Միխայել Էնդե, «Մոմո», հեքիաթ-վեպ, Երևան, «Զանգակ» հրատարակչություն, 2026թ., 306 էջ:
Գերմանացի գրող Միխայել Էնդեի՝ 1973 թվականին հրատարակված «Մոմոն» հասցրել է սիրվել միլիոնավոր մարդկանց կողմից, ստանալ Գերմանիայի երիտասարդական գրականության մրցանակ, հայտնվել մեծ էկրաններին 2 անգամ՝ 1986 և 2025 թվականներին, և նույնիսկ դառնալ իտալական անիմացիոն ֆիլմ։ Հայ ընթերցողն այժմ կարող է վայելել հայկական շքեղ հրատարակությունը՝ հեղինակի պատկերազարդումներով։
Վեպի հերոսուհի Մոմոն հասարակ երեխա չէ․ նա ապրում է մի մեծ քաղաքի եզրին՝ լքված ամֆիթատրոնի ավերակներում։ Նա չգիտի՝ որտեղ ու երբ է ծնվել կամ ովքեր են իր ծնողները։ Ինքն իրեն անվանել է Մոմո և որոշել է բնակություն հաստատել հենց այդ ամֆիթատրոնում։
Երբ մի օր քաղաքի մի քանի բնակիչներ հայտնաբերում են Մոմոյի թաքստոցը և կարողանում ընկերանալ նրա հետ, պարզ է դառնում, որ, իրապես, Մոմոյի ոչ մի հատկանիշ սովորական չէ։ Նա կարողանում է կարդալ մարդկանց, նրանց հույզերն ու վախերը, ընդհարված մտերիմները նրա միջոցով հաշտվում են, իսկ քաղաքում բոլոր խնդիրների միանշանակ լուծման հոմանիշ է դառնում «Գնա Մոմոյի մոտ» արտահայտությունը։ Ինչպե՞ս, կհարցնեք դուք, այդ ի՞նչի մոգական ուժով է Մոմոն կարողանում բուժել քաղաքի բնակիչների վերքերը։ Ամեն ինչ շատ պարզ է․ նա ընդունակ է լսել։ Գերազանց ունկնդիր լինելով՝ մի հայացքով կամ բառով կարողանում է ներթափանցել իրեն շրջապատող մարդկանց հոգիները և օգնել նրանց։
Որոշ ժամանակ անց Մոմոն այլ երեխաների հետ մեկտեղ նկատում է, որ իր ընկերներից շատերն այլևս չեն այցելում իրեն, իսկ քաղաքը դարձել է ավելի մռայլ, մարդիկ անընդհատ շտապում են և, միևնույն է, ոչինչ չեն հասցնում։ Ամեն ինչ պարզ է․ քաղաք են ներխուժել «ժամագողերը», որոնք մոլորեցնում են հասարակ քաղաքացիներին և հափշտակում նրանց ժամանակը՝ ստիպելով մոռանալ իրենց հանդիպելու մասին։ Մարդիկ սկսում են ապրելու փոխարեն գոյատևել միայն այն հույսով, որ մի օր կկարողանան իրենց կուտակած ժամանակով նոր կյանք սկսել և երջանիկ լինել, բայց ո՛չ այսօր, միգուցե և ո՛չ վաղը, ո՛չ էլ մյուս շաբաթ․ հիմա դրա համար ժամանակ չկա։ Այժմ ամենը կախված է միայն Մոմոյից և իր ընկերներից․ կկարողանա՞ն նրանք փրկել իրենց քաղաքը դաժան ժամագողերից և բնակիչներին վերադարձնել իրենց երջանկությունն ու վառ գույները։
Չնայած այս հեքիաթ-վեպը գրականություն է դեռահասների համար՝ այն լուսաբանում է նաև այնպիսի թեմաներ, որոնք մեծահասակներին էլ մտածելու տեղիք են տալիս։ Հասարակության մեջ լայն տարածում ունի «ներշնչված սպառողականությունը», ինչպես նաև «հետաձգված կյանքի համախտանիշը»՝ մեզ հաճույք պատճառող և ուրախացնող իրադարձությունները վաղվան թողնելու մեծագույն խնդիրը, կամ, օրինակ, անվերջանալի սթրեսը և ամեն պահը վայելելու բազմաթիվ արգելքները, որոնք երբեմն ինքներս ենք ստեղծում՝ բարդ կյանքն է՛լ ավելի բարդացնելու համար։

