Երկուշաբթի, Ապրիլի 21, 2025

Խմբագրական

Ազգը զորեղ է, եթե զորեղ են նրա քաղաքական ու մշակութային հիմքերը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մենք հաճախ ենք օգտագործում «ազգ» եզրը՝ առանց խորանալու դրա բառիմաստի մեջ: Մինչդեռ խորանալ պետք է, եթե ուզում ենք գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու բանալին:

«Ազգ»-ն «էթնոս» եւ «ցեղ» հասկացություններից տարբերվող քաղաքական եզր է: Մեր անձնագրերում «ազգություն» բառի դիմաց գրված է՝ Հայաստանի Հանրապետություն: Անձնագիրը միջազգային փաստաթուղթ է, նրանում ամեն մի տող ու տեղեկատվություն համապատասխանում է միջազգային կոնվենցիաներին ու պայմանագրերին: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ իր կրոնից ու էթնիկ պատկանելությունից, ազգությամբ ՀՀ քաղաքացի է, ինչպես որ ազգությամբ ֆրանսիացի էր Շառլ Ազնավուրը կամ ինչպես ամերիկացի է Քիմ Քարդաշյանը:

Այսպիսով՝ ազգությունը, ըստ միջազգային չափորոշիչների, քաղաքացիության ցուցիչ է, եւ այստեղից հարցեր են առաջանում. իսկ ի՞նչ արժեհամակարգ ունի այդ քաղաքացին, ի՞նչ կրթական համակարգում է դաստիարակվում, որպիսի՞ք են նրա ընթերցած գրքերը, նրա պահելաձեւը, բարոյաէթիկական նորմերը, ներքին ու արտաքին մարտահրավերներին, ինչպես նաեւ ներսի ու դրսի մանիպուլյացիաներին, դեմագոգիային ու պոպուլիզմին դիմակայելու ունակությունը եւ այլն: Այդ ամենը միասին անվանենք մշակույթ, որն էլ «հայաստանցի» ազգության բնութագիրն է՝ անկախ անհատի էթնիկ պատկանելությունից:

Անկախությունից ի վեր Հայաստանի քաղաքական կյանքը կարելի է բնութագրել երկու կարգախոսով: Ընդդիմությունների կարգախոսը՝ իշխանափոխություն, առանց մարդկանց առաջարկելու այլընտրանքային ուղի՝ տնտեսական, կրթական, անվտանգային եւ այլն: Կառավարող ուժերի կարգախոսը՝ Արցախ, նույնպես առանց մարդկանց բացատրելու, թե այդ նպատակին հասնելու համար ինչպես են արդիականացվելու երկիրը, տնտեսության կառուցվածքը, կրթական բարեփոխումները, պաշտպանական համակարգը, որպեսզի պատրաստ լինենք դիմագրավելու եւ հաղթահարելու մեր հայրենիքի առջեւ ծառացած արտաքին սպառնալիքները:

Երկու դրվագում էլ բախվում էինք պարզունակ մտածողության եւ, ըստ էության, երկրի զարգացման համար իրական քայլերի, ճանապարհային քարտեզի ու տեսլականների բացակայության հետ: Եվ այդ գործելակերպը չէր փոխվում անգամ այն դեպքերում, երբ ընդդիմությունն ու իշխանությունը տեղերով փոխվում էին: Այս պարզունակ քաղաքական դաշտը ենթադրում էր նույնքան պարզունակ ընտրողների առկայություն՝ մտավոր աղքատիկ պաշարով, որը ներարկվում էր հեռուստատեսային ցածրակարգ սերիալների, անճաշակ երաժշտության, օրեցօր վատացող կրթական ծրագրերի եւ բոլոր ոլորտներում նշանակվող ոչ արհեստավարժ մասնագետների միջոցով: Սա, ամենայն հավանականությամբ, արվում էր միտումնավոր: Այս հարցում իշխանությունների ու ընդդիմությունների շահերը, կարծես թե, հատվում էին միեւնույն կետում:

Մենք պարզունակ պետության մոդելով ենք շարժվում եւ ստացանք համապատասխան արդյունք՝ 44-օրյա պատերազմի տեսքով: Այդ արդյունքն օրինաչափ էր, եւ մենք պետք է համարձակություն ու ազնվություն ունենանք դա ընդունելու համար: Առանց իրականությանը բաց աչքերով նայելու՝ մենք չենք կարող անաչառ եզրակացություններ  անել եւ համարժեք լուծումներ գտնել:

Ամփոփենք նրանով, ինչով սկսել ենք՝ «ազգ» հասկացության նորովի իմաստավորման անհրաժեշտությամբ: Մեր գերակա խնդիրն է՝ ձեռնամուխ լինել ԱԶԳԻ բարենորոգմանը՝ ամրացնելով նրա բոլոր անկյունաքարերն ու հիմնասյուները: Չէ՞ որ ազգը զորեղ է, եթե զորեղ են նրա քաղաքական, քաղաքակրթական ու մշակութային հիմքերը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: