Չորեքշաբթի, Փետրվարի 11, 2026

Խմբագրական

Նիկոլի պարը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Համացանցում դեկտեմբերի 28-ին տարածվել էր մի տեսանյութ, որում պատկերված էր, թե ինչպես է վարչապետի աթոռը զբաղեցնող անձը թմբուկ խփում եւ «տժժում» թիմակիցների հետ: Պարզվում է՝ նախօրեին տեղի էր ունեցել ՔՊ վերնախավի տարեվերջյան ժողովը, իսկ երեկոյան Հայաստանի ոչ խերով-բարով իշխանավորները խնջույքի էին հավաքվել՝ նշելու անցնող տարվա՝ 2025 թվականի այն «ձեռքբերումները», որ միայն իրենց են հայտնի: ՔՊ-ական հպատակներին շուրջը բոլորած՝ Նիկոլ Փաշինյանն ինքնամոռաց պարում էր, եթե չասենք՝ իրեն կտրատում էր «Ուր որ գնաս՝ հետդ կգամ» ռաբիս երգի մեղեդիների ներքո:

Երգի ընտրությունը, թերեւս, պատահական չէ. այն հավատարմության խորհուրդ ունի՝ հպատակի հավատարմություն իր տիրոջը, նրա անձին մինչեւ վերջ նվիրված լինելու պատրաստակամություն, որովհետեւ տերն իրեն «քաղցր աչքով» է նայում, գնահատում իր անբասիր ծառայությունը: Այս տարեավարտին դարձյալ շռայլ վարձատրություն բաժին ընկավ պետական հաստատությունների ու հիմնարկների աշխատողներին, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներին, որոնք 3-ական միլիոն դրամ պարգեւավճար ստացան: Սակայն հանրությունն այդպես էլ չհասկացավ, թե ինչի համար են խորհրդարանի խոսնակի ձեռամբ եւ, իհարկե, Փաշինյանի համաձայնությամբ պարգեւատրվում ազգի, այսպես կոչված, ընտրախավի երեւելիները:

Հիմա հարց՝ այդ երեւելիներին. հարգելի տիկնայք եւ պարոնայք, գոնե մեկ անգամ ինքներդ ձեզ հարցրե՞լ եք, թե ինչի համար ձեզ արժանացրին նման պատվի: Ձեր ղեկավարած երկրում բնակչության 25 %-ը խարխափում է աղքատության ճիրաններում, այսինքն՝ ամեն 4 հոգուց 1-ն ունի հացի խնդիր: Իսկ Գյումրիում 2.500 ընտանիք 37 տարի շարունակում է ապրել շարժական տնակներում: Ձեր ապիկար քաղաքականության, անձեռնհասության պատճառով 2020թ. սեպտեմբերին՝ 44-օրյա պատերազմում, խայտառակ պարտության մատնվեցինք՝ տալով 5 հազար զոհ եւ 10 հազարից ավելի հաշմվածներ: Հետագայում էլ կորցրինք Արցախը, ու 150 հազար արցախահայեր դարձան փախստականներ:

Այսօրինակ փաստերի շարքը կարելի է շատ երկար թվարկել, բայց առայժմ բավարարվենք այսքանով: Պարզապես արձանագրենք, որ փաշինյանական իշխանության մեջ պակասում է հիմնային մի հատկանիշ՝ բարոյականությունը, որից էլ ածանցվում են բացասական այլ գծեր՝ զազրախոսություն, խառնակչություն, հայրենադավություն, ծառայամտություն, փողի պաշտամունք եւ այլն: Մեկ մատնաչափ բարոյականություն ունենային՝ 3-ական միլիոն դրամը հենց այնպես չէին բաժանի յուրայիններին՝ սկզբնապես թոշակառուների համար նախատեսված 13-րդ թոշակի առաջարկը մերժելով: Եվ ամսական շուրջ միլիոնի չափ աշխատավարձ ստացող պատգամավորներն էլ կզիջեին այդ գումարը ՀՀ ամենախոցելի խավերից մեկին՝ կենսաթոշակառուներին:

Հասկացանք՝ բարոյականություն չունեք, բա խիղճ էլ չունե՞ք… այդ 300 միլիոն գումարով, որ հատկացվել էր պատգամավորներին պարգեւավճարներ բաժանելու համար, կարելի՞ չէր, օրինակ, գոնե արցախցի կամ գյումրեցի 15-20 կարիքավոր ընտանիքների ապահովել բնակարանով: Ձեր ձեռքով Արցախը՝ հազարամյակների պատմություն ունեցող հայոց այդ դրախտային բնօրրանը, պատմամշակութային անանց արժեքներով մեկտեղ, հանձնեցիք թշնամուն: Արցախահայերն էթնիկ զտումների, ֆիզիկական բնաջնջման վտանգի տակ ճարահատյալ թողեցին պապենական հողերը, իրենց լիքը տներն ու այգիները, ամբողջ ունեցվածքը, սերնդեսերունդ ամբարված նյութական ու հոգեւոր ժառանգությունը եւ խոցված սրտով հեռացան:

Ու դուք դեռ պարո՞ւմ եք: Դեռ վերարտադրվելու հույսե՞ր եք փայփայում: Զուր հույսեր են: Ձեր անփառունակ կառավարման ժամկետն ավարտվել է, եւ ժողովուրդը մինչեւ կոկորդը կուշտ է ձեր ստերից ու ձեռնածություններից: Կգան ազգային, հայրենասեր ուժեր ու բանիմաց, արհեստավարժ կադրեր, եւ Հայաստանը, ճիշտ է, դժվարությամբ, բայց քայլ առ քայլ կկարողանա վերագտնել իր տեղը տարածաշրջանում ու աշխարհում: Այնպես որ, լավ կանեք՝ կապել ձեր ճամպրուկները եւ հա՛յդե…

 

«Հայացք Երեւանից»

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: