Մոտեցող բազմաբեւեռ աշխարհակարգի իրողությունն արդեն կասկած չի հարուցում՝ թեեւ իշխանական շրջանակներում դրա բովանդակությունը, ըստ էության, չի ընկալվում: Ի՞նչ է ենթադրում բազմաբեւեռ համակարգը, որո՞նք են աշխարհի նոր ճարտարապետության հիմնական հայտանիշները: Դատելով վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումներից,- նկատի ունենք մոտ երեք տարի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմը, արցախահայության էթնիկ զտումները, Սիրիայով սկսված միջինարեւելյան գործընթացները եւ այլն,- կարելի է եզրակացնել, որ կայսրությունների ժամանակները վերադառնում են:
Համենայն դեպս՝ կան բոլոր նախանշանները կանխատեսելու, որ աշխարհի ուժեղները պատրաստվում են վերադասավորվել, ձեւավորել իրենց խմբերը եւ նոր հիմունքներով ու «խաղի» նոր կանոններով իրականացնել հավաքական կառավարում, ինչը նշանակում է համակեցության նոր պայմանների սահմանում, պաշարամիջոցների, ռազմավարական տարածքների, շուկաների, առեւտրային ուղիների, հումքի նկատմամբ վերահսկողության հաստատման մրցակցություն: Այն, ինչ այսօր անում է ՌԴ-ն՝ Ուկրաինայում, ԱՄՆ-ը՝ Գրենլանդիայում, Չինաստանը՝ Խաղաղ օվկիանոսում, Թուրքիան՝ Սիրիայում, Իսրայելը՝ Պաղեստինում, նոր աշխարհակարգին ընդառաջ՝ նպաստավոր դիրքերի ապահովման նախավարժանքներ են:
Փաստացի՝ մենք այժմ գտնվում ենք երկու աշխարհակարգերի միջակայքում, բայց ոչ մեկից օգտվել չենք կարողանում, որովհետեւ հինը փլուզվել է, իսկ նորը դեռ չի կազմավորվել: Այնպես որ, ստիպված ենք միառժամանակ մոռանալ սահմանների անձեռնմխելիության եւ մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների սկզբունքների, մի խոսքով՝ 1948 թվականից ի վեր ձեւավորված երկբեւեռ եւ միաբեւեռ աշխարհակարգի կանոնների մասին: Ազգային պետությունների եւ, առհասարակ, ազգայինի ժամանակաշրջանն ավարտվում է՝ տեղը զիջելով կայսրություններին ու կայսերական բարքերին: Լա՞վ է սա, թե՞ վատ՝ թողնենք մասնագետների դատողությանը:
Մի բան, սակայն, հաստատ է՝ գործող վարչախումբը մնացել է հին աշխարհում, մոլորվել է ու չի հասկանում՝ ինչ է կատարվում շուրջը: Հայաստանը, ինչպես ասում են, պատերազմից «5 րոպե պակաս» վիճակում է: Իշխանության գործողություններն անհամարժեք են առկա իրադրությանը: Փաշինյանը խուսանավում է Ռուսաստանի եւ Եվրամիության արանքում, օրվա թելադրանքին համահունչ ոչինչ չի ձեռնարկում, իսկ հեծանվավազքից, մյուս անպտուղ նախասիրություններից ազատ ժամերին Ալիեւի չավարտվող պահանջների ու նախապայմանների բավարարման գործերով է զբաղվում:
Կողքից մեզ բարեկամաբար հիշեցնում են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել ե՛ւ ԵԱՏՄ-ին ե՛ւ ԵՄ-ին, որի հետ ապարդյուն, անհեռանկար խաղեր է տալիս: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մասնագիտորեն գնահատում է ՀՀ տնտեսության համար ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խզման հետեւանքները, որոնք աղետալի են։ Անգամ ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետներն են բերում հիմնավորումներ, որ «Թրամփի վարչակազմի համար առաջնահերթ են Բաքվի հետ սերտ կապերը՝ որպես տեղական հակակշիռ Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի տարածաշրջանային ազդեցությանը։
Փաշինյանն անբացատրելի անգործության է մատնված: Կորոնավիրուսով վարակված լինելու կեղծ պատրվակով նույնիսկ հրաժարվեց մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած նիստին՝ չնայած այդ միությունը նախագահող երկրի ղեկավարի իր կարգավիճակին: Ի դեպ՝ ԵԱՏՄ-ն, որի կազմի մեջ մտնում են Հայաստանը, ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, հաստատվել է իբրեւ բազմաբեւեռ աշխարհի կարեւոր մաս: «Մեր միավորումը հաստատվել է որպես ձեւավորվող բազմաբեւեռ աշխարհի ինքնուրույն եւ ինքնաբավ կենտրոններից մեկը»,- ԵԱՏ բարձրագույն խորհրդի նիստի բացման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ակնհայտ է, որ նոր աշխարհակարգի հաստատումից հետո, երբ պարզ դառնան «քարշող» առանցքային երկրները, հենց նրանց շահերի շուրջ է առաջիկա տարիներին կառուցվելու համաշխարհային ու տարածաշրջանային ապագան: Այդ նախագծերից դուրս մնացած երկրները սպասարկելու են մյուսների շահերը: Մեր տարածաշրջանային բոլոր երկրները՝ Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, նույնիսկ Ադրբեջանը, այժմվանից սկսել են պայքարել նոր աշխարհի արեւի տակ իրենց տեղի ու դերի համար, եւ մեր ժամանակի ու տարածության մեջ այդ տեղը պայքարողինն է։ Գիտակցել է պետք՝ գոնե այսքանը: