Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

Խմբագրական

Քառորդ դար ծառայության մեջ. ՌԱՀՀԿ-ը նշեց իր 25-ամյա հոբելյանը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հոկտեմբերի 3-ին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ)՝ միջազգային ու հանրային վերլուծությունների հայաստանյան երախայրիքը, հիմնադրման 25-րդ տարեդարձը նշեց իր գրասենյակում հրավիրված պաշտոնական ընդունելությամբ:

Դեսպաններ, համաշխարհային համբավի պատվավոր հյուրեր, տեղական եւ միջազգային վերլուծաբաններ, Կենտրոնի ներկա ու նախկին աշխատակիցներ, մամուլի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հավաքվել էին՝ իրենց սրտի խոսքն ասելու քառորդ դար հայոց ժողովրդավարությանն անբասիր ծառայություն մատուցած այս գիտահետազոտական օջախին՝ հանրակարգային քաղաքականության կայացումը խթանելու, գաղափարների ու հղացումների ազատ մրցակցությունն ապահովելու եւ փորձագետ-ուսումնասիրողների կադրային զինանոցը համալրելու համար:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ մտքի դարբնոց դարձած այս «մայր անոթի» հիմնադիր-նավավարը եւ Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարարը, ողջունեց հավաքվածներին ու կենտրոնի բոլոր ժամանակների համախոհներին՝ այդ թվում հիշատակելով փայլուն մտավորական Տիգրան Հայրապետյանին, ով կանգնած էր ՌԱՀՀԿ-ի ակունքներում:

«ՌԱՀՀԿ-ն,- ասաց նա,- 25 տարի առաջ եւ այս բոլոր տարիների ընթացքում՝ առավել դժվար հանգամանքներում, մասունք առ մասունք ներմուծել է ազգային ու միջազգային փորձագիտական նշխարներ՝ ասպարեզ բերելով օրվա եւ դարի հրամայականին համահունչ ներքին ու արտաքին խորքային դիտարկումներ: ՌԱՀՀԿ-ն՝ որպես ռահվիրա եւ մեզանում առաջին անկախ «ուղեղային կենտրոն», հաստատապես գրանցել է մեր համասփյուռ ազգը գլոբալ աշխարհաքաղաքականության քարտեզին»:

Հիշարժան տարեթվի առիթով ՌԱՀՀԿ-ն թողարկել է հատուկ ուրվագիր՝ համառոտակի լուսաբանելով վայրիվերումներով հագեցած, բայց անխոտոր անցած իր քառորդդարյա ճանապարհի ամենակարեւոր ուղենիշներն ու կենսագրության մնայուն էջերը: Իսկ դրանք քաղաքական վերլուծությունների ու մեկնաբանությունների բազմաթեմատիկ հատորյակներն են, մենագրությունները, քաղաքագիտական ոլորտի ամենաարդիական խնդիրների շուրջ տեղային եւ միջազգային ֆորումները, սոցիոլոգիական հետազոտություններն ու դրանց արդյունքների հանրային շահագրգիռ քննարկումները, երիտասարդ փորձագետների ուսուցման դասընթացները եւ մի շարք այլ ուղղություններ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը Երեւանում գործող առաջատար վերլուծական հաստատություն է: Որպես շահույթ չհետապնդող հիմնարկություն՝ այն հանձնառու է իրականացնել բազմագիտակարգ, արհեստավարժ հետազոտություններ ու վերլուծություններ, ձգտում է բարձրացնել համազգային դիսկուրսի մակարդակը եւ ընդլայնել քաղաքացիական ներգրավվածությունը քաղաքականության կայացման գործընթացում՝ խթանելով առավել համապարփակ հանրային գիտելիքներ:

Հիմնադրված լինելով 1994թ. ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, ՌԱՀՀԿ-ն տարիների ընթացքում ձեռք է բերել ազգային եւ միջազգային քաղաքականության հարցերի լայն շրջանակը փորձագիտական վերլուծության ենթարկող առաջնային աղբյուրի նշանակալի համբավ: Ռազմավարականի բովով է անցել հայրենական քաղաքագետների, փորձագետ-վերլուծաբանների, ինչպես նաեւ հասարակական-քաղաքական եւ պետական գործիչների մի փայլուն համաստեղություն:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am