Շաբաթ, Դեկտեմբերի 05, 2020

Խմբագրական

Գերտերությունները եւ պատերազմների կառավարումը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Միջուկային պետությունները միմյանց հետ չեն պատերազմում։ Առաջ ամեն ինչ հստակ էր` պետությունների միջեւ տեղի էին ունենում պատերազմներ տարածքների նվաճման, պաշարամիջոցների վերաբաշխման, թույլ երկրների գաղութացման համար։ Պատերազմների արդյունքում որոշվում էր, թե ում ռազմական ավարի ինչ բաժին է հասնելու։ Քաղաքականությունն ու պատերազմները միահյուսված էին։

Հիմա գերտերությունները «նստած» են շախմատային տախտակի առջեւ եւ պատերազմներ են վարում այլոց միջոցով: Զոհաբերում են երկրներ, ստեղծում նոր պետական կազմավորումներ, միմյանցից խլում ազդեցության գոտիներ ու պաշարամիջոցներ։ Ում համար խաղ է, ում համար` կյանքի ու մահվան խնդիր։ Ով հասկանում է խաղի իմաստը, փորձում է խուսանավել, գնալ անհրաժեշտ զիջումների, ճիշտ կողմնորոշվելով` ձեռք բերել հաջողություններ։ Կարճ ասած` «մեծերը» խաղում են, իսկ «փոքրերը» փորձում են հասկանալ խաղի իմաստը։ Ով հասկանում է, ով չի հասկանում` համապատասխան հետեւանքներով հանդերձ։

Հայաստանում «անկախության» մասին շատ շահարկումներ կարելի է լսել ու կարդալ։ Բազմաթիվ խմբեր փորձում են քաղաքական կյանքում հայտ ներկայացնել` որպես նպատակ ընտրելով Հայաստանի անկախության համար պայքարը եւ որպես թիրախ` այս կամ այն երկիրը, որը մեզ «զրկում» է անկախությունից։

Հարց է առաջանում` արդյո՞ք անկախ երկիր է Հայաստանը։ Հարցը կարելի է դիտարկել ավելի լայն կտրվածքով. արդյո՞ք անկախ են աշխարհի ավելի խոշոր պետությունները` Գերմանիան, Ճապոնիան, Իտալիան եւ այլն։ Իրավաբանորեն, այո, անկախ են, բայց իրականում այդ երկրներում տեղակայված են ԱՄՆ ռազմական հենակետերը, ուստիեւ ունեն խիստ պարտավորություններ, որոնք սահմանափակում են նրանց ազատության աստիճանը։

Ինքնիշխանության (սուվերենության) աստիճանը ցույց է տալիս այլ երկրներից ու միջազգային կառույցներից այս կամ այն երկրի կախվածությունը: Մասնավորապես ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը` Brexit-ը, հիմնավորվում էր նրանով, որ չի ցանկանում իր ինքնիշխանության մի մասը լիազորել ԵՄ-ին, այսինքն` Բրիտանիան ուզում էր լինել ավելի անկախ: Եթե Հայաստանն անդամագրվում է ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին, ապա իր ինքնիշխանության մի մասը զիջում է այդ կառույցին, իսկ եթե անդամագրվում է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին, ապա զիջում է վերջիններիս: Այլ բան է, եթե առհասարակ ոչ մեկին չի անդամագրվում: Սակայն «անկախության» կողմնակիցները նման խնդիր չեն քննարկում, այլ քննարկում են այլընտրանքային կախվածության նպատակահարմարությունը, որից կարելի է եզրակացնել, որ խոսքը «անկախության» մասին չէ, այլ` այլընտրանքային կախվածության նպատակահարմարության, ինչի մասին ուղղակիորեն չի խոսվում։

Այս պատերազմը ցույց տվեց, որ հաղթում է այն երկիրը, որը ոչ միայն քաղաքական ու ռազմական արդյունավետ քայլեր է անում: Դրանում նշանակություն ունի նաեւ այն հանգամանքը, թե ում կտան զենք կամ ում չեն տա եւ ում կտան մասնագետներ ու հետախուզական տվյալներ կամ ում չեն տա։

Սա դրսից պատերազմի կառավարման ակնհայտ ցուցադրություն էր։ Մեր անհաջողությունները, առաջին հերթին, քաղաքական դաշտում էին, իսկ պատերազմն ուղղակի դրա հետեւանքն էր: Որքան էլ զինվորը քաջաբար կռվի, անզոր է ժամանակակից տեխնոլոգիաների հանդեպ, իսկ դա արդեն քաղաքականություն է։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: