Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը նշանավորվեց Ազգային անվտանգության ծառայության եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավարների միջեւ հեռախոսային խոսակցության աղմկահարույց հրապարկմամբ: Այս գործողությունն ակնթարթորեն որոշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի նախընտրական քարոզչության հայեցակարգը: Հանրահավաքում նա հայտարարեց, որ երկրի քաղաքական ուժերը բաժանված են «սեւերի» ու «սպիտակների», եւ առաջիկա ընտրությունների իմաստը հեղափոխության ու հակահեղափոխության միջեւ ընտրություն կատարելն է:
Հակահեղափոխության կորիզ նա անվանեց նախկին կոռումպացված պաշտոնյաներին ու օլիգարխներին` Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների գլխավորությամբ: Ընդ որում՝ «սեւերի» ճամբարին վերագրեց նաեւ շատ ուժերի, որոնք հայտարարելով հեղափոխությանն իրենց անվերապահ աջակցության մասին, իրականում համագործակցում են հակահեղափոխության հետ: Եվ արդյունքում հեղափոխության առաջնորդը ժողովրդին կոչ արեց ոչ մի ձայն չտալ բոլոր այդ ուժերին՝ առանց նրանց անունները հստակ տալու: Ընտրությունների նպատակ սահմանվեց հակահեղափոխության լիակատար կապիտուլյացիան, որին պետք է հասնել բոլոր մյուս ուժերի նկատմամբ ջախջախիչ առավելությամբ տարած համոզիչ հաղթանակով:
Փաստորեն՝ վերը նշված ծառայությունների ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակումը հանգեցրեց տապալված վարչակարգի ներկայացուցիչների քաղաքական մեկուսացման գործում նոր կառավարության ուղեգծի ուժեղացմանը: Իսկ վերջիններս օգնության համար դիմեցին ԵԽԽՎ-ին՝ կառավարությանը մեղադրելով իրենց նախորդներին քաղաքական հետապնդումների ենթարկելու մեջ: Նախընտրական քարոզարշավը ստացավ իր սեւ-սպիտակ բեմազարդերը, եւ ընտրություններին մասնակցող կուսակցությունները տարակուսանքով հարցնում էին միմյանց, թե հիմա իրենք որ ճամբարում են գտնվում:
Ստեղծված պայմաններում հետաքրքրություն է ներկայացնում երկու հանգամանք. ա/ ինչո՞վ է պայմանավորված վարչապետի նախընտրական հայեցակարգի ընտրությունը, բ/ ինչպիսի՞ն կարող են լինել ընտրություններին մասնակցող բազմաթիվ կուսակցությունների քաղաքական սանդղակները:
Առանց որեւէ կասկածի, կարելի է պնդել, որ Երեւանի քաղաքապետարանի ընտրությունները Հայաստանի վարչապետի թիմի կողմից դիտարկվում են որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պայմանների ապահովման մեխանիզմ: Հենց այդ նպատակով վարչապետը ցուցադրաբար արտահայտեց իր անվստահությունը ընտրություններին մասնակցող բոլոր խորհրդարանական կուսակցություններին` նպատակ ունենալով նրանց զրկել ընտրողների աջակցությունից եւ, հետեւաբար, քաղաքական ազդեցությունից: Նախեւառաջ դա վերաբերում է «Բարգավաճ Հայաստան»-ին եւ Դաշնակցությանը: Ըստ երեւույթին, բոլոր խորհրդարանական ուժերի հետ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ ապագա համաձայնության հասնելու համար այդ կուսակցություններին անհրաժեշտ է «կոտրել»: Պատահական չէ, որ Հանրապետական կուսակցությունը, որն այժմյան խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն ունի, հրաժարվել է մասնակցել քաղաքապետարանի այս ընտրություններին. անխուսափելի ձախողումը նրա համար կնշանակեր ամբողջական քաղաքական սնանկացում: Իսկ այսպես կարելի է գոնե հուսալ որոշակի փոփոխություններ հանրային գիտակցության մեջ, որոնք կարող են թուլացնել կառավարության դիրքերը:
Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցող մյուս կուսակցություններին, ապա նրանց առջեւ բարդ խնդիր է ծագել: Ո՞ր ընտրազանգվածի ձայների վրա հույս դնել, եթե այդպիսին «հեղափոխություն-հակահեղափոխություն» գաղափարական գծապատկերի ազդեցության տակ է: Կառավարության կողմից շահարկվող հակահեղափոխության սպառնալիքը շատ ընտրողների ստիպելու է քվեարկել «հեղափոխականների» օգտին: Ընտրություններին չմասնակցող ՀՀԿ-ի կողմնակիցները չեն հստակեցնում իրենց մտադրությունները եւ նախապատվությունները: Նոր կառավարությունից չափազանց դժգոհ ընտրազանգվածն այնքան էլ մեծ չէ: Դժվար է քննադատել նոր կառավարությանը. կարող եք ձեռք բերել հեղափոխության հակառակորդների կերպար: Հին մեթոդներով ձայներ հավաքելը դժվար է (կաշառք, գործող կառավարությանը ծառայության մատուցում եւ այլն):
Երկրում քաղաքացիների ազատ կամարտահայտության նախադեպ չկա՝ կա միայն այդպիսի հնարավորության հույս: Նման դասավորվածության իրադրությունում կուսակցությունների համար այնքան էլ հեշտ չէ գտնել իրենց անհրաժեշտ երրորդ սանդղակը: Դա պահանջում է համոզիչ դրական հարթակ: Իսկ որտե՞ղից այն վերցնել, եւ ինչպե՞ս հասցնել դա ընտրողներին՝ սեւ-սպիտակ բեմազարդերի խորապատկերին:
Առայժմ միայն հարցեր են. երկիրն առաջին անգամ արդար ընտրություններ անցկացնելու հնարավորություն է ստացել: Շատ անսովոր է ե՛ւ ընտրվողների, ե՛ւ ընտրողների համար: