Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ինքնիշխանության աստիճանը կտրուկ նվազել է։ Ինչ ասել կուզի՝ եթե մի երկիր, որի անվտանգության պահպանումը եւ սահմանների պաշտպանությունը մնացել են այլ երկրի, մեր դեպքում՝ Ռուսաստանի հույսին, մի երկիր, որը տնտեսության առումով ինքնաբավ չէ եւ ապավինում է դրսի օգնություններին, բնականաբար, նման իրավիճակում պիտի հայտնվեր։ Մանավանդ որ, դրան գումարվում է Արցախի հակամարտության կարգավորումը, որ դարձյալ գրեթե ամբողջությամբ Ռուսաստանի խնդիրն է՝ նրա աշխարհաքաղաքական շահերի սպասարկման համատեքստում։
Սա է հետպատերազմյան Հայաստանի տխուր պատկերը: Բայց մեր նպատակն այս ամենի մասին եւս մեկ անգամ հիշեցնելը չէ։ Մեր խնդիրն է հասկանալ, թե նշյալ իրողություններով պայմանավորված՝ ո՞րն է Հայաստանի քաղաքական պայքարի տրամաբանությունը, ինչի՞ շուրջ պետք է ու կարող են բանավիճել երկրի իշխող եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը, ո՞րն է քաղաքական խոսույթի եւ դրանից բխող հրատապ օրակարգի թեման։
Եթե դժվարությամբ մեզ ստիպենք հետեւել խորհրդարանական քննարկումներին, կհամոզվենք, որ այնքան էլ չափազանցված չէ տպավորությունը, որ մարդիկ քննարկում են պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերների հետ դույզն-ինչ առնչություն չունեցող հարցեր։ Ընդդիմությունը փորձում է հերթական անգամ հիշեցնել, որ գործող իշխանությունն անձեռնհաս է, «կապիտուլյանտ» ու «հողատու»։ Թե ինչ է իրենից ներկայացնում իշխանությունը՝ հայտնի է բոլորին, սակայն անհայտ է, թե ինչ քաղաքական առաջարկ ունի ընդդիմությունը, որը հավակնում է դառնալ հաջորդ իշխանություն։
Այ, այստեղ առաջանում են լուրջ խնդիրներ ու մտածումներ, որոնց պատասխաններն ընդդիմությունը չի տալիս։ Օրինակ՝ գալով իշխանության, արդյո՞ք հետ են կանչելու Հայաստանի ստորագրությունը 2020թ. նոյեմբերի 9-ի մոսկովյան եռակողմ փաստաթղթից, արդյո՞ք Ադրբեջանի հետ բանակցություններ չեն վարելու, արդյո՞ք ունեն որեւէ այլընտրանքային իրատեսական ծրագիր, թե ոչ։ Կամ՝ տնտեսության ոլորտում վարվելիք քաղաքականությունը, նոր կառավարության կադրային ուղեգիծը, անվտանգային ռազմավարությունը եւ այլն, հարցերը կարելի է շարունակել։
Անցած ընտրությունների ժամանակ ընտրողների մի մասը մերժեց Փաշինյանին եւ դրա համար քվեարկեց Քոչարյանի օգտին, մյուս մասը, ճիշտ հակառակը, մերժեց Քոչարյանին ու ձայնը տվեց Փաշինյանին։ Ընտրողների ճնշող մեծամասնությունը մերժեց թե՛ մեկին, թե՛ մյուսին, այսինքն՝ ընտրությունները անցան ոչ թե «հանուն»-ի սկզբունքով, այլ՝ «ընդդեմ»-ի։ Մերժելը, այլ կերպ ասած՝ «ընդդեմ»-ը, հեշտ է, սակայն, ինչպես տեսնում ենք, «հանուն»-ի հարցում դժվար է կողմնորոշվել, մինչդեռ «հանուն»-ը կարող է լինել ապագա Հայաստանի քաղաքական նախագծի օգտին՝ հասկանալի ու վստահելի ընտրողների համար։
Ութերորդ գումարման խորհրդարանում այդ «մերժումները» շարունակվում են, սակայն իրական ու ռացիոնալ քաղաքական բանավեճ գոյություն չունի։ Եթե չկա ապագային միտված քաղաքական բանավեճ, ապա չի կարող գեներացվել քաղաքական միտք եւ, առավել եւս, լինել լիարժեք քաղաքական կյանք:
Քաղաքական կյանքի բացակայությունը քաղաքական մտքի սնանկության արգասիք է։ Ընդամենը: Ցավալի կլինի, եթե այս իրավիճակը երկար շարունակվի:

