները, որոնց պատեհ-անպատեհ կոպտում է, մեղադրում, թե՝ «ինչո՞ւ եք լքել ձեր տունուտեղը, փախել» կամ «դուք ինչո՞ւ չեք զոհվել» եւ այլն: «Տուժածների հանդեպ նման վերաբերմունքը մտահոգիչ հակադրություն է ստեղծում ժողովրդավարական արժեքների եւ հակամարտությունները խաղաղ կարգավորելու համար շնորհվող խաղաղության մրցանակի հետ»,- եզրահանգել են նամակագիրները:
Վերջում իրենց մտավախությունն ամփոփել են հետեւյալ կերպ. «Եթե Հեսսենի խաղաղության մրցանակն արժեւորում է խաղաղության արդի գործընթացը՝ առանց անդրադառնալու ԼՂ-ում տեղի ունեցած միջադեպերին, մարդու իրավունքների լրջագույն խախտումներին, դրանց միջազգային հետեւանքներին՝ հաշվի չառնելով տուժածների իրավունքները, ապա վտանգ կա, որ մրցանակը հակամարտության լուծմանը եւ հաղթահարմանը նպաստելու փոխարեն կընկալվի որպես կատարված ոճիրի մաքրագործում»:
«Հայացք Երեւանից»

