Չորեքշաբթի, Մարտի 19, 2025

Խմբագրական

Կձեւավորվի՞ երրորդ ուժի սոցիալական պատվեր

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանի հանրության գիտակցության մեջ խորապես ամրակայված է սոցիալական անարդարության մասին համոզմունքը: 1995 թվականի ընտրություններից ի վեր ընդդիմության հիմնական խոսույթը իշխող քաղաքական վերնախավերի ներսում առկա կոռուպցիոն դրսեւորումների շուրջ էր: Սա ինչ-որ առումով հասկանալի է եւ ոչ անհիմն:

Բանն այն է, որ մինչեւ 1991-ը սեփականությունն ամբողջովին պետական էր, անգամ բնակարաններն էին կառուցվում պետության կողմից եւ վարձակալությամբ բաժանվում ժողովրդին: Էլ չասած՝ արտադրական ձեռնարկությունների, նույնիսկ փոքր խանութների, արհեստանոցների, առավել եւս՝ հողի մասին: Գյուղաբնակներն ունեին ընդամենը տնամերձ հողամասեր եւ ոչ ավելին:

Խորհրդային Միության փլուզումից հետո հարց առաջացավ, թե ինչպես կազմակերպել տնտեսությունը: Կոմունիզմի առասպելը հօդս էր ցնդել, բայց կար կապիտալիստական աշխարհի մասին որոշակի տեսլական՝ իր մասնավոր տնտեսությամբ ու Ադամ Սմիթի «անտեսանելի ձեռքով» կարգավորվող ազատ շուկայով: Կարճ ասած՝ պետք էր ամեն ինչ սեփականաշնորհել, եւ շուկան պահանջարկի ու առաջարկի համադրման հիմունքներով բնականոն ձեւով կկարգավորի տնտեսությունը:

Ողջ պետական ունեցվածքը պետք է մասնավորեցվեր, ինչն արդար եղանակով գրեթե հնարավոր չէր: Կային բաշխվելիք ընդհանուր ունեցվածքին ավելի մոտ կանգնած ճարպիկ, գործունյա մարդիկ, որոնք կարողացել էին ընդգրկվել սեփականաշնորհման գործընթացի մեջ եւ լավ հարաբերություններ ստեղծել իշխանություն ունեցողների հետ: Իսկ «լավ հարաբերությունները» ենթադրում են կոռուպցիայի ռիսկեր: Մի խոսքով՝ պետական կամ, ինչպես ԽՍՀՄ-ում էին ասում, «համաժողովրդական ունեցվածքի» արդարացի բաշխման գործը դառնում էր անհնար:

Այս ամենը, վերը նկարագրվածի պես, 1995-ի ընտրություններից սկսած՝ ընդդիմությանը հնարավորություն էր տալիս ընտրողների ձայները ստանալու ակնկալիքով խաղարկել սոցիալական անարդարության թեման: «Թալանի» մասին խոսույթը, այդպիսով, դառնում է քաղաքական քննարկումների ու բանավեճերի առանցքային լեյտմոտիվը: Նման իրադրությունում, երբ հանրության մեծամասնությունը չի ընդունում սեփականության օրինակարգությունն ու անձեռնմխելիությունը եւ ցանկացած պահի այն քաղաքական պոպուլիստների սպառնալիքի տակ է հայտնվում, խոսք անգամ չէր կարող լինել տնտեսության զարգացման մասին:

Եվ 2018-ին տեղի ունեցավ այն, ինչը չէր հաջողվում մինչ այդ. պոպուլիզմը՝ ի դեմս փողոցից եկած «հեղափոխականների», հաղթանակեց, որովհետեւ նրանք իրավիճակին համարժեք կարգախոսներ էին բերել՝ վերականգնել արդարությունը, իսկ թալանածը «վերադարձնել ժողովրդին»: Եղան սուտ խոստումներ, ցուցադրական «բռնոցիներ», ձեւական դատավարություններ, սակայն «թալանի» վերաբերյալ որեւէ դատական գործ այդպես էլ իր տրամաբանական ավարտին չհասավ: Ավելին՝ մի քանի հայտնի օլիգարխներ մտան «հեղափոխական» թիմ, դարձան պատգամավորներ, մյուսները հպատակվեցին նոր իշխանությանը, սակայն հանրության շրջանում «թալանի» մասին խոսույթը շարունակվում է, որովհետեւ գործող իշխանության հենարանը հենց այն մարդիկ են, որոնք սպասում են սոցիալական արդարությանը:

Այժմ փոխադարձ ատելությամբ լի, պառակտված, թշնամական հատվածների բաժանված հասարակությունը, որտեղ մեկը մյուսին «թալանչի» ու «դավաճան» է պիտակում, սպասում է, թե ով է բերելու իր պատկերացրած արդարությունն ու ազգային համերաշխությունը եւ որտեղից է փչելու փոփոխությունների սյուքը: Ո՛չ «ներկաների», ո՛չ «նախկինների» հետ հույսեր չեն կապում: Հույսը իրատեսական ծրագրերով, հայեցակարգով, ճանապարհային քարտեզով «զինված», ազգին սպառնացող գոյութենաբանական աղետը սանձելու կամքով օժտված երրորդ ուժն է, որի առաջարկի նկատմամբ սոցիալական պատվերն օրեօր մեծանում է:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: