Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը։ Այն շատերի համար անակնկալ էր, իսկ նրանց համար, ովքեր մասնագիտորեն հետեւում էին իրադարձություններին, անակնկալը միայն մարտական գործողությունների օրն ու ժամն էր։ Պատերազմի հավանականությունն իրականում մեծ էր. այդ մասին բացեիբաց հայտարարում էր Ադրբեջանի ղեկավարը, փակ ու բաց ձեւաչափերում խոսում էին գերտերությունների պաշտոնական ներկայացուցիչները՝ ԱՄՆ պետքարտուղար Բոլթոնը, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը եւ մյուսները, ի վերջո՝ այդ մասին զգուշացնում էին կառավարությունների տեսակետներն արտահայտող փորձագետները։
Պատերազմը ցույց տվեց, որ մենք դրան պատրաստ չէինք թե՛ ռազմաքաղաքական առումով, թե՛ բարոյական։ Պարտությունը ցավալի էր, զոհվեցին հազարավոր զինվորականներ, խաղաղ բնակիչներ, կորցրինք գյուղեր ու քաղաքներ, իսկ ամենավատթարը՝ ջախջախվեց հայոց երկրորդ պետականությունը, որի մնացած բնակչության անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։ Եթե անկեղծ լինենք մինչեւ վերջ՝ Հայաստանի անվտանգությունը նույնպես Ռուսաստանն է ապահովում, եւ Հայաստանի սուբյեկտայնության աստիճանը զգալիորեն նվազել է։ Բնականաբար՝ եթե մեր սահմանների անվտանգությունն ինքներս ի զորու չենք պաշտպանել, եթե սպառազինություն չենք արտադրում, իսկ տնտեսությունը սնվում է միջազգային վարկերով ու օգնություններով, ինչ ինքնիշխանության մասին կարող է խոսք լինել։
Սա է, դժբախտաբար, 30 տարվա անկախության մեր անփառունակ «հունձքը»: Եվ, թվում է, քաղաքական ու հանրային միտքը պետք է վերլուծեր՝ հասկանալու համար, թե ինչու հասանք այս վիճակին, որո՞նք էին մեր սխալները, որտե՞ղ սայթաքեցինք, բայց՝ զրո ուշադրություն։ Մինչդեռ սխալների բացահայտումը, դրանցից դաս քաղելն ու ճիշտ հետեւություններ անելը հիմա պետք է լինեին մեր առաջնային գործը։ Պատերազմից առաջ եւս պատմության դասագրքերում պետք է վերլուծաբար ներկայացվեին մեր նախորդ ձախողումների պատճառները, որպեսզի հնարավորություն ունենայինք վերանայելու հետագայի մեր ծրագրերն եւ ռազմավարական ուղենիշները, շտկելու բացթողումները: Դա չարվեց նախկինում, դա չի արվում նաեւ այժմ։
Առաջին պատերազմի հերոսները, որոնք հետպատերազմյան շրջանում հայտնվեցին խորհրդարանում, վարկաբեկում էին իրենք իրենց եւ բանակը, խորհրդարանն ու ողջ քաղաքական համակարգը՝ ընդհանրապես: Հիշենք Գեներալ Մանվել Գրիգորյանին, գեներալ Սեյրան Սարոյանին, Շմայսին եւ մյուսներին։ Խորհրդարանը գայթակղիչ «տանիք» էր նաեւ խոշոր գործարարների համար, որոնք պատգամավորի մանդատի միջոցով պաշտպանում էին իրենց սեփականությունը, բայց եւ իրենց կերպարով արատավորում այն կուսակցությունների վարկը, որոնց ներկայացնում են: Այնինչ գործիչների այս երկու կագախմբերը, որոնց օրինակը բերվեց, կարող էին՝ հեռու մնալով քաղաքականությունից եւ զբաղվելով իրենց գործով, ոչ միայն ավելի մեծ օգուտ բերել երկրին ու ժողովրդին, այլեւ լինել հանրության շրջանում հարգանք վայելող մարդիկ:
Վատ օրինակը վարակիչ է: Այսօր էլ անարդարությունների պայմաններում մեծացած սերունդը՝ գրավելով իշխանությունը եւ հայտնվելով խորհրդարանում, ըստ էության, յուրովի «վրեժ» է լուծում մեր պետականությունից։ Հնդկական ու ցածրակարգ տեղական կրիմինալ սերիալների վրա դաստիարակված ու հիմարացված ընտրողը նրանց է տալիս իր ձայնը՝ հակառակորդ տեսնելով «նախկիններին»՝ իրենց եւ այդ երիտասարդներին «ծնած» ու «դաստիարակած» համակարգին։ Սա ինքնոչնչացման գործընթաց է, որը սկսվեց 2018-ին եւ որի վերջը չի երեւում։
Պետությունն առաջին հերթին գաղափար է, որի հիմքը բոլորին միավորող արժեքային համակարգն է։ Կառուցել պետություն՝ նշանակում է ստեղծել եւ հասարակությանը ներարկել նման արժեքային համակարգ: Սակայն երեսուն տարիների ընթացքում մեզ չհաջողվեց ստեղծել այդպիսի արժեհամակարգ: Ավելին՝ եղածն է քանդվեց եւ շարունակում է քանդվել։
Սա է այսօրվա իրականությունը, որը չենք փորձում հասկանալ, հետեւություններ անել եւ վերափոխվել։