Երեքշաբթի, Ապրիլի 29, 2025

Խմբագրական

Երբ «փղերը» կռվում են, տուժում են «մանր» կենդանիները

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Այս օրերին ողջ աշխարհն ուշադիր հետեւում էր՝ արդյոք Ռուսաստանը կհարձակվի Ուկրաինայի վրա, թե՝ ոչ։ Մարդիկ մտահոգված էին, որ կարող է սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմը։ 1960-ական թվականների Կարիբյան ճգնաժամից ի վեր, երբ երկու գերտերությունների միջեւ միջուկային պատերազմը դարձել էր խիստ հավանական, նման կարգի լարվածություն, ինչը տեսնում ենք Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններում,  դեռ չէր եղել։ Այս հենքին հետաքրքիր էր դիտարկել հայաստանյան սոցցանցերի արձագանքները։ Ինչպե՞ս են Հայաստանի շարքային քաղաքացիները գնահատում իրավիճակը, աշխարհի մասին ինչպիսի՞ «պատկեր» է դաջված նրանց գիտակցության մեջ։

Ոմանք կանխատեսում էին, որ ուր-որ է՝ Ռուսաստանը, Ուկրաինա ներխուժելուց հետո, ծանր ու մաշեցնող պատերազմի մեջ է թաղվելու, ու արդյունքում փլուզվելու է, եւ Արեւմուտքը վերջնական հաղթանակ է տոնելու։ Մյուսները՝ հասկանալով դրա հետեւանքները, անհանգստանում էին, որ այս ամենից շահելու է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որն ավելի է մեծացնելու իր ազդեցությունը Հարավային Կովկասում ու Միջին Ասիայում, համապատասխան հետեւանքներով մեզ համար՝ հնարավոր թյուրքական աշխարհում հայերի համար տեղ նախատեսված չէ։

Այս առումով հարց է առաջանում, թե, իրոք, որքանով են ուկրաինական դեպքերը փոխկապակցված մեր տարածաշրջանի հետ։ Պատասխանը, սթափ մոտեցման դեպքում, կարծես թե, պետք է ակնհայտ լինի՝ Ուկրաինայի դեպքերն ուղղակիորեն փոխկապակցված են մեր տարածաշրջանի հետ, եւ դա պետք է դիտարկել որպես մեկ ընդհանուր հակամարտություն՝ միաժամանակ տարբեր խաղատախտակների վրա խաղացվող։ Պարզ է, որ Ռուսաստան-ԱՄՆ հակամարտությունը գլոբալ է, որը ընթանում է ձեւավող նոր աշխարհակարգի ապագա խաղի կանոնների սահմանման համար, եւ ԱՄՆ-ի նպատակը Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության սահմանափակումն է՝ լինի դա Կովկասում, թե Արեւելյան Եվրոպայում։ Պատահական չէ, որ Արցախի պատերազմից հետո սրվեց նաեւ Դոնբասի հակամարտությունը՝ դրանք փոխկապակցված կոնֆլիկտներ են։ Ուկրաինայում հասկացան, որ նման պատերազմի միջոցով կարելի է լուծել նաեւ Դոնբասի խնդիրը, նույն դաշնակիցներով, նույն զինատեսակներով, մասնավորապես՝ բայրաքթարներով, որոնք Ուկրաինան Արցախի պատերազմից հետո սկսեց ակտիվորեն գնել Թուրքիայից։

Արցախի պատերազմի հետեւանքով Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան մեծացրեց իր ազդեցությունը, հիմա հերթը Ուկրաինայինն է։ Սա աշխարհաքաղաքական մրցակցություն է, որտեղ Թուրքիան Արեւմուտքի գործընկերն է ու հիմնական շահառուն։ Այս իմաստով, այո, կարող ենք ասել, Ուկրաինայի իրադադարձությունները փոխկապակցված են մեր տարածաշրջանի զարգացումների հետ։

Մեր տարածաշրջանի տեսանկյունով՝ Արեւմուտքին ոչ թե Հայաստանն ու Արցախն է հետաքրքրում, այլ ավելի մեծ հարցեր՝ Ռուսաստանի, Իրանի, նաեւ Չինաստանի ազդեցության սահմանափակումը, տնտեսական մեկուսացումը։

Հայաստանի քաղաքացիների համար պետք է պարզ լինի, որ երբ «փղերը» կռվում են, ապա տուժողի դերում «մանր» կենդանիներն են լինում, եւ Ուկրաինայի դեպքերը մենք պետք է դիտարկենք ոչ թե որպես մեզանից հեռու տարածաշրջանում տեղի ունեցող լոկալ հակամարտություն, այլ ուղղակիորեն մեզ հետ փոխկապակցված իրադարձություն։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: