Ուրբաթ, Մարտի 29, 2024

Խմբագրական

ՍԴ-ն եւ հանրային իրավագիտակցության սղությունը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մինչեւ 2018 թվականը Հայաստանի  քաղաքական գործընթացներում հանրային կարծիքը գերակա դեր չէր խաղում, եւ դա ուներ իր պատճառը: Համապետական ընտրությունները հանրային վստահություն չէին ներշնչում, քանի որ դրանց ժամանակ լուծվում էր իշխանության եւ Հայաստանի դեպքում` նաեւ իշխելու խնդիրը: Իրենց «սեւ» գործն էին անում ընտրակաշառքներն ու մյուս ընտրական մեքենայությունները: 2018-ից հետո քաղաքական կյանքում գերկարեւորվեց հանրային կարծիքը, որը վերածվում է քաղաքական իրավարարի, եւ դրանից արդեն շատ բան է կախված: Բոլորը դիմում են ժողովրդին կամ հանդես են գալիս ժողովրդի անունից, իսկ թե իրականում ով է «ժողովուրդը», ինչպես է նա մտածում, ինչ է ցանկանում` այդպես էլ չի հստակեցվում։

Եթե 2018 թվականից առաջ այնքան էլ էական չէր, թե ինչ եւ ինչպես է մտածում շարքային քաղաքացին, ինչպիսի արժեքային համակարգ ու իրավագիտակցության ինչպիսի մակարդակ ունի, ապա այժմ այդ գործոնը վճռական նշանակություն է ձեռք բերում:

Եթե ընտրակաշառքների ու մյուս ընտրական խարդավանքների դարաշրջանում ամեն ինչ պարզ ու հասկանալի էր, ապա հիմա ավելի բարդ է: Կարելի է ասել, որ այսօրվա Հայաստանի առանցքային խնդիրներից մեկն իսկապես առնչվում է շարքային քաղաքացու իրավագիտակցության աստիճանին, կրթվածությանն ու աշխարհընկալման կոորդինատային համակարգին: Այսինքն` խնդիրը միջին վիճակագրական քաղաքացու մեջ տվյալ որակների բացահայտումն է` հասկանալու համար, թե որքան ժամանակում եւ որ սահմաններում կարելի է մանիպուլյացնել նրա գիտակցությունը:

Սահմանադրական դատարանի հետ կապված զարգացումներն ունեն իրենց հստակ տրամաբանությունն ու նպատակները` գործող իշխանությունը մտադիր է ձեռք բերել բացարձակ իշխանություն, եւ դատարաններից հետո, կարծես թե, գալու է լրատվամիջոցների հերթը, իսկ հետո կզբաղվեն ավելի մանր «ձկներով»։ ՍԴ-ն, ինչպես նաեւ մյուս դատարանները ցանկանում են լինել գործադիր իշխանությունից անկախ եւ կարեւոր չէ, թե ինչի համար` հանուն գաղափարի՞, թե հանուն անձնային կամ խմբակային շահերի։

Բայց այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես է գնահատում այս ամենը շարքային քաղաքացին, ինչ փաստարկներ ու հակափաստարկներ ունի նման գործընթացների եւ դեպքերի համար։ Ոմանք գտնում են, որ կարեւորը «նախկիններին» պատժելն է, մյուսների համար՝ «թալանածը, մինչեւ վերջին լուման ժողովրդին վերադարձնելը»: Շատերն առաջնային են համարում իրենց պարզ սոցիալական խնդիրների լուծումը եւ լավ չեն գիտակցում, թե ՍԴ-ն ինչ կապ ունի այդ խնդիրների լուծման հետ:

Կա մարդկանց միայն մի փոքր հատված, որն ըստամենայնի կարեւորում է իրավական կատեգորիաները` օրինականությունը, իշխանության ճյուղերի` միմյանցից անկախ լինելը, օրենքի միատեսակ կիրառության սկզբունքը: Ըստ այդ խմբի, կարեւորը իրավական մեխանիզմներն են, այլ ոչ թե կոնկրետ պաշտոնյայի կամ դատավորի անձը, նրա լավ կամ մարդ լինելը: Այդ մեխանիզմները ցանկացած մեկի կստիպեն գործել եւ դատել օրենքների շրջանակում։

Սա իրավական գրագիտության խնդիր է, որը մեզ, իբրեւ ապագա քաղաքացու, ցավոք սրտի, մանկությունից չեն ներարկել` մանկապարտեզներում, դպրոցներում, ինչպես նաեւ ամենօրյա  պետական քարոզչության միջոցով։ Արդյունքում ունենք հանրային իրավագիտակցության լրջագույն սղություն, որն արդարադատության, իրավակարգի եւ օրենքի նկատմամբ ընդհանուր անտարբերություն է ծնում: ՍԴ-ի շուրջ ծավալված համատարած անօրինականություններն այդ անտարբերության պտուղներն են:

Այս առումով, որքան էլ դաժան հնչի, արդեն երկրորդական է դառնում «ժողովրդի կամք» ասվածը, որովհետեւ այդ «կամքի» չափորոշիչները տարերային են, ինքնաբուխ ու շատ հաճախ` անտրամաբանական: Դրանք համակարգված չեն եւ հիմնված չեն հստակ արժեքային ուղենիշների վրա։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: